«Էնջի մայրիկի» ֆանտաստիկ հաղթանակը
Ինչպես հայտնի է սեպտեմբերի 22-ին Գերմանիայում տեղի ունեցած խորհրդարանակն ընտրություններում հաղթեց կանցլեր Անգելա Մերկելի պահպանողական կուսակցությունը: Դիմելով իր կողմնակիցներին Մերկելն ասաց. «Այսօր մենք իսկապես նշելու առիթ ունենք, քանի որ ֆանտաստիկ հաղթանակ ենք արել: Հրաշալի արդյունք»՛:
Նրա գլխավորած Քրիստոնեա-Դեմոկրատական միության օգտին քվեարկել է ընտրողների 42%: Սա կուսակցության ամենահամոզիչ ցուցանիշն է 1990 թ. ընտրությունների ժամանակ, և չնայած այն Մերկելին չի ապահովում բացարձակ մեծամասնություն խորհրդարանում, պարզ է, որ նա կղեկավարի երկիրն երրորդ ժամկետով:
Մամուլը նրան համարում է Գերմանիայի անվիճելի ազգային առաջնորդ, իսկ ընտրողները մտերմաբար «Էնջի» կամ «Մայրիկ» են անվանում: Ո՞րն է նրա հաղթանակի գաղտնիքը:
Ութ տարվա ընթացքում Մերկելը կարողացել է Գերմանիային հեռու պահել համաշխարհային ֆինանսական ճգնաժամից և Եվրոզոնայի հնարավոր փլուզումից: Հաղթանակը ներկայիս ընտրություններում Անգելա Մերկելին դարձրեց միակ համաշխարհային առաջնորդը, ով բարեհաջող հաղթահարել է բոլոր դժվարին ժամանակները: Գերմանիայի հետպատերազմական պատմության ընթացքում միայն Հելմուտ Կոլին և Քոնրադ Ադենաուերին է հաջողվել նույն պաշտոնը զբաղեցնել 3 անգամ անընդմեջ:
Ընտրությունների արդյունքները փաստում են Անգելա Մերկելի ցնցող հաջողությունների մասին: Սոցիոլոգիական հարցումները կանխատեսում էին նրա հաղթանակը ընտրություններում, և սա անակնկալ չի եղել, սակայն ոչ ոք չէր ենթադրում, որ Մերկելը այսքան մոտ կլինի խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ստանալուն:
«Էնջի» – ահա այս անունն էին օգտագործում նրա կողմնակիցները նախընտրական քարոզարշավի ժամանակ, որպեսզի ընդգծեն, թե ինչքան մոտ է կանգնած Մերկելը նրանցից յուրաքանչյուրին: Նա երբեք չէր ուշանում նույնիսկ իր ընտրողների հետ ամենահամեստ հանդիպումներից՝ միաժամանակ պահպանելով իր՝ համաշխարհային առաջնորդի իմիջը, ով միշտ կարողանում է զրուցել մարդկանց հետ շատ հանգիստ և անկեղծ:
«Վերջին 4 տարիների ընթացքում իրավիճակը անբարենպաստ է եղել: Սակայն մեզ՝ գերմանացիներիս համար այն վատ չի եղել: Եվ ես վստահ եմ, որ 4 տարի անց՝ 2017-ին շատ մարդիկ ավելի լավ կապրեն, քան հիմա: Հենց այդ ուղղությամբ եմ աշխատում ես, և խնդրում եմ ձեզ քվեարկել Քրիստոնեա-Դեմոկրատական կուսակցության օգտին, որպեսզի ես շարունակեմ մնալ ձեր կանցլերը», – ասել է Մերկելը նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ:
Անգելա Մերկելն ավարտում է պաշտոնավարման իր երկրորդ ժամկետը այնպիսի վարկանիշով, որին կնախանձեր քաղաքական գործիչների մեծամասնությունը. գերմանացիների 60 % գոհ էր նրա գործունեությունից:
«Դե ինչ, կարծում եմ՝ նա շատ լավ է աշխատել: Որոշ բաներ նրա մոտ այնքան էլ լավ չէին ստացվում, բայց հիմնականում նա շատ լավ է աշխատել՝ լուծելով շատ տարբեր խնդիրներ և կոնֆլիկտներ Եվրոպայում»,- կարծիք էին հայտնում ընտրողները:
Մինչդեռ, երբ Անգելա Մերկելը առաջին անգամ երդվում էր որպես Գերմանիայի կանցլեր, նա ստիպված եղավ կառավարել նաև սոցիալ-դեմոկրատների կոալիցիան, ովքեր հավաքել էին ձայների նույն քանակությունը: Նա նաև ստիպված եղավ հրաժարվել իր տված խոստումից հարկերը իջեցնելու հետ կապված, քանի որ 2008 վրա հասած ճգնաժամը ստիպեց կանցլերին գործել անկանխատեսելի իրավիճակներում:
Սակայն նրան հաջողվեց հաղթահարել բոլոր դժվարությունները: Երբ Մերկելը եկավ իշխանություն 2005 թ., գործազրկության մակարդակը 11%-ից ավելի էր: Մերկելը կարողացավ օգտվել իրեն նախորդող Հերհարդ Շրեդերի անցկացրած բարեփոխումներից: 2009թ. ընտրությունների ժամանակ գործազրկության մակարդակը հասավ 8 %-ի, և չնայած եվրոզոնայում տիրող ճգնաժամին, ինչպես նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամին՝ շարունակեց իջնել մինչև 6,8 %:
Եվ գերմանացիները սա համարում են կանցլերի ամենամեծ արժանիքներից մեկը, հատկապես երբ համեմատվում են մյուս եվրոպական երկրների հետ:
«Եվրոպայում նրան շատ հաճախ համեմատում են Մարգարեթ Թեթչերի հետ: Նրան ներկայացնում են որպես խիստ, հաշվենկատ և պողպատի պես ամուր անձնավորություն: Սակայն գերամնացիները նրան լրիվ այլ կերպ են ընկալում», – ասում է Յոզեֆ Յաննինգը՝ Միջազգային հարաբերությունների գծով Գերմանական խորհրդի վերլուծաբանը:
Վերլուծաբանների կարծիքով ներկայումս ամենակարևոր հարցը իշխող կոալիցիայի ձևավորումն է, որովհետև Գերմանիայի ազատ դեմոկրատական կուսակցությունը, որը հանդիսանում է Քրիստոնեա-Դեմոկրատական կուսակցության դաշնակից, չկարողացավ հաղթահարել բունդսթագ մտնելու անհրաժեշտ 5 % -անոց շեմը:
Հնարավոր է, Քրիստոնեա-Դեմոկրատական կուսակցությունը ստիպված լինի դիտարկել իր մրցակից՝ 26 % ձայներ հավաքած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ այսպես կոչված «մեծ կոալիցիա» ստեղծելու հնարավորությունը:
Դիտումների քանակը` 4113