«Ես շատ եմ գնահատում ազատությունը, կինն իր ներսում պետք է լինի ազատ»
«Ոչ ոք չի կարող կնոջը խանգարել պայքարելու երկրի ավելի լավ ապագայի համար, ու ցանկացած մարդու, ով պայքարում է, մենք ողջունում ենք» ,- WomenNet.am-ի հետ զրույցն այսպես սկսեց «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության հիմնադիր Սյուզան Սիմոնյանը, պատմելով, թե ինչպես հայրենիքի համար օրհասական օրերին հետաձգեցին իրենց կողմից նախօրոք հայտարարված ապրիլի 7-ի` «Ընդդեմ ոստիկանական բռնությունների» խորագրով երթը եւ այդ օրվանից զբաղվում են հայոց բանակի զինվորներին և զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցելու խնդրով;
– Մենք կոչ ենք անում նաև հայրենիքում և արտերկրում ապրող մեր հայրենակիցներին օժանդակել այս ծրագրին, իսկ կանանց հորդորում ենք միանալ նախաձեռնության այդ աշխատանքներին: Մեր զինվորներին առաջին հերթին անհրաժեշտ են գուլպաներ, ներքնաշորեր, հիգիենիկ պարագաներ (օճառ, շամպուն, սափրվելու պարագաներ և այլն), ծխախոտ, չոր մթերք, քաղցրավենիք և այլն, ինչպես նաև՝ ոչ ալկոհոլային խմիչք: Ապրիլի 7-ից սկսած ամեն օր ժամը 12:00- 20:00 Ազատության հրապարակում հավաքվում են առաջին անհրաժեշտության իրեր ու սննդամթերք: Իրականացվում է նաև դրամահավաք «Հայկակական վերածունդ» կազմակերպության միջոցով, որի համար բացվել է բանկային հաշվեհամար,- պատմում է Սյուզանը:
«Հայ կանանց ճակատ» նախաձեռնության կոչին արձագանքել են բազմաթիվ քաղաքացիներ, անգամ ԱՄՆ-ից տարեցների խնամող գյումրեցի երկու կին 100 և 150-ական ամերիկյան դոլար են ուղարկել նախաձեռնության հասցեով: «Հայ կանանց ճակատի» շարքերում կան նաև ազատամարտիկ կանայք: Նրանցից է Սուսաննա Մարգարյանը, ով այս պահին թեև սահմանը պահող զինվորների կողքին է, սակայն չի մոռանում իր «թիկունքը» պահող նախաձեռնության անդամներին ու հնարավորության դեպքում համացանցի միջոցով տեղեկացնում իր և մեր հերոս զինվորների մասին: Ազատամարտիկ է նաև Աղավնի Սահակյանը, ով Ազատության հրապարակում մյուս կանանց հետ միասին կազմակերպում է հանգանակություն: Այս կանայք գիտակցում են, որ հայրենիքի պաշտպանությունը միայն տղամարդուն չի վստահված, որ հայուհու քաջ ու անձնազոհ տեսակը մարտի դաշտում էլ հետ չի մնում տղամարդուց:
«Հայ կանանց ճակատի» անդամներն առաջին անգամ չէ որ իրենց վրա են սևեռում հանրության ուշադրությունը: 2013-ի աշնանը Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարության դեմ պայքարող կանանց ու աղջիկների դեմ ոստիկանների կողմից կիրառվող բռնությունները շարժառիթ հանդիսացան «Հայ կանանց ճակատի» ստեղծման համար: Կարևորելով իրենց դերը քաղաքացիական դաշտում եւ համախմբվելով արդարության վերականգնման ու օրենքի գերակայության նպատակի շուրջ կանայք նաեւ կազմակերպեցին նաեւ Շանթ Հարությունյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի ձերբակալման դեմ ուղղված մի շարք ակցիաներ: Սյուզան Սիմոնյանի համոզմամբ կին առաջնորդը սխալվելու իրավունք չունի, քանի որ նրա սխալները շուտ են աչքի ընկնում, ուստի նա ճակատի յուրաքանչյուր քայլ, երթ կամ բողոքի ակցիա կազմակերպելիս հաշվի է առնում հետևանքերի բոլոր տարբերակները: Ու թեև իրենց ակցիաների ընթացքում բազմիցս են ենթարկվել բռնության ու ծեծի, այնուհանդերձ անդրդվելի են իրենց գաղափարներում: Սյուզան Սիմոնյանի կարծիքով հայ կինը շատ է փոխվել, նա իրեն տեսնում է նաև կենցաղից դուրս, քանզի հասունացել է քաղաքականապես:
– Ես շատ եմ գնահատում ազատությունը, կինն իր ներսում պետք է լինի ազատ: Այդպիսին եմ ուզում տեսնել հայ կնոջը, այլ ոչ թե հանդուժի բռնությունը, ծեծն ու խարազանը, համակերպվի ամուսնու բիրտ ու կոպիտ վերաբերմունքի հետ: Կան կանայք, ովքեր համակերպվում են ամուսնու դավաճանության հետ, «հանուն երեխաների» պատրվակով և իրենց թվացյալ բարեկեցությունը չկորցնելու համար հանդուրժում են ամեն տեսակ ստորացում: Ես դա չեմ հասկանում: Սակայն միաժամանակ ունենք հիացմունքի արժանի կանայք, ովքեր կանացի արժանապատվությունը գերադասում են ստրկական կյանքից: Այդպիսիք նաև հայրենասեր են, վկան, այս օրերին սոցցանցերում նրանց շուրթերից հնչող հայրենասիրության և տոկունության կոչերը, այդպիսիք հիանալի օրինակ են իրենց զավակների համար,- զրույցն եզրափակելով ասաց Սյուզան Սիմոնյանը:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 2769