«Եթե հավաքվում են 200 տղամարդ, պա դա կոչվում է Դավոս, իսկ եթե 2000 կին, ապա այդ մասին ոչ ոք չի իմանում»…
Զրուցակիցներս զարմանալի կանայք են: Կրթված, հաջողակ, ինքնաբավ, ուժեղ… Նրանց միավորւմ է անարդարության դեմ պայքարելու, մարդկանց օգնելու պատրաստակամությունը, հարկ եղած դեպքում` նրանց պաշտպան կանգնելու, եթե անգամ դա հղի է որևէ մեկի հետ առճակատմամբ… Նրանք բոլորը հետխորհրդային երկրների կանանց շարժման առաջնորդներ են: Մի տարածքի, որ միջազգային փաստաթղթերի լեզվով կոչվում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջան : Մեզանում ըստ էության ընդհանուր խնդիրներ են և ընդհանուր հետաքրքրություններ, ահա թե ինչու համաժողովի հորձանուտում մենք իրարից անկախ նշում էինք ծրագրում նույն միջոցառումները և հեշտորեն գտնում էինք իրար հազարավոր այլ մասնակիցների շարքում…
«Եթե հավաքվում են 200 տղամարդ, պա դա կոչվում է Դավոս, իսկ եթե 2000 կին, ապա այդ մասին ոչ ոք չի իմանում»…
Օլենա Սուսլովա (Ուկրաինա),
Կանանց տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնի վարչության նախագահ:
Օլենայի հետ ծանոթացել էինք մի երկու տարի առաջ Նյու Յորքում` ՄԱԿ-ի կանանց դրության հանձնաժողովի նստաշրջանում: Օլենան այն երկու կանանցից մեկն է, ով դատի է տվել Ուկրաինայի գործող վարչապետին` սեքսիստական արտահայտության համար, թե «բարոփոխումները կանանց գործը չեն»: «Իմ խորհուրդը կանանց. եթե կամենում եք ուժեղ դառնալ, մի՛ սպասեք, երբ ձեր արժանապատվությունը կնվաստացնեն ու կոտնահարեն, դիմադրեք, եթե նույնիսկ պաշտոնապես չեք շահի: Դա կլինի այլ հաղթանակ: Չնայած վարչապետի դեմ իմ դատական հայցին, Ուկրաինան ,միևնույն է, ինձ առաջադրեց կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեում: Ես երբեք չեմ զղջում այն ամենի համար, ինչ անում եմ»,- ասում է նա:
-Եղել եմ AWID-ի համաժողովներում մի քանի անգամ: Ձևաչափը գրեթե չի փոխվում, կարծում եմ` սա մի կողմից բավական լավ է, սակայն կան որոշակի բաներ, որոնք պետք է փոխվեն, մասնավորապես, անբավարար տեղեկատվական լուսաբանումը: Ինչպես դիպուկ նկատել է Կանանց գլոբալ հիմնադրամի մի ներկայացուցիչ. «Եթե հավաքվում են 200 տղամարդ, ապա դա կոչվում է Դավոս, և այդ մասին ողջ աշխարհը գիտի, իսկ այստեղ հավաքվել են գրեթե 2000 կին, և այդ մասին ոչ ոք չգիտի»… Մենք արդեն պետք է հասկանանք, թե ինչքան էլ միմյանց համոզենք, որ ամեն ինչ ճիշտ ենք անում, կարևոր է, որ այս մասին իմանան որքան հնարավոր է շատ մարդիկ, թող որ նույնիսկ մեզ հետ ոչ համակարծիք: Առանց դրա մենք չենք կարող ազդել որոշումների կայացման վրա, որոնք մեզ բոլորիս անհրաժեշտ են և հանուն որոնց մենք արդեն աշխատում ենք:
Անշուշտ, ես բոլոր մոտեցումներին համաձայն չեմ, սակայն ինչպես Վոլտերն էր ասում. «Ես համակարծիք չեմ ձեզ, սակայն կյանքս կտամ, որպեսզի դուք հնարավորություն ունենաք այն արտահայտելու»: Կարևոր է, որ տարբեր մարդիկ այն արտահայտելու հնարավորություն ունենան: Թե մոտեցումներից ո՛րն է ճիշտ` ցույց կտա ժամանակը:
«Մենք նույն խնդիրներն ունենք և պետք է խոսենք իրար հետ»
Մալգոժատա Տարասևիչ (Լեհաստան),
Արևելք-Արևմուտք կանանց ցանցի գործադիր տնօրեն:
