«Եկեք փոխենք հասարակության վերաբերմունքը հաշմանդամ կանանց նկատմամբ»

 

2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ` ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող կանանց թիվը կազմում է 89.265: Նրանք կրկնակի խոցելի են նախ` իրենց սեռի, ապա նաև` հաշմանդամության պատճառով:

 

Կանանց միամսյակին ընդառաջ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը մամուլի ասուլիս էր հրավիրել` նվիրված հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքներին:

 

Բանախոսներ` «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» նախագահ Զարուհի Բաթոյանը և միության անդամ` «Մենք կարող ենք» հասարակական կազմակերպության նախագահ Արմինե Սահակյանը ներկայացրեցին խնդիրները, որոնց հանդիպում են հաշմանդամություն ունեցող կանայք Հայաստանում.` առաջարկելով փոխել հասարակության վերաբերմունքը հաշմանդամ կանանց նկատմամբ.

 

– Այսօր կանանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները և պետական մարմինները իրենց ծրագրերում և քաղաքականությունում բավարար ուշադրություն չեն նվիրում հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքներին, հաշվի չեն առնում նրանց կարիքները (տեղեկատվություն, միջավայրի մատչելիություն և այլն): Նրանք դուրս են մնում այն բոլոր ծրագրերից, որոնք նախատեսված են կանանց համար,- նշեց Զարուհի Բաթոյանը,- այնինչ սա ոչ միայն հաշմանդամության խնդրով զբաղվող, այլ նաև կանանց իրավունքները պաշտպանող կառույցների մտահոգությունը պետք է լինի:

 

«Մենք կարող ենք» հասարակական կազմակերպության նախագահ Արմինե Սահակյանը խոսեց ընտանիքների դերի մասին.
– Երբ ընտանիքում հաշմանդամություն ունեցող աղջիկ է ծնվում, հաճախ նրան դիտարկում են որպես մեկը, ով ավելի շատ ընտանիքի մյուս անդամների մասին պետք է հոգ տանի, քան իր սեփական կյանքն ունենա: Կամ հակառակ ծայրահեղությունն է լինում՝ երբ գերխնամք են ցուցաբերում նրանց նկատմամբ՝ միևնույն ժամանակ զրկելով կրթության, աշխատանքի և ինքնուրույն կյանքի հնարավորությունից:

 

Բանախոսները մեկամսյակին ընդառաջ կոչ արեցին ընտանիքներին խրախուսել իրենց աղջիկների՝ որպես ակտիվ և լիարժեք քաղաքացիների կրթությունն ու դաստիարակությունը, իսկ որոշումներ կայացնողներին և հասարակական ոլորտի ներկայացուցիչներին ևս մեկ անգամ խրախուսեցին կանանց և աղջիկների կրթության, զարգացման և իրավունքների պաշտպանության գործընթացներում պատշաճ ուշադրություն դարձնել նաև հաշմանդամություն ունեցող կանանց:

 

Աղբյուրը ` Disabilityinfo.am

 

Դիտումների քանակը` 4033

Գլխավոր էջ