«Եթե ցանկանում ես հրաշք տեսնել, եղիր այդ հրաշքն…»

    Փոքրիկ տոն Չինարիում

 

Ամեն ինչ սկսվեց «Երեք օր սահմանում» խորագրով հոդվածների շարքից, որ տպագրվեցին  մարտ ամսին «Ազգ» օրաթերթում: Հոդվածները Տավուշի մարզի սահմանամերձ երեք գյուղերիՙ Չինարիի, Այգեպարի ու Ներքին Կարմիրաղբյուրի մասին  էին:

 

 

«Չինարի. Պատերազմը դեռ չի ավարտվել, ես տեսնում եմ այդ պատերազմը» հոդվածի լույս տեսնելուց  տաս օր անց ԱՄՆ-ում բնակվող, «Ազգ»-ի մշտական ընթերցող Հասմիկ Ավագյանը ծանրոց ուղարկեց՝ գրությամբ. «Խնդրում եմ փոխանցել Չինարիի մանկապարտեզի փոքրիկներին»:  Ծանրոցը առիթ հանդիսացավ, որ լրագրողների մի խումբ որոշեց հավաքել հագուստ եւ խաղալիք չինարեցիների համար, նաեւ գումար՝ փոքրիկներին գրենական պիտույքներ ու գրքեր գնելու համար:  «Եթե ցանկանում ես հրաշք տեսնել, եղիր այդ հրաշքն ու ապացուցիր, որ հրաշքներ լինում են» կարգախոսով նրանց այս նախաձեռնությանը միացան բազմաթիվ անհատներ:

 

 

Նախաձեռնության մասին տեղեկացավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ու տրամադրեց մեքենաներ՝ Չինարի հասնելու համար, նաեւ  քաղցրավենիքի 160 փաթեթ, գյուղի մինչեւ 15 տարեկան բոլոր մանուկների համար:

Մայիսի 11-ին այդ փաթեթները տեղափոխվեցին սահմանամերձ Չինարի, ու սովորական շաբաթ օրը վերածվեց փոքրիկ տոնի: Մինչ գյուղ հասնելը՝ Իջեւանում խմբին դիմավորեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանըՙ շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար՝ հույս հայտնելով, որ այն կդառնա օրինակ եւ Երեւանում ու այլ քաղաքներում ապրողներն առավել հաճախ կհիշեն սահմանամերձ գյուղերի փոքրիկների:

 

Չինարիում նախաձեռնող խմբի անդամներին փոքրիկները դիմավորեցին «ուռա»-ներով, այնուհետեւ շուրջ 160 երեխա բռունցքները վեր բարձրացրին ու միասին երգեցին Հայաստանի օրհներգը: Այդ փոքրիկներից շատերն ապրում են սոցիալական շատ վատ պայմաններում: Քանի որ գյուղը մշտական կրակահերթի տակ է, գյուղացիները չեն կարողանում հող մշակել, անասնապահությամբ զբաղվել, հետեւաբար ոչ աշխատանք ունեն, ոչ էլ ապրուստի միջոց: Չինարիի բազմաթիվ տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, սակայն էլի չեն կարողանում բարեկեցիկ կյանք ապահովել իրենց ընտանիքի անդամների:

Չինարիում կրակահերթի տակ է նաեւ մանկապարտեզը: Շենքում նկատելի են փամփուշտների հետքերը: Փոքրիկները խոստովանում են, որ կրակոցներից չեն վախենում: Դիմացի սարին ինչպես թշնամու դիտակետն է, այնպես էլ հայկական եկեղեցին: Մանուկները համոզված են, որ եկեղեցին իրենց կպաշտպանի թշնամուց: Փոքրիկ Մասիսն ասում է, որ երբ ուժեղ են կրակում, իրենք մտնում են թաքստոցը: «Չենք վախենում, ուղղակի ընկեր Աղասյանն ասում է, որ արագ գնանք «մութ սենյակը», պատմում է Մասիսն ու ցույց տալիս թաքստոցը: Երբ կրակոցներ չեն հնչում՝ փոքրիկները սիրում են խաղալ, իսկ ամենից շատ սիրում են շարք կանգնել ու կատարել իրենց սիրել երգը՝ «Արծիվ սլացիր»: Երեւանից եկած հյուրերի համար էլ փոքրիկները երգում էին ու արտասանում: Թեպետ փոքրիկ ծանրոցները ստանալիս նրանք ընդամենն արտաբերում էին «Շնորհակալություն», սակայն նրանց աչքերում նկատվում էր ուրախություն եւ վստահություն: Դա ավելին էր, քան քաղցրավենիք ու գիրք ստացած փոքրիկի երջանկությունը, դա նշանակում էր, որ իրենք գիտակցում են՝ մոռացված չեն ու հարյուրավոր կիլոմետրեր այն կողմ իրենց մասին մտահոգվողներ կան:

Ինչպես նախապես որոշվել էր, գրենական պիտույքներն ու քաղցրավենիքը փոխանցվեցին փոքրիկներին հենց տեղում, իսկ հագուստները, գրքերն ու խաղալիքները տրամադրվեցին գյուղապետին, դպրոցին եւ մանկապարտեզին: Գյուղապետ Սամվել Սաղոյանը հավաստիացրեց, որ օգնությունն առաջին հերթին կտրամադրվի գյուղի չքավոր ընտանիքներին, ովքեր ամենից շատ դրա կարիքն ունեն:

Սա փոքրիկ նախաձեռնություն էր, եւ անշուշտ, էականն այստեղ ոչ թե նյութականն էր, այլ այն մթնոլորտը, ջերմ վերաբերմունքն ու զգացողությունը, որ փոխանցվեցին սահմանամերձ գյուղերի բնակիչներին:

 

Մեր այցելությունից մոտ երկու ժամ առաջ Չինարիում կրկին կրակոցներ էին հնչել, սակայն, ինչպես գյուղապետ Սամվել Սաղոյանն էր հավաստիացնում, մայրաքաղաքից եկած հյուրերն ու փոքրիկ նվերները մոռանալ տվեցին թշնամու կրակոցները: Հույս ունենանք, որ նման նախաձեռնությունները կլինեն շարունակական, եւ քաղաքական գործիչներն ու բիզնեսմեններն էլ կօժանդակեն նման միջոցառումներին, գույներ ու փոքրիկ տոն կպարգեւեն սահմանի բնակիչներին: Նրանք դրա կարիքը շատ ունեն:

 

 Հասմիկ Հարությունյան.

Չինարի-Երեւան

Դիտումների քանակը` 4488

Գլխավոր էջ