Ցանցը միավորում է աշխարհի տարբեր երկրների կազմակերպություններ և մարդկանց, սակայն հիմնական ուշադրությունը նվիրում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպային /ԱՊՀ-ին: Մալգոժատան կանանց միջազգային շարժման ճանաչված առաջնորդ և փորձագետ է ու դրա հետ մեկտեղ բաց ու անկեղծ անձնավորություն:
– Ինձ համար հատկապես կարևոր է համաժողովի թեմատիկան, քանի որ ներկայիս ճգնաժամի պայմաններում տնտեսական խնդիրներն առանձնակի կարևորություն են ձեռք բերում: Տնտեսական ճգնաժամը կտրուկ փոխել է կանանց վիճակը, և ես մեկ անգամ ևս դրանում համոզվեցի` տարբեր երկրների ներկայացուցիչների հետ շփվելով: Դիցուք, մեզանում նույնպես վատ իրավիճակ է, սակայն մեր կառավարությունը հավատացնում է, թե ամեն ինչ շատ լավ է: Այնպես որ, բոլորի խնդիրները նույնն են, և մենք համատեղ ուժերով կարող ենք մշակել դրանց լուծման ուղիներ, հարկ է միայն մեկտեղել ջանքերը: Մեր կազմակերպությունը ցանցային է, ուստի մեզ համար առավել քան ակնհայտ է, որ պետք է համատեղ գործել: Մյուս կողմից` կկամենայի, որ նման մասշտաբի միջազգային համաժողովներում մեր տարածաշրջանից ավելի շատ կանայք մասնակցեին, քանի որ մենք (հետխորհրդային տարածքը) առանձնահատուկ խումբ ենք, նույն խնդիրներն ունենք, և մեզ անհրաժեշտ է խոսել իրար հետ: Օրինակ` մեզանում կանանց փոքր կազմակերպություններին փաստորեն անհնար է ֆինանսավորում ստանալ, Եվրամիության կանոններով` հարկ է մեկնարկային գումարը նախօրոք ներդնել, իսկ որտեղից հայթայթել… Մեզ նաև խիստ անհանգստացնում է կենսաթոշակային տարիքի բարձրացումը, սա Եվրամիությունում ընդհանուր միտում է, մեզ մոտ` Լեհաստանում արդեն առաջարկում են բարձրացնել մինչև 67 տարեկան: Ինչ է նշանակում ընդհանուր գործազրկության, հատկապես տարեց կանանց համար, և թոշակների ֆոնին, որոնցով չես ապրի, կարծում եմ` հասկանալի է… Ժողովուրդը տխուր կատակում է, որ հիմա ցմահ կաշխատենք …
«Կանանց նկատմամբ վերաբերմունքը՝ պետության քաղաքակրթվածության ցուցիչն է»
Լիբկան Բազաևա (Ռուսաստան),
Չեչնիայից իրավապաշտպան, «Կանանց արժանապատվություն» կազմակերպության ղեկավար:
Նրա նմանների մասին ասում են` համարձակ կին է: Ի լրումն` նպատակասլաց՝ 66 տարեկանում որոշեց ու սովորեց մեքենա վարել: Թվում է` առաձնահատուկ ոչինչ չկա, սակայն դա, նրա խոսքով, դեպի իրավահավասարություն կարևոր քայլ է, հատկապես Չեչնիայում: Ուստի նրանք արդեն օգնել են տասնյակ կանանց վարորդական իրավունք ստանալու:
Համաժողովին մասնակցում էր Չեչնիայից իրավապաշտպանների մի խումբ, որոնք պատմեցին, որ հանրապետությունում կանանց իրավունքները պաշտպանելը խիստ դժվար է: Նրանց խոսքով` ԽՍՀՄ փլուզումից 20 տարի անց Չեչնիան վերադարձել է հին, խոր ավանդական կարգերին, որոնք հղի են կանանց համար մեծ սահմանափակումներով: Օրինակ, երբ երկու տարի առաջ ճամփեզրին հայտնաբերեցին յոթ կանանց դիակներ, որոնք դարձել էին «պատվի սպանության» զոհեր, իշխանությունները հայտարարեցին, որ այս կանայք, հավանաբար, աչքի էին ընկնում բարոյական սանձարձակությամբ»… Պատմում էին նաև «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի աշխատակից, լրագրող Նատալյա Էստեմիրովայի մասին, որին երեք տարի առաջ անհայտ անձինք առևանգել էին և սպանել:
