«Եթե մանկավարժը ցանկություն ունի աշխատել հաշմանդամություն ունեցող աշակերտի հետ, ապա նա գտնում է մեթոդը»…

20-ամյա Նարեկի անձնագրային անունը Արայիկ է, սակայն նա սիրում է, երբ իրեն Նարեկ են անվանում, քանի որ այդպես է նրան անվանում իր սիրելի տատիկը, ով ապրում է ԱՄՆ-ում: Նարեկն այժմ հնարավորություն ունի այցելելու նրան Միացյալ Նահանգներում:

 

«Նարեկի նկարները ցուցադրվել են ԱՄՆ դեսպանատանը, նա նաեւ հյուրընկալվել էր Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնի տանը, ով Նարեկին հարցրել էր, թե ինչի մասին է նա երազում: Նարեկն ասել էր, որ շատ է ուզում իր տատիկին տեսնել եւ նրա երազանքն իրագործվել է»,- պատմում է Արմինե Սահակյանը՝ «Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների եւ նրանց ընտանիքների շահերի պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահը:

Կազմակերպությունը ստեղծվել է 2013 թվականին՝ «Լսելի դարձնել հաշմանդամության ձայնը» ծրագրի շրջանակներում: Կազմակարեպության առանձնահատկությունն այն է, որ նրա հիմնադիրները հաշմանդամություն ունեցող մարդիկ են կամ նրանց ծնողները:

 

«Մեր նպատակն է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ իրենք լինեն իրենց խնդիրների բարձրաձայնողները: Մենք զբաղվում ենք շահերի պաշտպանությամբ, փորձում ենք մտավոր հաշմանադամություն ունեցող անձանց կարողությունները բացահայտել, հասարակությունում դրական վերաբերմունք ձեւավորել նրանց նկատմամբ, իրազեկել ծնողներին՝ երեխայի կրթություն ստանալու, աշխատանք ստանալու, համայնքային կյանքով ապրելու իրավունքի մասին»,- ասում է ՀԿ-ի նախագահը:

 

Նրա խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունները ցույց տալով  իրենք չեն շեշտադրում տվյալ անձի խնդիրը. «Նարեկը մեր կազմակերպության անդամն է, մենք նրա նկարները տեղափոխում ենք դպրոց, երեխաները ծանոթանում են նկարներին, Նարեկը նաեւ Հայաստանի աճպարարների միության անդամակցության թեկնածու է, նա աճպարություններ է անում աշակերտների համար, եւ մենք չեն ներկայացնում նրան որպես մարդու, ով Դաունի համախտանիշ ունի: Հավատացեք, որ կարեւոր է ճանաչել մարդուն՝ առանց կանխավ իմանալու, որ նա հաշմանդամություն ունի: Կարեւոր է մարդու մեջ մարդ տեսնելն է …»:

 

Կազմակերպությունը համագործակցում է հանրակրթական դպրոցների հետ, բարձր դասարանի աշակերտների հետ անցկացնում են «Բարության դասեր», որի շրջանակներում երեխաները քննարկում են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, խոսում հաշնանդամության վերաբերյալ ճիշտ բառապաշար կիրառելու եւ էթիկայի մասին:

 

«Մենք աշխատում ենք 15-16 տարեկան երեխաների հետ, քանի որ իրենք են մեր ապագա որոշում կայացնողները, եւ նրանք իրենց պագա կյանք  կտանեն ստացած տեղեկատվությունն ու փորձը»,- ասում է Արմինե Սահակյանը:

 

Նրա խոսքով, շահերի պաշտպանությամբ զբաղվելու համար պարտադիր չէ ֆինանսական աջակցություն ունենալը. «Քանի որ մենք ինքներս խնդիրը կրողներն ենք, մենք չենք սպասում, որ որեւէ ծրագիր ունենանք, նոր աշխատենք, մենք մշտապես ենք անում դա»:

 

Կազմակերպության շահերի պաշտպան Արմինե Ավագյանը «WomenNet.am»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք շատ են ցանկանում, որպեսզի մարդիկ դադարեն կիրառել «կրթության առանձնահատուկ կարիքներ ոււնեցող երեխաներ» արտահայտությունը, քանի որ անհատական մոտեցման կարիք ունեն բոլորը. «Այդ «առանձնահատուկ» բառը երբ ասում են, ինքնին եւ առանձնացնում են մարդուն եւ հատուկ խմբի մեջ են դնում, ինչը ներառականության գաղափարին հակասում է»:

 

ՀԿ-ի նախագահն էլ նշում է, որ ներառական կրթությունը միայն հաշմանդամություն ունեցող երեխաների համար չէ, քանի որ ներառվելու կարիք ունեն բոլորը. «Ներառական կրթությունը առանձնացված կրթություն չէ կրթության մեջ, այն կրթություն է բոլորի համար»:

 

«Մենք կարող ենք» կազմակերպությունը դպրոցներին կոչ է անում ավելի բաց լինել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, իսկ ծնողներին՝ իրազեկված լինել իրենց երեխաների իրավունքների մասին: «Ծնողները պետք է ներկա լինեն իրենց երեխաների անհատական ուսումնական պլան կազմելիս, նրանք պետք է տեղյակ լինեն, որ երեխան պետք է գտնվի դասարանում, որ հավելյալ ծառայությունները չպետք է արվեն դասաժամերի հաշվին»,- ասում է Արմինե Սահակյանը:

 

Նա նշում է, որ եթե մանկավարժը ցանկություն ունի աշխատել հաշմանդամություն ունեցող աշակերտների հետ, ապա նա գտնում է մեթոդը: «Երբ իմ երեխան գնաց դպրոց, այնպես չէր, որ բոլոր ուսուցիչները վերապատրաստված էին, բայց իրենք գտել են մեթոդը՝ իմ օգնությամբ, իրենց մասնագիտական կարողություններով: Կարեւորը ցանկությունն է»:

 

Արման Ղարիբյան

 

Հ.Գ. Այս հարցազրույցն առավել քան արդիական է վերջերս Երևանի թիվ 125 ներառական կրթություն իրականացնող դպրոցում տեղի ունեցած միջադեպի  համատեքստում: Մանկական ուղեղային կաթված ունեցող 7 ամյա Արեգին հրաժարվել են  ընդունել դպրոց՝ պատճառաբանելով, որ  դպրոցի բազմամասնագիտական թիմը անհրաժեշտ փորձառություն  չունի նրա հետ աշխատելու համար:

Արեգի մոր՝ Ալլա Գևորգյանի փոխանցմամբ, տնօրեն Լիլիթ Մուրադյանը ասել է, որ դպրոցը ճիշտ է՝ ներառական է, բայց նման բարդության երեխայի հետ զբաղվող մասնագետներ չունեն: Ու թեև, նրա խոսքով,  իրենք դպրոց էին մտել համապատասխան կրթություն ստանալու թույլտվությունը ձեռքներին՝ տնօրենն, այդուհանդերձ, խորհուրդ է տվել երեխայով զբաղվել տանը կամ տանել հատուկ դպրոց:

 

Ներառական կրթության մասին օրենքի մշակման ակունքներում կանգնած «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում  փաստել է՝ թեև ոլորտում կան ձեռքբերումներ, սակայն երբեմն դպրոցները ներառական երեխաների են վերցնում միայն հավելյալ գումարներ ստանալու ակնկալիքով՝ այդպես էլ չկարողանալով լիարժեք նրանց ինտեգրել: «Դեռևս ունենք ուսուցիչների խումբ, որ միևնույնն է՝ կրթությունը դիտարկում է միայն գիտելիքի տեսանկյունից, ավանդական մոտեցման տեսանկյունից, և գտնում է, որ այն երեխաները, որ իրենց պատկերացումներում ստեղծված ստանդարտների մեջ չեն տեղավորվում, նրանց տեղը այս դպրոցը չէ:  Կան շատ տնօրեններ ևս, որոնք մի կողմից իհարկե ուզում են, որ դառնա դպրոցը ներառական, որովհետև դա նաև ենթադրում է ֆինանսավորման բարձրացված չափաքանակ, մյուս կողմից էլ՝ կարծես թե դուրս են մղվում այն երեխաները, ում համար այս գործընթացը առաջին հերթին արվել էր»: – ասել է Ս.Թադևոսյանը:

 

Արեգի պատմությունը առավել մանրամասն  Diasabilityinfo  կայքում:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ներառական կրթությունը՝ միայն շենքային հարմարությունները չեն…

Հենրիետ Արենս. « Ավելի շատ լսել երեխաների ու երիտասարդների ձայնը»

Ինչպիսի՞ն է հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ վերաբերմունքը. ԱՄՆ vs Հայաստան

Orange-ը ֆինանսավորում է հատուկ հավելվածի ստեղծումը աուտիզմով երեխաների համար

«Այստեղ բոլորը հավասար են»…

«Մենք ենք» ներառական թատրոնը փակման վտանգի տակ է

«Հաշմանդամություն ունեցող աղջիկներն ու կանայք կրկնակի խոցելի են»

«Էությամբ լավատես եմ, ունեմ նաև հումորի մեծ զգացում, որն ինձ օգնում է չհուսալքվելու»

«Ես Դաունի համախտանիշ ունեմ, սակայն դա ամենաանհետաքրքիրն է իմ մեջ»…/ տեսահոլովակ

«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար

«Սիրող ծնողն ամեն ինչի միջով էլ կանցնի, միայն թե երեխան իր կողքին լինի ու ժպտա»

«Հայ մայրեր»-ը փոխում են գլխուղեղային վնասվածքով մանուկների ճակատագրերը

«Երազում եմ նախագահ դառնալ…»

«Անհաղթահարելի թվացող պատն աստիճանաբար քանդվում է»…

Երեխաների իրավունքների լիարժեք պաշտպանությունը մարզերում. ի՞նչ է անհրաժեշտ

«Չես պատկերացնի, թե ինչ ա նշանակում այդ դպրոցի պիտակը կրել»…

Ներառական կրթությունը մանկապարտեզից է սկսվում

«Մայրիկ, մարդիկ այնքան տարբեր են: Ես նրանց բոլորին ուզում եմ օգնել»

«Նրանք մեզ բոլորիս աշխարհին այլ կերպ նայելու հնարավորություն են տալիս»…

Մոր խոսքը` չընկճվել եւ պայքարել հանուն երեխաների եւ հավասարության …

Կարող ենք միասին

 

Դիտումների քանակը` 5259

Գլխավոր էջ