«Զերծ մնալ չհիմնավորված մեկնաբանություններից ու հայտարարություններից» – մանրամասներ ՀՀ Վարչապետին կից Կանանց խորհրդի նիստից
Ինչպես արդեն հայտնել էինք օրերս ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհուրդն իր վերաբերմունքն է արտահայտել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի և «գենդեր» տերմինի շուրջ ձևավորված իրավիճակի նկատմամբ և ընդունել համապատասխան հայտարարություն, որի ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ այստեղ: Ներկայացնում ենք նաև որոշ մանարամասներ նիստին տեղի ունեցած քննարկումից:
Հարցի քննարկման ընթացքում ելույթով հանդես եկավ Խորհրդի անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` նշելով, որ բարձրացրած աղմուկը որևէ կապ չունի օրենքի բովանդակության, ոգու և տառի հետ: Ըստ նրա` օրենքի բովանդակությունը, գաղափարախոսությունը առավել քան արդիական է և տարընթերցումների առիթ չի տալիս: Հ.Նաղդալյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ օրենքի հիմքում դրված խնդիրները չմնան թղթի վրա, այլ օրենքի կիրարկման և իրագործման ուղղությամբ էական քայլեր արվեն:
«Համալսարանական կրթությամբ կանանց» ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի կարծիքով` օրենքում փոփոխություններ անելու անհրաժեշտություն չկա: «ՄԱԿ զարգացման ծրագիրը մեզ տրամադրեց և պատրաստ ենք նաև ձեզ ներկայացնելու «գենդեր» եզրույթի այն բոլոր սահմանումները, որոնք պաշտոնապես օգտագործվում են ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից և գենդերային հավասարությանը վերաբերող բոլոր փաստաթղթերում: Ընդ որում այդ սահմանումները ամբողջությամբ համապատասխանում են Հայաստանում ընդունված օրենքում ներառված “գենդեր” եզրույթի բացատրությանը»,- նշեց բանախոսը, հավելելով, որ բարձրացված աղմուկը անհիմն էր, օրենքի ընդդիմախոսները հենվում էին ոչ թե իրավական փաստարկների վրա, այլ փորձում էին մանիպուլյացիայի ենթարկել , շեղել հասարակական կարծիքը: Նրա խոսքով` օրենքը հենվում է միայն ՄԱԿ-ի կողմից պաշտոնապես ընդունված փաստթղթերի վրա, որոնք մինչ օրս վավերացրել է Հայաստանը` պատասխանատվություն ստանձնելով դրանց կատարման համար:
Հիշեցնենք, որ Կանանց հարցերով խորհրդի կողմից ընդունված համապատասխան հայտարարության մեջ այս կապակցությամբ ասված է. «1993 թվականին վավերացնելով Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որն իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ է, Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց որոշակի պարտավորություններ, այդ թվում նպատակ ունենալով վերացնելու կանանց հանդեպ խտրականությունն իր բոլոր դրսևորումներով: Օրենքի ընդունումը և դրա հետագա իրականացումը լուրջ առաջընթաց կհանդիսանա Հայաստանում կանանց և տղամարդկանց փաստացի հավասարությունն ապահովելու գործում»:
Կոչ անելով քաղաքական և հասարակական գործիչներին զերծ մնալ չհիմնավորված մեկնաբանություններից ու հայտարարություններից, որոնք որևէ առնչություն չունեն հավասարության ու մարդու իրավունքների ապահովման հետ, կանանց խորհուրդը նպատակահարմար համարեց հետագայում ավելի մեծ ուշադրության արժանացնել կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերի ինչպես նաև պատշաճ մակարդակով կազմակերպել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի լուսաբանումը:
Նիստի ընթացքում անդրադարձ եղավ նաև նոյեմբերի 25-ից մեկնարկող Ընդդեմ գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակին: Այս հարցի առնչությամբ ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հերթական նիստում հանդես եկավ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Ըստ նրա`16 օրյակն ուղղված է մեկ անգամ ևս ամբողջ աշխարհի կանանց և աղջիկների նկատմամբ բռնության նվազեցմանը, կանանց իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրաձմանը և նրանց ձայնը լսելի դարձնելուն:
«Ածխարհում 16-օրյակն իրականացվում է 1991-ից, Հայաստանը միացել է այդ քարոզարշավին 2001թ-ին: Այն իրականացվում է 156 երկրներում: 16-օրյակի շրջանակներում նախատեսվում են միջոցառումներ, կխաղարկվի նաև ներկայացում նվիրված տղա երեխաների նախապատվությանը», – ասել է Գ.Հայրապետյանը: Նա տեղեկացրել է նաև, որ ստացվել են սեռով պայմանավորված աբորտների երկրորդ հետազոտության արդյունքները, որոնք ավելի մտահոգիչ են, քանի որ ըստ կանխատեսումների լուրջ ազդեցություն են ունենալու ժողովրդագրական զարգացումների վրա:
Ա.Հակոբյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Միջազգային կազմակերպությունները միանում են ՀՀ վարչապետին կից Կանանց խորհրդի հայտարարությանը
Հին մանգաղը նոր «ժողովրդի հայրերի» ձեռքում
ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հայտարարությունը
«Գենդեր» եզրույթը «սեռ» բառով փոխարինելու առաջարկը մերժվեց
Աշխատանքային հանդիպում Ազգային ժողովում. «Գենդեր»-ի դեմ պայքարը իրավական հիմքեր չունի
«Գենդեր» եզրույթի հետ կապված փոփոխությունները հետաձգվեցին. մանրամասներ քննարկումից
Բազմաչարչար օրինագիծը` կրկին կառավարությունում
Ջեմմա Հասրաթյան. « Օրենքի սխալ ու աղավաղված ներկայացումը հանրությանը անընդունելի է »
Oրենքն անհրաժեշտ է ճիշտ մեկնաբանել և լուսաբանել…/ հարցում
Լարա Ահարոնյան. «Պետք էր ոչ թե հանել «գենդեր» տերմինը, այլ բացատրել դրա նշանակությունը…»
Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովի հայտարարությունը
Փորձենք հասկանալ ինչի մասին է օրենքը / «Բանաձեւ» հաղորդում
ՀՀ վարչապետ. «Օրենքի նպատակը հասարակական կյանքում կանանց դերի մեծացումն ու խթանումն է»
Դիտումների քանակը` 3312