– Ես արդեն երկրորդ անգամ եմ AWID-ի համաժողովում, այն ինչպես միշտ աննկարագրելի է: Համաժողովը հնարավորություն է տալիս զգալու իրեն կանանց գլոբալ շարժման մասնիկ, տուն վերադառնալ նոր փորձով, ծրագրերով և մոտեցումներվ այն բանի նկատմամբ, ինչ անում ենք տեղերում: Ես ու գործընկերներս շատ բան քաղեցինք այստեղից: Գուցեև տարբեր աստիճանի, սակայն մենք նույնպես մեր ներդրումն ունենք կանանց իրավունքների պաշտպանության փորձի զինանոցում:
Չեմ կարող ասել, որ հաջողության ենք հասել այդ ասպարեզում, սակայն մենք զգույշ և նրբանկատորեն ենք աշխատում: Բռնությունը, կանանց հնարավորությունների սահմանափակումը ամենասուր խնդիրներն են մեզանում: Իմ կարծիքով` Չեչնիայում հետընթաց է նկատվում նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանի համեմատությամբ: Մենք շարժվում ենք ապագայի ճանապարհով` մի քայլ առաջ, տասը քայլ հետ սկզբունքով: Մեր հասարակությունը, հատկապես, իշխանությունը վախենում են կանանց առաջընթացից, որն իրականում վտանգավոր չէ: Մենք, չգիտես ինչու, վերցնում ենք վարքագծի ամենապարզունակ ու հետամնաց նմուշները և կողմնորոշվում դեպի դրանք: Մինչդեռ կանանց նկատմամբ վերաբերմունքը ցանկացած պետության քաղաքակրթվածության ցուցիչն է:
«Կրոնական արմատականությունը վտանգավոր է կանանց և ընտանիքի համար»
Վալենտինա Չերեվատենկո (Ռուսաստան),
«Դոնի կանայք» միության նախագահ
Կարելի է ասել` կոչումով խաղաղարար, հայտնի է իր խաղաղարարական նախաձեռնություններով Կովկասի բոլոր թեժ կետերում: Նրան հաջողվել է մի սեղանի շուրջը նստեցնել ճանաչված և չճանաչված հանրապետություններից, այդ թվում` Ղարաբաղից և Ադրբեջանից կանանց նույնիսկ այն ժամանակ, երբ դա անհավատալի էր թվում…
– Ինձ անհանգստացնում է աշխարհի տարբեր երկրներում կրոնական արմատականության ուժեղացումը: Այս խնդիրը, ի դեպ, այս համաժողովի աշխատանքի ուղղություններից մեկն է: Ինձ համար այն առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ մի քանի տարի առաջ ես դրան բախվեցի Հյուսիսային Կովկասում: Այսօր Ռուսաստանի տարածքում բոլոր կրոններն են արմատականության ուժեղացման, աշխարհիկ գործերին, պետության գործերին միջամտելու, ընտանեկան հարաբերությունների վրա ազդելու միտում դրսևորում…
Այստեղ մեկ անգամ ևս համոզվեցի, որ այդ միտումները պետք է առավել խորությամբ ուսումնասիրել: Ինտուիցիան հուշում է,որ այսօր սա նվազ վտանգավոր չէ, քան այն, ինչով զբաղվել ենք Հյուսիսային Կովկասում զինված հակամարտությունների դեմ պայքարի ժամանակ: Իմ կարծիքով` սա մի ինստիտուտ է, որն այսօր պայքարի մեջ է մտնում հանուն իշխանության, ու այս միտումն իր մեջ մեծ վտանգ է պարունակում կանանց և ընտանիքի համար: Այն, ինչ այսօր կատարվում է տարածաշրջանի մահմեդական հանրապետություններում, ինձ համար նորություն չէր, ես մտահոգություն ունեմ, որ Ռուս ուղղափառ եկեղեցին նույնպես այս ուղիով է ընթանում:
«Երբ տնային գործերը հավասար են բաժանվում »
Վիրջինիա Ալեքսեյունեն (Լիտվա),
Հավասար հնարավորությունների զարգացման կենտրոն
