«Երևույթը կարող է ակնհայտորեն բնորոշվել որպես սեռական ոտնձգություն՝ հետագա իրավական հետևանքներով», օմբուդսմենի խորհրդական

 

 Վերջին օրերին բուռն քննարկման թեմա է դարձել օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպը: Ոստիկանների և ակտիվիստների միջև ծագած բախումների ժամանակ ոստիկաններից մեկը համբուրել է ակտիվիստ Շողիկ Մելքոնյանի պարանոցը: Ոստիկանի կողմից կնոջ նկատմամբ սեռական ոտնձգության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Օմբուդսմենի կանանց իրավունքներով խորհրդական Աննա Սաֆարյանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

 

 

«Կոմիտաս փողոցում տեղի ունեցած միջադեպի ընթացքում լրագրողների տեսախցիկը ֆիքսել էր, որ ոստիկանական օպերացիայի և մարդկային խառնաշփոթի հենց կիզակետում մի ոստիկան թիկունքից փաթաթվել էր քաղաքացիական պայքարի մասնակցող կնոջը և համբուրում էր նրա պարանոցը: Նման երևույթը կարող է ակնհայտորեն բնորոշվել որպես սեռական ոտնձգություն՝ հետագա իրավական հետևանքներով: Պահանջում ենք նման վրդովեցուցիչ միջադեպի պատշաճ քննություն և անկալում ենք խիստ պատասխանատվություն անբարո և հանցավոր արարքի համար: Կանանց նկատմամբ ցանկացած սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է, իսկ այլասերված որևէ ոստիկանի պաշտոնավարումը՝ անթույլատրելի:

 

Սեռական ոտնձգության մասին բարձրաձայնելը չափազանց բարդ է: Դրանից տուժած և սեփական արժանապատվության ու իրավունքների համար պայքարող կինը կարող է հանդիպել ոստիկանների և իրավապահ համակարգի այլ ներկայացուցիչների անտարբերությանը, քամահրանքին, ծաղրանքին, նույնիսկ` մեղադրանքին:

 

Այսօր Հայաստանում հատկապես խնդրահարույց է աշխատանքի վայրում կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունները: Հաճախ կարելի է հանդիպել աշխատանքի հրավեր- հայտարարություններ, որտեղ ներկայացված են մասնագիտական ունակությունների հետ կապ չունեցող պահանջներ, մասնավորապես, որպես նախապայման սահմանված է կնոջ որոշակի տարիք կամ արտաքին տվյալներ: Երբեմն աշխատանքի ընդունվելու հարցազրույցների ընթացքում գործատուների կողմից որպես պայման դրվում են սեռական կամ այլ ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը:

 

Աշխատանքի վայրում, փողոցում կամ որևէ այլ միջավայրում սեռական բռնության ենթարկված կանանց Պաշտպանի աշխատակազմը հրատապ կարգով կտրամադրի հատուկ աջակցություն՝ նրանց ուղեկցելով իրավական ողջ գործընթացում: Նման ծանր վիճակում հայտնված կանայք կարող են մեզ հետ կապվել՝ զանգահարելով Պաշտպանի 116 թեժ գծին կամ գրելով իմ էլեկտրոնային հասցեին a_safaryan@ombuds.am

 

 

Աննա Սաֆարյան
Պաշտպանի Խորհրդական»

 

 

Կարդացեք այս թեմայի շուրջ  մեր կայքում.

«Իրականում ոստիկանությունը պետք է պաշտպանի թե կանանց, թե տղամարդկանց»… / լրացված

 

Դիտումների քանակը` 5022

Գլխավոր էջ