«Ես երեխա եմ». իրավունքների մասին մատչելի ձեւով
-Բարև, ես Արեգն եմ , ես չեմ տեսնում, բայց դա ինձ չի խանգարում սովորել…
-Բարև, ես Դավիթն եմ, ես շատ եմ սիրում ֆուտբոլ խաղալ…
-Ես էլ Մանեն եմ, ես չեմ կարողանում քայլել, բայց դա ինձ չի խանգարում ճանապարհորդել…
Արեգը, Դավիթը, Մանեն «Ես երեխա եմ» գրքի հերոսներն են: «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի հիման վրա մշակված գրքույկը ներկայացնում է կոնվենցիայի հոդվածները երեխաների համար մատչելի կերպով, նպատակ ունենալով բարձրացնել, առաջին հերթին, երեխաների իրազեկումը իրենց իրավունքների մասին՝ ներազդելցություն գործելով նաև նրանց ծնողների, խնամատարների և ուսուցիչների վրա:
Գրքույկը պատրաստել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Էյվա արվեստների հիմնադրամի հետ համատեղ: Այն հաստատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից որպես ուսումնաօժանդակ նյութ:
Իր բացման խոսքում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի տեղակալ Ռադոսլավ Ռժեհակը նշեց, որ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան, որն արդեն 25 տարվա պատմություն ունի, Հայաստանը վավերացրել է դեռ 1992 թ.-ին եւ այս տարիների ընթացքում բավական մեծ առաջընթաց գրանցել երեխաների իրավունքների առումով:
«25 տարի առաջ այս Կոնվենցիան ընդունելով աշխարհը խոստացավ երեխաներին, որ ամեն ինչ կարվի, որ նրանց իրավունքները հարգվեն և պաշտպանվեն: Ընդունումից ի վեր աշխարհում, այդ թվում Հայաստանում, բավականին առաջընթաց է գրանցվել: Սակայն անելիքները դեռ շատ են: Հուսով եմ, որ այս գրքի միջոցով հասարակության բոլոր անդամները կարող են երկխոսություն սկսել, թե որոնք են երեխայի իրավունքների ոլորտի առաջնահերթությունները, ինչպիսի բաց կողմեր կան և որոնք պետք է լինեն մեր հետագա անելիքները այս բնագավառում»,- նշեց նա:
Նրա խոսքով, Հայաստանում այսօր հինգ տարեկանից ցածր երեխաների մահացության աստիճանը երկու անգամ կրճատվել է, երեխաների ավելի քան 90%-ը պատվաստում է ստացել, Հայաստանում այսօր չեն գրանցվում պոլիոմելիտ հիվանդության դեպքեր, նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների թիվը զգալիորեն մեծացել է, ավելի շատ աջակցություն է տրամադրվում սոցիալապես անապահով, հաշմանդամություն ունեցող երեխաներին: Դրա հետ մեկտեղ, դեռ շատ խնդիրներ կան. հաշմանդամություն ունեցող ոչ բոլոր երեխաներներն են ներառված կրթական համակարգում, նրանցից շատերը մեկուսացված են հասարակությունից, նրանց չես տեսնի դրսում, խաղահրապարակներում : Ունենք երեխաներ հատուկ խնամքի տարբեր հաստատություններում, չնայած այն հանգամանքի, որ նրանք ունեն ծնողներ, բարեկամներ…
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Անուշ Մարգարյանն էլ նշեց, որ երեխաների իրավունքների ոլորտում խնդիրներ շատ կան՝ բռնության երևույթներ, խտրականություն:
– Երեխան ունի ընտանիքում ապրելու իրավունք: Պետության համար մեծ մարտահրավեր է. անցում կատարել երեխաների խնամքի հաստատություններից դեպի խնամատար ընտանիքների ինստիտուտ: Միջազգային փորձը ապացուցել է, որ երեխայի զարգացման համար դա լավագույն տարբերակն է,- ասաց Անուշ Մարգարյանը՝ հիշատակելով մեկ այլ կարևոր խնդրի մասին, այն է՝ երեխաների մասնակցությունը իրենց վերաբերող իրավունքների, ռազմավարության մշակմանը:
Նրա խոսքով, Եվրոպայի խորհուրդը 2016թ.-ին ընդունելու է երեխաների իրավունքների մասին 2016-2021 թթ. ռազմավարություն, որտեղ երեխայի մասնկացությունն իրեն վերաբերող որոշումների կայացման գործընթացում առաջնություն է համարվում ու դա պետությունների, հասարակական կազմակերպությունների, մարդու իրավունքի պաշտպանների համար կարևոր ուղենիշ է լինելու, ինչի վրա պետք է աշխատենք:
– Եվրոպական շատ երկրներում գործընթացներ են գնում այդ ուղղությամբ. ռազմավարությունների, օրենքների մշակման փուլում երեխաների ֆոկուս խմբեր են լինում կազմված, որտեղ նրանք իրենց կարծիքն են հայտնում պետական մարմնին, ինչ առաջարկներ ունեն, խոսում են իրենց խնդիրների մասին,- նշեց Անուշ Մարգարյանը:
Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը՝ կարևորելով «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի վրա հիմնված գրքույկը, նշում է, որ աշխարհի բոլոր երեխաների իրավունքներն էլ խախտվում են.
– Կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ շատ դեպքերում ոչ երեխաները, ոչ իրենց ծնողները, ոչ էլ ուսուցիչները չգիտեն, ինչ է ասել երեխաների իրավունք, որոնք են այդ իրավունքները: Այսօր մենք երեխաների իրավունքի ձեռնարկի նոր տարբերակն ենք տարածում, որը հատուկ պատրաստված է երեխաների համար, քանի որ նրանց իրավունքի գիտակցումով է պայմանավորված այն, որ աշխարհը կփոխվի երեխաների համար, – նշեց նա WomenNet.am-ի հետ զրույցում:
Նրա դիտարկմամբ, Հայաստանում այսօր բազմաթիվ երեխաներ են առերեսվում աղքատության հետ, ինչն էլ իր հերթին բերում է նրանց մի շարք իրավունքների խախտմանը.
– Աղքատությունը բազմակի ազդեցություն ունի , քանի որ այն զրկում է երեխաներին մի քանի իրավունքերից, եթե նրանք հավասար որակյալ կրթություն ստանալու հնարավորություն չունեն, չեն կարող ունենալ լավ բնակարանային պայմաններ, անգամ լավ սնուցում, դա անմիջական ազդեցություն է թողնում նրանց ապագայի վրա,- նշեց Տանյա Ռադոչայը ՝ խոսելով նաև մի շարք այլ խնդիրների մասին.
– Ունենք նաև մի շարք այլ մտահոգություններ, որոնք իհարկե, հանրային լայն քննարկման չեն ենթարկվում, դրանցից է բռնությունը երեխաների նկատմամբ: Այն առկա է բոլոր հասարակություններում, մեծերը հաճախ են կիրառում կոշտ դիսցիպլին ՝ համարելով դա նորմալ վերաբերմունք երեխաների համար: Պատահում է բռնի վարքագիծ է դրսեւորվում նաև երեխաների կողմից իրենց հասակակիցների նկատմամբ: Վերջերս մենք նաև ականատես ենք լինում բռնության միանգամայն նոր տեսակի հետ կիբերտարածությունում, ինտերնետում, մենք անգամ չգիտենք էլ, թե մեր երեխաները ինչ վտանգ է սպառնում և ինչպես օգնել նրանց:
Դար հետ մեկտեղ Տանյա Ռադոչայը նշում է, որ Հայաստանը երեխաների իրավունքների ոլորտում որոշակի ձեռքբերումներ ունի, հատկապես աջողություններ կան ներառական կրթության ոլորտում.
– Իհարկե ամեն բան իդեալական չէ, բայց մենք տեսնում ենք, որ կա հստակ պատկերացում և կամք գնալ ներառական հասարակության ուղղությամբ: Մյուս հաջողությունը դպրոցների անվտանգության հարցերով լավատեղյակությունն է, ինչը հատկապես կարեւոր է ՝ հաշվի առնելով Հայաստանի փորձը ավերիչ երկրաշարժի հետ կապված: Այս տարիներին շատ բան է արվել, որպեսզի երեխաներին սովորեցնեն, ինչպես գործել նման իրավիճակներում:
Միջոցառման ընթացքում նաև տեղի ունեցավ «Հրեշտակի աղոթք» երգի պրեմիերան: Երգն առանձնանում էր իր կատարողներով. բեմում կողք կողքի երգում էին լսողության խնդիրներ ունեցող և լսողության խնդիրներ չունեցող երեխաներ:
Լիլիթ Քոչինյան
Դիտումների քանակը` 4605