«Ես Մարոն էի: 20 տարեկան: Ասում են, թե ինքնասպան եմ եղել…»
«Ընտանեկան բռնությունը` որպես ամուր ընտանիք հիմք»… Սա նախօրեին Շարլ Ազնավուրի հրապարակում «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի կազմակերպված ակցիայի ոչ թե կարգախոսն էր, այլ տխուր սարկազմով լի կարծիք, որի վերաբերյալ իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունը պետք է հայտնեին անցորդները:
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի նախաձեռնած ակցիային մասնակցած պատահական անցորդների մեծ մասը գնահատեց հարցադրման սարկազմը: Մարդկանց մեծ մասը նաև համաձայն չէր այն տեսակետին, որ ընտանեկան բռնությունն պետք է մնա տան չորս պատերի ներսում ու ոչ ոք դրա մասին չպետք է իմանա:
«Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկի մտքով նման բան անցնել: Եթե որևէ ընտանիքում կա բռնություն, ապա խարխլվում են հիմքերը, ամրության մասին խոսելն արդեն անհիմն է: Ընտանիքում պետք է իշխեն սերը, հարգանքը, բարությունը, իսկ բռնությունը խոսում է այդ ամենի պակասի կամ ավելի ճիշտ բացակայության մասին»,-կարծիք հայտնեց անցորդներից մեկը` 50 տարեկան Աշոտը:
Հրապարկում մի քանի աղջիկներ կարմիր ստվարաթղթե ցուցանակներ են բռնել, որոնց վրա հայ իրականության մեջ առավել աղմկահարույց ընտանեկան բռնության վկայություններն էին ` Մարիամ Գևորգյանի, Զարուհի Պետրոսյանի, Անահիտի, Նունեի, Մարոյի… պատմությունները:
…«Ես Մարոն եմ: 20 տարեկան: Ասում են, թե ինքնասպան եմ եղել, կախվել եմ խալաթի գոտիով, բայց վզիս վրա միայն մատնահետքեր էին: Իրականում երեք ամսական հղի էի և ունեի 2 տարեկան Արևիկիս, երբ նա սպանեց ինձ»,-կարմիրի ցուցանակի վրա հետմահու իր խեղված ճակատագիրն է ներկայացնում երիտասարդ կինը:
Ակցիայի մասնակից աղջիկներն ու կանայք հրապարակ էին եկել կապույտով ներկված դեմքերով` բարձրաձայնելու ընտանեկան բռնության ֆիզիկական ու բարոյական հետևանքների մասին:
«Մի եղեք անտարբեր բռնության նկատմամբ, Ձեր լռությունը կարող է կյանք արժենալ» ակցիայի ուղերձներից մեկն էլ սա է:
Աշխարհում ամեն չորրորդ կինը ենթարկվում է ընտանեկան բռնության: Տարբեր հետազոտությունների համաձայն, աշխարհի կանանց 61 տոկոսը տառապում է զուգընկերոջ վերահսկողական վարքի հետևանքով, 66 տոկոսը ենթարկվում է հոգեբանական բռնության, իսկ 25 տոկոսը` ֆիզիկական բռնության: Առավել հաճախ սեռական բռնության են ենթարկվում հաշմանդամ կանայք:
«Փաստում ենք, որ Հայաստանում կանանց նկատմամաբ բռնության երևույթը առկա, բայց կոծկված է: Եթե չբարձրաձայնենք, ապա կկրկնվեն Մարոյի, Զարուհու, Մարիամի պատմությունները»,- ասում է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանը:
Նրա խոսքով, կազմակերպությունում ստեղծված է արագ արձագանքման խումբ` կազմված լրագրողից, փաստաբանից ու սոցիալական աշխատողից: Բռնության ենթարկված կնոջ հետ հենց նրանք են սկսում աշխատել: Կազմակերպությունը պատրաստ է նաև անվճար փաստաբանական ծառայություն տրամադրել, եթե կինը ցանկանա դատական ատյաններում պաշտպանել իր իրավունքները:
Նշենք, որ ակցիան անցկացվում է Գենդերային բռնության դեմ 16 օրյա քարոզարշավի շրջանակում: Քարոզարշավի նպատակն են՝ բարձրացնել ընտանեկան բռնության և նրա բոլոր տարատեսակների մասին Հայաստանի բնակչության իրազեկության, բացահայտել կանանց իրավունքների չճանաչված խախտումները, փոխել կանանց դեմ ուղղված բռնության նկատմամբ վերաբերմունքը միջոցով, հնարավորություն ընձեռել հանրությանն ու քաղաքացիական հասարակությանը՝ համատեղելու իրենց ջանքերն ըննդեմ գենդերային բռնության:
Հ. Կարապետյան
Լուսանկարները՝Լլիլիան Գալստյանի
Դիտումների քանակը` 3356