«Երջանկություն է, երբ մարդը իր սիրած գործով է զբաղվում»…
Ակնաշենի մռայլ եղանակն ու համատարած մոխրագույնը մեկ ակնթարթում փոխվեց, երբ մտանք տիկին Հայկանուշի ընդարձակ ջերմոցը: Չորս կողմը կանաչ էր, ու արդեն կարմրին էին տալիս մեծ ու առողջ լոլիկները…
Ինչպե՞ս խնամել ջերմոցը, ճիշտ պարարտացնել այն, ո՞ր սերմն է վաղահաս բերք տալիս կամ էլ ո՞րն է ամենաբերքառատը …. Ակնաշեն գյուղի ֆերմեր Հայկանուշ Ենոքյանի բջջայինը երբեք չի լռում: Ծանոթ ու անծանոթ մարդկանց միշտ պատրաստ է լսել ու իր խորհուրդներով օգնել տիկին Հայկուշը: Եվ ինչպես ինքն է ասում, հակառակ դեպքում` գիշերը քունս չի տանի:
Իսկ սեփական ֆերման ունի ստեղծման իր պատմությունը.
– Սովետի փլուզումից հետո, ինչպես բոլորը, այնպես և ես, սկսեցի մտածել, թե ինչպես կարող եմ պահել իմ ընտանիքը: Այդ տարներին հավաքեցի իմ բոլոր գումարները և համակարգիչ գնեցի ու քանի որ ինձ շատ էին հետաքրքրում սերմերը, շուտով գտա ամենամեծ կազմակերպությունը, որը սերմ է արտադրում.- պատմում է տիկին Հայկանուշը, ով դառնում արտասահմանյան սերմեր ներկրող առաջին անհատներից մեկը: Աստիճանաբար բիզնեսը ընդլայնվում է: Այսօր Հայկուշ Ենոքյանը ունի նաև իր սերմերի խանութը և հանդիսանում է Հոլանդիայից “Սեմինիս” սերմեր ներկրող միակ պաշտոնական ներկայացուցիչը:
Հաջողության իր բանաձը վստահությունն է, որը ձեռք է բերվել ամեն օր:
– Տղաս ասում է` դու ոչ մի անգամ չես խաբում: Եթե ես գիտեմ, որ այս նոր սերմի տեսակը ավելի լավն է, ես չեմ կարող չասել այդ մասին սերմ գնողին: Ճիշտ է, ինքը կգա, կգնի իր ուզածը ու կգնա, բայց նա անպայման պետք է իմանա, որ կա ավելի լավը: Արդյունքում` լավերը տանում են,- ժպիտով ասում է տիկին Հայկուշը, բայց և հավելում,- միևնույնն է, էլի ես օգտվում եմ, ճիշտ է չիրացված սերմերը կորուստ են ինձ համար, բայց մարդիկ այդ նոր սերմերի շնորհիվ ավելի լավ բերք են ստանում, ավելի շատ են վստահում մեզ, գործս էլ շարունակում է:
Սերմերից հետո, հերթը սեփական ֆերմայինն էր, որտեղ և տիկին Հայկանուշը անձամբ սկսեց փորձարկել սերմերի լավ ու վատ լինելը, չափել աճն ու բերքատվությունը:
Ակնաշենի մռայլ եղանակն ու համատարած մոխրագույնը մեկ ակնթարթում փոխվեց, երբ մտանք տիկին Հայկանուշի ընդարձակ ջերմոցը: Չորս կողմը կանաչ էր, ու արդեն կարմրին էին տալիս մեծ ու առողջ լոլիկները:
-Առաջ, երբ այլ ջերմոցներին էինք տալիս սերմերը, ամբողջ ամիս սպասում էի, որ տեսնեի, թե ինչ արդյունքներ են ստացվել: Գնում էի, պարզելու, թե որն է ավելի լավ բերք տվել, պարզվում էր, մի անգամ խառնել են սերմերն իրար, մի ուրիշ անգամ` մեկ այլ պատճառով չկարողացան ցտույգ պատասխան տալ…
Տիկին Հայկուշը իր աշխատանքին մոտենում է բծախնդրորեն: Նրան հետաքրքրում է ամեն ինչ: Ջերմոցում կիրառվում են ժամանակակից բոլոր միջոցները. անցկացված է կաթիլային ոռոգում, փոշոտումն իրականացնում են մեղուները :
-Առաջ, երբ հորեղբորս կինը ասում էր, որ հող մշակելիս մեծագույն հաճույք է ստանում, չէի հասկանում նրան, բայց հիմա… իմ մեջ էլ այդ զգացումն առաջացավ, անընդհատ ջերմոցում քայլում եմ, հետևում աշխատանքներին, ամեն բույսի աճին ու չեմ էլ նկատում, ոնց է անցնում ժամանակը: Երջանկություն է մարդու համար, երբ նա իր սիրած գործով է զբաղվում:
Անմշակ հողակտորների փոխարեն, մեծ ջանքերի շնորհիվ, այսօր մի մեծ տնտեսություն է ստեղծել տիկին Հայկուշը: Անցկացվել է ոռոգման, ջեռուցման համակարգ, կառուցվել է ջերմոցը: Սկսելով 3000մ2 հողակտորից, այսօր այն գրեթե եռապատկվել է:
– Գործի մեջ մարդը պետք է մի փոքր հաջողակ էլ լինի: Ճիշտ է անհատական որակները նույնպես շատ կարևոր են: Պետք է կոլեկտիվում քեզ ճիշտ դրսևորես, ամեն բան չէ որ նյութականի վրա է հիմնվում: Եթե աշխատողն իր գործը սիրով չարեց, սիրով չմոտեցավ բույսին, երբեք լավ բերք պետք չէ սպասել: Իրենց աշխատանքին մեծ պատասխանատվությամբ են մոտենում, ես էլ նրանց սովորեցնում եմ այն ամենը, ինչ գիտեմ. որ տերևը պոկել, երբ պետք է ձեռք չտալ բույսին…, իմ բոլոր աշխատողները պատրաստի գյուղատնտեսներ են:
Տիկին Հայկանուշին իր գործում օգնում է նաև կրթությունը. ավարտել է ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետը.
– Երբ կարդում եմ պարարտանյութերի, թունաքիմիկատներ մասին հուշումները, հասկանում եմ ողջ պրոցեսը, հաճախ նաև, չունենալով համապատասխան նյութը, ալտերնատիվ որևէ բան եմ ավելացնում:
Ակսօր էլ տիկին Հայկանուշը շարունակում է աշխատել իր ջերմոցում, փորձարկել, գտնել ամենալավ սերմի տեսակը ու չդավաճանելով իր պրպտող բնավորությանը` նոր հետաքրքրություններ է իր համար գտնում.
-Հիմա սկսել եմ մեղուների մասին գիրք կարդալ: Շատ հետաքրքիր է. ուզում եմ ամեն բան իմանալ նրանց մասին:
Ով գիտե, միգուցե այս փոքրիկ հոբբին էլ, վաղը մի նոր բիզնեսի սկիզբ դառնա տիկին Հայկանուշի համար…
Լիլիթ Քոչինյան
Երեւան-Ակնաշեն
Տես նաեւ այլ նյութեր այս թեմայի շուրջ մեր կայքում.
«Քարից հաց քամող» կին հերոսները
«Մայրս միշտ ասում էր` դու ծնվել ես գյուղի համար»…
Դիտումների քանակը` 9260