AWID-ի համաժողովին չորրորդ անգամ է մասնակցում, ասում է, որ համեմատելու հնարավորություն ունի: Երկուսս հաճելիորեն զարմացած էինք, որ համաժողովում բազմաթիվ երեխաներ կային` մեծ ու փոքր… Ավելի մեծերը տեղավորվել էին միջանցքում և համակարգչով իրենց համար զբաղմունք գտել: Ամենափոքրերը, քանի դեռ մայրիկն աշխատում է, հանգիստ քնած են սայլակում` արթնանալով միայն ուտելու համար… Սա կոչվում է ընտանիքի և կարիերայի զուգակցում…Վիրջինիայի խոսքով` այս տարի երեխաները հատկապես շատ էին, նա արդեն սկսել է մտածել, որ արժի մանկական սենյակ բացել, ինչպես Ֆինլանդիայի խորհրդարանում, և հաջորդ անգամ իր հետ փոքր դստերը բերել… Կար նաև մեզ հետաքրքրող մեկ այլ թեմա, սակայն դրա նկատմամբ համաժողովի մասնակիցների վերաբերմունքը միանշանակ չէր… Խոսքը սեքս-աշխատողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ շնորհանդեսի մասին էր, ովքեր պնդում էին, որ իրենց աշխատանքը պետք է ընկալվի որպես սովորական աշխատանք, և պահանջում չխառնել իրենց թրաֆիքինգի զոհերի հետ, քանի որ իրենց գործը դա իրենց կամավոր ընտրությունն է, իրենց բիզնեսը…
– Սա նոր և անկասկած հետաքրքիր թեմա է, որն ինձ համար ինչ-որ իմաստով շոկային էր: Ես առայժմ պատրաստ չեմ բարձրաձայնելու իմ վերաբերմունքն այս հիմնախնդրի նկատմամբ, պետք է այս մասին մտածեմ, քանի որ փոքր-ինչ այլ պատկերացումներ ունեի սեքս-աշխատողների մասին: Ինձ համար, օրինակ, կարևոր է այն հարցը, թե ովքե՞ր են այս կանայք, ինչո՞ւ են ընտրում հենց այդ գործը, այլ ոչ թե մեկ այլ զբաղմունք… Համենայն դեպս, հարկ է վերլուծել լսվածը…
Թվում էր, ես արդեն տասը տարի կանանց շարժման մեջ եմ և արդեն դժվար է սկզբունքորեն ինչ-որ նոր բան հայտնաբերել, սակայն ինձ համար միևնույն է ամեն ինչ հետաքրքիր է: Օրինակ` ինձ համար շատ հետաքրքիր է սկանդինավյան երկրների փորձը, մասնավորապես այն, ինչպես հարկային համակարգի միջոցով ազդել գենդերային հարաբերությունների վրա: Ըստ էության, այս հարցում շատ բան կապված է հարկահավաքման մեխանիզմի հետ` անհատական կամ ընտանիքի միջոցով: Ինձ նաև հետաքրքրեց ընտանիքի և աշխատանքի զուգակցման խնդրի մասին քննարկումը , ամուսինների տնային գործերը հավասար բաժանելու փորձը: Հիմա մեկի աշխատավարձով ապրելն անհնար է, և այնպիսի ընտանիքներ, որտեղ միայն տղամարդն է աշխատում, իսկ կինը մնում է տանը, արդեն քիչ են, քանի որ այսօր դա անհնար է` տնտեսական նկատառումներից ելնելով…
«Ֆեմեն» կանանց շարժման նկատմամբ իմ անձնական վերաբերմունքը փիլիսոփայական է
Նատալյա Կարբովսկա (Ուկրաինա),
Ուկրաինայի կանանց հիմնադրամի ղեկավար և Կանանց համար գլոբալ հիմնադրամի խորհրդատու:
Իմ այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում «Ֆեմեն» կանանց շարժմանը, պատասխանում է «փիլիսոփայորեն»…
