«Ես գիտեմ, մամային պապան ա սպանել, մեծանամ…»
5-ամյա Արմանը ժամանակից շուտ մեծացավ. նա, թեեւ բոլոր մանուկների պես տարատեսակ խաղալիքներով է խաղում, նկարչական իր ալբոմը գունազարդում է վառ գույներով, բայց մտքում մի բան է. մեծանամ` պապային սպանելու եմ: Այս փոքրիկի հայրը սպանել է մորը: Արմանը չի տեսել, թե ինչպես է հայրը դանակահարում մորը, քույրը` Սյուզին հասցրել է այդ պահին ձեռքերով փակել եղբոր աչքերը, բայց երբ մորն արյան մեջ շաղախված հյուրասենյակ են տարել, ու հետո էլ մեծերի խոսակցություններից` Արմանը հասկացել է. «մամային պապան ա խփել»: Դեպքի մանրամասներին է անդրադառնում «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի Արագ Արձագանքման Խումբը :
Օգոսոտոսի 6-ին Արմանի հայրը` Արսեն Առաքելյանն իր եղբոր տանը դանակի մի քանի հարված է հասցրել կնոջը` Լուսինե Դավթյանին, որը ժամեր անց հիվանդանոցում մահացել է:
16 տարվա ամուսինները բնակվում էին Մուսալեռ gյուղում` մի փոքրիկ տնակում, հազվադեպ են հաշտ ու խաղաղ ապրել, ամուսինը եթե անգամ ֆիզիկական բռնություն չի գործել կնոջ նկատմամբ, ապա հոգեբանական ճնշումներն անպակաս են եղել: Լուսինեի հայրը` Ռուբեն Դավթյանը, մեզ հետ զրույցում ասում է, որ այդ տարիների ընթացքում երեւի մի 3 անգամ է փեսան աղջկան ծեծել, մինչդեռ Լուսինեի մտերմուհին եւ հարեւանուհին մեզ այլ բան պատմեց. «Լուսինեն պարզապես ծնողներին շատ բան չէր ասում, բայց ինձ հետ կիսվում էր, համարյա ամեն օր Արսենը մի սթից բանի պատճառով խոսում էր Լուսինեի վրա. ասենք` մոռանար աղը սեղանին դնել, կամ դանակ-պատառաքաղը ուշացներ` կռիվ էր սարքում: Պատահել է, ձմռան ցրտին գրկի էրեխու հետ տանից դուրս է հանել, իբր` պատժում է, Լուսինեին մի ոտի վրա ժամերով անկյուն է կանգնացրել: Որն ասեմ»:
Լուսինեի հոր ներկայացմամբ էլ փեսան խմող չի եղել, բայց ծանր «խասյաթ» ուներ. չէր թողնում կինը տանից դուրս գար, հարեւանների հետ շփվեր, արգելել էր որեւէ տեղ կինն աշխատի, միայն պահանջում էր, որ Լուսինեն իր հետ գնա պղինձ, երկաթ ու շիշ հավաքելու: Ընտանիքը յոլա էր գնում նպաստով, ամուսնու վաճառած երկաթի ու շշի եկամուտով, բայց հիմնականում օգնում էին Լուսինեի ծնողները. «Ես 4 պատ եմ շարել դոմիկի կողքին, որ մի հատ սենյակ լինի, էրեխեքը գոնե էս ձմեռ էդտեղ ապրեի»:
Հուլիսի 26-ին հերթական վիճաբանության ժամանակ Լուսինեն որոշել էր վերջ դնել իր տառապանքներին ու ամուսնուն ասել էր. «Հերիք ա, ես էլ չեմ դիմանում, ամեն օր նույն պատմությունն ա, եթե դու էլի սկսես էդ նույն բաները, ես կբաժանվեմ»,-պատմում է Լուսինեի հայրը,- «Արսենն էլ սկսել է ծեծել աղջկաս, Լուսինեն իրան տնից դուրս է գցել, փախչել է, էրեխեքն էլ հետեւից, բայց Արսենը հետեւից գնացել է ու դրսում, հրապարակայնորեն հարեւանների աչքի առաջ այնքան է ծեծել, որ աղջկաս ամբողջ մարմինը կապտել էր»: Հարեւաններից մեկը ոստիկանություն է կանչել, Արսենին բաժին էին տարել, բայց շատ կարճ ժամանակ անց` բաց թողել: Ինչպես մեզ հետ զրույցում վստահեցնում է Լուսինեի հայրը, քննիչն է համոզել, որ տուժողը դիմումը հետ վերցնի. «Ասել էր` դե ընտանիք է, ամեն ինչ էլ լինում է, համ էլ տուգանք է հասնում 100-500 հազար դրամ, ոնց եք վճարելու: Քննիչն ասել էր` ես երաշխավորում եմ, որ ինքը քեզ մատով չի կպնի, դու հետ վերցրու դիմումդ: Աղջիկս էլ հետ է վերցնում դիմումը, Արսենին էլ 2 ժամ հետո բաց են թողնում»:
Լուսինեն, սակայն, այլեւս չի վերադառնում իրենց 16 տարվա ամուսնության «դոմիկը», այլ երեխաների հետ գնում է ծնողների բնակարան: Արսենը փորձել է կնոջը համոզել հետ վերադառնալ, բայց կինը մերժել է:
Ամուսիններին հաշտեցնելու գործին խառնվում է Արսենի եղբայրը` Արտակը, որի հետ Լուսինեն գնացել էր դոմիկից երեխաների հագուստները վերցնելու, հետո Արսենը համոզել էր Լուսինեին ու երեխաների հետ տարել իր տուն: «Էդ ընթացքում Արսենը զանգել է եղբորը, թե` բա արի մեր տուն, Լուսինեին մեր տուն եմ տանում, բայց աղջիկս դրան ասել էր` մի զանգի, ես իրա հետ բարիշողը չեմ: Արտակը վերջը թաքուն զանգել է: Էդ անասունն էլ դանակը վերցրած գնացել է եղբոր տուն ու զոռով Լուսինեին տարել սենյաներից մեկը` իբր խոսելու, բայց ինչ խոսել, էդ սենյակում էլ 7 անգամ դանակով խփել է»,-պատմում է Ռուբեն Դավթյանը: Մոր սպանությանը ականատես է եղել 15- ամյա Սյուզին, որը մեզ հետ հազիվ խոսում էր՝ արցունքները կոկորդում խեղդած, ամբողջ մարմնով դողում էր: Աղջնակը, սենյակի ապակեպատ դռնից տեսել է, թե ինչպես է հայրը բռունցքով հարվածում մորը ու հետո դանակով հարվածում. «Գոռացի` պապան մամային սպանում ա, բայց մինչեւ եկան, մաման արդեն ուշքից գնացել էր, մինչեւ շտապ օգնության գալը, մամային ուրիշ մեքենայով տարան հիվանդանոց, բայց…»:
«Էդ Արսեն կոչեցյալը պիտի անգերեզման մնա, դա անգամ գերեզման ունենալուն արժանի չի, Լուսինեի նման բարի, անկրկնելի, լավ մարդուն կյանքից զրկեց, օր ու արեւ չէր տալիս: Ես շատ լավ գիտեմ, թե էդ աղջիկն ինչ զրկանքներ ա կրել դրա պատճառով: Շատ ափսոս…որոշել էր բաժանվել ու նոր կյանք սկսեր, աշխատեր, էրեխեքին ապահովեր: Ընկերուհին Մոսկվայից փող էր ուղարկել, որ Լուսինեն փաստաբան վարձի ամուսնալուծության հարցերով զբաղվելու համար, ու խոստացել էր տաներ իր մոտ Մոսկվա ու աշխատանք գտներ: Սպանությունից մի քանի օր առաջ Արսենի բարեկամները Լուսինեին բանկում էին տեսել, անձնագիրն էլ ձեռքին, մտածել էին, որ ուզում ա փախչի: Հետո տեգոր տանը Լուսինեին ասել էինª էդ ուզում էիր փախնեի՞ր: Ինձ թվում է դրանք Արսենին ասել էին, որ անձնագրով տեսել են, ու Աստված գիտիª էլ ինչեր են ասել»,-պատմում է Լուսինեի մտերմուհին: Մեր այս խոսակցությանը միջամտեց նաեւ նրա դեռահաս տղան, որին Լուսինեի դուստրն ասել էր. «Ես պապայի շորերը դասավորելուց շատ եմ տեսել էդ դանակը, միշտ մոտն էր պահում»:
