«Երբ մեծանամ ու ընտանիք կազմեմ, երբեք ձեռք չեմ բարձրացնի երեխաներիս վրա»
Երեխաների հանդեպ բռնության համաշխարհային օրվա կապակցությամբ նոյեմբերի 19-ին «Երեխաների պաշտպանության ցանց» -ը, որում ընդգրկված են 40 ՀԿ-ներ Երևանի պետական համալսարանի բակում կազմակերպել էր «Առանց բռնության միջավայր երեխաների համար» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Ցանցի անդամ կազմակերպությունների՝ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի, Աբովյան քաղաքի Երեխաների աջակցության կենտրոնի, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի շահառու երեխաների կողմից նկարված աշխատանքները: Ցուցահանդեսի նպատակն էր այդ նկարների միջոցով «ոչ» ասել երեխաների հանդեպ բռնությանը և «այո.՝ նրանց բարեկեցությանը:
Նկարներում երեխաները պատկերել էին իրենց հասակակիցների, ինչպես նաև կենդանիների հանդեպ դրսևորած բռնության դեպքերն իրենց իսկ պատկերացմամբ: Աշխատանքների մեծ մասում երեխաները հակադրվել էին բռնությանը, պատկերելով խաղաղ ընտանիք, պարզ երկնքում թևածող աղավնիներ, համերաշխ ություն, ընկերություն և այլն:
Երևանի 147 դպրոցում 5-րդ դասարանի աշակերտ Սպարտակ Միքայելյանն իր նկարում պատկերել է ուրախ ընտանիք, որտեղ հայրիկն ու մայրիկն են, իսկ բակում խաղում են անհոգ երեխաները: Նրա համոզմամբ ընտանիքը հենց այդպիսին էլ պետք է լինի, որտեղ դաստիարակության «լեզուն» ոչ թե ծեծն ու բռնությունն են, այլ սերն ու համերաշխությունը, որտեղ ծնողները չեն բռնանում իրենց զավակների վրա, հանգիստ ու մեղմ բացատրում են նրանց սխալները և օգնում վերացնել դրանք: «Ես դեմ եմ ցանկացած բռնության, լինի դա երեխայի թե կենդանու նկատմամբ»,- ասում է Սպարտակը:
Ժպտացող երեխաների գլխավերևում թևածող աղավնին պատկերող նկարն իր տրամադրությամբ լիովին համապատասխանում է այն նկարող Միքայել Միքայելյանի խաղաղասեր բնավորությանը: Պատահել է, որ տան ճանապարհին ականատես է եղել հասակակիցների կողմից մեկ այլ երեխայի ծեծին, չի համբերել, միջամտել է, ու թեև ինքն էլ մի լավ ծեծվել է, սակայն գոհ է, որ պաշտպան է կանգնել թույլին: «Առհասարակ, թույլին պաշտպանելը յուրաքանչյուր բանական մարդու պարտքն է: Ինչ վերաբերում է ընտանիքում երեխայի հանդեպ կիրառվող բռնությանը, ես շատ դեմ եմ: Այ, երբ ինքս մեծանամ ու ընտանիք կազմեմ, երբեք ձեռք չեմ բարձրացնի երեխաներիս վրա: Ինչու բռնություն կիրառել, եթե կարելի է հասկացնել սիրով ու մեղմությամբ»,-ասում է Միքայելը:
Ցավոք, մեր իրականության մեջ քիչ չեն այն ընտանիքները, որտեղ ոչ միայն կանանց, այլև երեխաների հանդեպ կիրառվող բռնությունը «ընդունված» մեթոդ է:
«Երեխաների պաշտպանության ցանց. հասարակական կազմակերպությունների միավորման ներկայացուցիչ Ելենա Հարությունյանը WomenNet-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ցանցում ընդգրկված կազմակերպությունների մի մասն ուղիղ ծառայություն է տրամադրում երեխաներին և ընտանիքներին, մյուս մասը զբաղվում է լոբբինգով: «Ցանցը համագործակցում է ոստիկանության, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ ՝ փորձելով իր առաջարկություններով իրավական ակտերում փոփոխություններ մտցնել ու դրանով իսկ նպաստել ընտանիքներում երեխաների բարեկեցության ամրապնդմանը: Մենք աշխատում ենք նաև Երեխաների իրավունքների պաշտպանության նոր ազգային ծրագրի վրա , ներկայցնում մեր դիտարկումները, ուրախալի է, որ դրանցից շատերն ընդունվում են: Հաճախակի կազմակերպվող քննարկումներում ներկացնում ենք բռնության փաստերը , գտնում դրանց լուծման ուղիները: Ցավոք, շատ ընտանիքներում ծնողները երեխաներին վերաբերվում են որպես իրենց սեփականություն և կտրուկ հրաժարվում են մեր միջամտությունից»,-ասում է Ելենան:
«Երեխաների պաշտպանության ցանց.-ը ուսումնասիրություններ է կատարել հատկապես պետական աջակցությունից զուրկ խնամակալ ընտանիքների շրջանում: «Առհասարակ, ցավն այն է, որ շատ հայ ընտանիքներ չունեն ծնողավարական հմտություններ և լավ կլիներ որ շահագրգիռ կազմակերպությունները կրկնապատկեին իրենց ջանքերն այս ուղղությամբ՝ կազմակերպելով տարաբնույթ դասընթացներ»:
Երբ խոսք է գնում բռնության մասին, շատերը պատկերացնում են միայն ծեծ, սակայն ֆիզիկական / այդ թվում նաև սեռական/ բռնությունից զատ կա նաև հոգեբանական բռնություն, երեխաների նվաստացման դեպքեր, որը թեև շատ տարածված երևույթ է, սակայն քիչ բացահայտված:
Երեխայի հանդեպ բռնության դրսևորման ձևերից է նաև ծնողի կողմից երեխայի լքման դեպքերը, ինչը հոգեբանական ավերածություններ է թողնում վերջինիս մոտ: Իհարկե, երեխայի հանդեպ բռնության փաստերի հանդիպում ենք ոչ միայն ընտանիքում, այլև հասարակության մեջ,փողոցում, բակում, ինչու չէ, նաև ուսումնական հաստատություններում: Սակայն միշտ չէ, որ դրանք բացահայտվում են: Ինչումն է խնդիրը:
«Ընտանիք և համայնք»ՀԿ նախագահ Քնարիկ Գառանֆիլյանի համոզմաբ այս խնդրով պետք է զբաղվի հիմնականում սոցիալական աշխատողը:
«ՀՀ-ում գործում է երեխաների պաշտպանության եռաստիճան համակարգ: Համակարգի առաջնային օղակը դա խնամակալության և հոգաբարձուների հանձնաժողովներն են, որոնք հիմնականում համալրված չեն մասդնագետներով: Գործում են կամավորության հիմունքերով, չունեն համապատասխան ռեսուրսներ: Այս առումով հարց է առաջանում թե ինչպես պետք է հայտնաբերվեն բռնության դեպքերը: Երեխան ենթարկվել է բռնության, ո՞վ պետք է հայտնաբերի: Նման երեխաների վարքագիծը կտրուկ տարբերվում է մյուս երեխաների վարքագծից, նա խուսափում է շփվել ընկերների հետ, ինքնամփոփ է, ուրեմն խնդիր կա: Ո՞վ պետք է միջամտի խնդրին: Որպես լուծում մենք կարևորում ենք յուրաքանչյուր համայնքում սոցիալական աշխատողի առկայությունը , որը կհայտնաբերի նմանատիպ երևույթներն ու համապատասխան մարմինների հետ կգտնի անհրաժեշտ լուծում: Ի դեպ, աշխատանք պետք է տարվի ոչ միայն բռնության զոհի, այլև բռնարարի հետ: Այստեղ կարևորում եմ վերականգնողական ծառայությունների դերը»,-ասում է Ք.Գառանֆիլյանը:
Ճիշտ կլիներ, որպեսզի ընտանիքում բացառվեր կողմնակի միջամտությունը, որպեսզի ծնող-երեխա հարաբերությունները լինեին նաև ընկերական-բարեկամական, որտեղ կտիրեր փոխվստահությունն ու փոխըմբռնումը, իսկ ընտանիքից դուրս երեխայի հանդեպ յուրաքանչյուրի վերաբերմունք լիներ բարյացակամ, ջերմությամբ ու հոգատարությամբ լի: Սիրում ենք ասել՝ ուրիշի երեխա չկա, բոլորն էլ մերն են, բայց պետք է ոչ միայն ասել, այլև այդ «ուրիշի երեխայի» հանդեպ ցուցաբերել նույն ջերմությունն ու հոգատարությունը, ինչպես քոնի հանդեպ, որպեսզի «խմենք մեր երեխաների կենացը» ավանդական կենացներն արագորեն չգոլորշիանան խումարից հետո:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 4965