– «Ֆեմեն» կանանց շարժման նկատմամբ իմ անձնական վերաբերմունքը փիլիսոփայական է, թեև, նկատենք, կանանց կազմակերպություններից նրանք տարանջատվում են: Բանն այն է, որ այս շարժման ղեկավար և գաղափարական հիմնադիր Աննա Գուցոլը ժամանակին` 6 տարի առաջ, մեր հիմնադրամի «Դեպի հաջողություն առաջին քայլ» ծրագրի մասնակիցն էր, և, իմ կարծիքով, այս ծրագիրը նպաստեց նրա մեջ անկասկած առկա առաջնորդի որակների լավագույն կայացմանը: Համենայն դեպս, իրենց ակցիաների ընթացքում նրանց բարձրացրած թեմաները իրոք խիստ կարևոր են և հրատապ: Այլ հարց է` ինչպե՞ս վերաբերվել շարունակությանը, այսինքն` ձևաչափին, որոնցով դրանք հրամցվում են: Կարող եմ միայն համաձայնել նրա հետ, որ կոնֆերանսի ամբիոնից ասվածը ոչ միշտ է ԶԼՄ-ների այնպիսի ուշադրությանն արժանանում, ինպես հանվելով ակցիան: Սակայն հանվելը, իմ կարծիքով, լղոզում է ուղերձի լրջությունը, ամլացնում խնդրի բովանդակությունը: Ահա, օրինակ, մարտի 8-ին նրանք ակցիա կազմակերպեցին կնոջ կրկնակի ծանրաբեռնվածության մասին: Եկել էին կաթսաներով, շերեփներով` ցույց տալու, որ կանանց վրա կրկնակի ծանրաբեռնվածություն է ընկած` տունը և ամեն ինչ: Մենք էլ էինք այնտեղ, սկզբում ամեն ինչ կարգին էր, և ոչ ոք չէր հանվում, սակայն հետո ամեն ինչ ճղճիմ ավարտ ունեցավ, բոլորը մոռացան` ինչի՛ դեմ էին բողոքում…
«Երբ հասկանում ես, հանուն ինչի ես աշխատում»
Եվգենյա Բարդինան (Ուկրաինա),
հրեական «Կեշերի նախագիծ» կանանց կազմակերպություն
Մասնագիտությամբ լրագրող, աշխատում է Նիկոլաևի հեռուստատեսությունում, բացի այդ, գրքեր է գրում մեծահասակների և մանուկների համար: Կանանց նկատմամբ բռնության խնդրով սկսեց զբաղվել, երբ որոշեց օգնել դժբախտության մեջ հայտնված ընկերուհուն: Հետո հասկացավ, որ այդ մասին պետք է ոչ միայն խոսել, այլև բղավել բոլոր հասանելի ամբիոններից: Այսպես ծնվեց շաբաթը մեկ անգամ «Նոր օր` կանանց օր» կանանց հաղորդման գաղափարը, որը անում է հիմնական աշխատանքի շրջանակներում կամավորական հիմունքներով միայն այն պատճառով, քանի որ համոզված է` սա պետք է մարդկանց: Համաշխարհային ԶԼՄ-ներում աղմկահարույց Օքսանա Մակարի պատմության մասին, որին բռնաբարել և դաժանորեն սպանել էին Նիկոլաևում, խոսում է անթաքույց ցավով: Ի դեպ, այս գործը հրապարակային դարձավ Ժենյայի և գործընկերների շնորհիվ, նրանք ստորագրահավաք կազմակերպեցին և թույլ չտվեցին գործը կոծկել:
– Մեր հաղորդման ընթացքում անդրադառնում ենք բռնության, ՁԻԱՀ-ի, մարդկանց առևտրի, կնոջ առողջության, կաթնագեղձի քաղցկեղի խնդիրներին: Մեզ մոտ հյուրընկալվում են բժիշկներ, սոցիալական ծառայություններ, ոստիկանություն, դատախազության ներկայացուցիչներ, բոլոր մարդիկ, որոնք կարող են իրազեկ պատասխան տալ մեր, մեր հեռուստադիտողների հարցերին: Երբ դեռ նոր էինք սկսել, խնդիրներ կային, շատ էին խայթոցները, կսմիթները, քանի որ համարվում էր, թե առավոտյան այդ թեմաները բարձրացնելն անիմաստ է` ձեզ ո՞վ կնայի: Սակայն երբ սկսվեց զանգերի հեղեղը հարցերով, խորհուրդներով և խնդրանքներով` օգնեք և հուշեք, բոլոր թերահավատները տեսան այդ հորձանքը, հասկացան` այս ամենը պետք է և աշխատում է: Վերջերս նոր խորագիր ենք սկսել` «Փնտրում եմ ծնողներիս»:Փոքր տեսահոլովակներ ենք նկարահանում մանկատան երեխաների մասին և փնտրում ենք նրանց համար ծնողներ, ընտանիք: Ու շատ հաճելի էր, երբ հերթական տեսահոլովակից հետո իմացանք, որ դրա հերոսուհին իր համար ընտանիք է գտել: Մեր հաղորդումը նայած մարդիկ երջանկություն էին պարգևել այդ աղջնակին, և երբ նման բաներ են տեղի ունենում, հասկանում ես, որ հանուն դրա ես աշխատում…
Թամարա Հովնաթանյան
Դիտումների քանակը` 4235