Գործով զբաղվող հետաքննիչները Լուսինեի հորն ասել են, որ օգոստոսի 11-ին Արսեն Առաքելյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, բայց տուժողի հայրը չի հավատում. «Արսենն ամբողջ օրը դոմիկում է եղել, ես գիտեմ, որ գնացել, էնտեղ են բռնել, բայց թե խի՞ են տենց բան ասում: Բռնելու հաջորդ օրը Արսենի եղբայրն ու ծնողները գնացել էին դոմիկ ու սաղ քրքրել` ինչ-որ փաստաթուղթ էին ման գալիս, որ Արսենին գժի թուղթ հանեն, անմեղսունակ ճանաչեն»:
«Ի՞նչ անմեղսունակ, ի՞նչ գժի թուղթ, նրա խելքը լավ էլ տեղն ա եղել, մեկ-մեկ մեր տուն գալիս-գնում էր, եթե գիժ լիներ, նախ` մենք կզգայինք, կիմանայինք, Լուսինեն էլ կասեր մեզ, ու էդքան տարի չէր ապրի հետ: Էդ աղջիկը 16 տարի հետը ապրել է, որովհետեւ ասում էր` չեմ ուզում երեխաներս անհեր մեծանան: Գիտեմ, որ Արսենը աղանդավորական հավաքների էր գնում, բայց հետ կանգնեց»:
«Կնոջը դանակահարած Արսեն Առաքելյանի գործով պետք է մի քանի փորձաքննություններ կատարվեն` դատակենսաբանական, հետքաբանական, եւ քանի որ սպանության գործ է, նաեւ դատահոգեբուժական»,- մեզ հետ զրույցում հավաստեց Ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքի պետ Սեյրան Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է Լուսինեի հոր այն մտահոգություններին, որ այնպես են «սարքում», իբր Արսենն ինքնակամ է ներկայացել, եւ նրան փորձում ենՙ «անմեղսունակ» ճանաչել, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ նման բան չկա. նախ ոստիկաններն են բերման ենթարկել Արսեն Առաքելյանին, իսկ անմեղսունակ ճանաչելու հիմք չկա: Ամեն դեպքում, ինչպես վստահեցրեց բաժանմունքի պետը, բոլոր փորձաքննություններից հետո միայն ամեն ինչ պարզ կլինի: Պարոն Մարտիրոսյանն ասաց` մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով. Արսենին սպառնում է 8-15 տարի ազատազրկում:
Հոր կողմից մորը սպանելուն ականատես լինելուց հետո, 15-ամյա Սյուզին, ինչպես պապն է պատմում` ամեն գիշեր գոռալով վեր է թռնում քնից, անընդհատ վատ երազներ է տեսնում: Սյուզին, երբեք չի ների հորը. համենայն դեպս այդպես ասաց մեզ հետ զրույցում, իսկ փոքրիկ Արմանն էլ պապին ասել է. «Ես գիտեմ, մամային պապան ա սպանել, մեծանամ` ես էլ իրան կսպանեմ»:
Նելլի Բաբայան
Հետաքննող լրագրող
ՀԱԲ Արագ Արձագանքման Խումբ
Հ.Գ. Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք Արագ Արձագանքման Խմբին
Կարդացեք այս թեմայի շուրջ մեր կայքում.
«Միշտ պաշտպանել է ամուսնուն՝ հանուն ընտանիքի»…
Ինչի՞ հետեւանք է ընտանեկան բռնությունը
Դիտումների քանակը` 3456