«Դպրոցի ճանապարհը նշանակետի տակ է»…

Սահմանամերձ Չինարիի համար զինադադար չի էլ եղել

«Երեխան մի չխկոց է լսում, վախեցած՝ վազելով տուն է գալիս, գիտի թե կրակում են: Ամեն օր, ամեն ժամ, գիշեր-ցերեկ անդադար կրակում են: Որտեղ հավաքված մարդիկ են տեսնում՝ միանգամից սկսում են կրակել: Հիմա ավտոմատով կրակոցներ հազարից մեկ կլսես, հիմնականում «մինամյոտ» ու ՊՇԿ-ով են սկսել կրակել»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում են Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչները:

 

Նրանց խոսքերով՝ այս օրերին գերակտիվացած թշնամու թիրախում են գյուղի մանկապարտեզը, դպրոցը, առաջին ճակատում գտնվող տները, գյուղամիջում հավաքվող մարդիկ: Մարդիկ 24 ժամ նկուղներում են անցկացնում, այնտեղ քնում, ուտում, լողանում, երեխաներին խնամում:

 

Տավուշի մարզի շատ գյուղերի՝ Չինարիի, Մովսեսի, Սեւքարի, Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի համար զինադադար չի էլ եղել. այս գյուղի բնակիչների համար պատերազմը չի ավարտվել, գրեթե ամեն օր նրանք կրակոցներ են լսել, այս գյուղերում մեծից փոքր գիտեն խաղաղության գինը: Ինչպես չինարեցիներն են պատմում՝ երբ մեկ օր կրակոցներ չեն լինում, «երեխաները նկուղներից դուրս են գալիս, վազվզում, խաղեր խաղում»:

 

Չնայած նրան, որ Չինարիի մանկապարտեզը թշնամու հրետակոծությունից պաշտպանելու համար անվտանգության պատ է դրվել, այդուհանդերձ, մի քանի օր է՝ Չինարիի մանկապարտեզը չի գործում. փոքրիկների առօրյան նկուղներում է անցնում: Ճիշտ է, մանկապարտեզում անվտանգ է, բայց այն տանող ճանապարհն է վտանգավոր: Հատկապես մի ճանապարհահատված ուղիղ թշնամու թիրախում է, եւ ծնողները խուսափում են ռիսկի դիմել: Եթե այդ հատվածով անցնում էլ են, ապա մեկ-մեկ, առանձին-առանձին, որպեսզի չարժանանան հակառակորդի ուշադրությանը, եւ անցնում են վազելով:

 

Երբ հակառակորդը փոքր-ինչ պասիվանում է, եւ երեխաները գնում են մանկապարտեզ, ապա մեկումեջ գնդակոծությունների ձայնը խլացնելու համար, չինարեցիների խոսքերով, երեխաներին տանում են մի սենյակ եւ բարձր երաժշտություն միացնում: Չինարիի դպրոցը չի փակվել, երեխաները, ճիշտ է՝ վախվխելով, բայց գնում են դասերի, հրետակոծության պատճառով այս գյուղում ոչ մի երեխա դասերից չի բացակայում: Երեխաների անվտանգության համար դպրոցի մի քանի լուսամուտ, որոնք նայում են դեպի սահմանը, քարերով փակված է, դասարաններում արեւի լույս չի թափանցում. օրը ցերեկով աշակերտները ստիպված են լինում էլեկտրական լույսի տակ դասերը պարապել.

 

«Դպրոցի ճանապարհը նշանակետի տակ է, դպրոց գնալն էլ շատ վտանգավոր է, գնում են արագ-արագ, վազեվազ, մինչեւ դպրոցը մի երկու ծառ կա, բայց դրանք չեն փակում տեսադաշտն այնպես, որ երեխաներին վնաս չլինի»,- ասում են մեր զրուցակիցները:

 

Սահմանամերձ այս գյուղերում թաղումներից, ծնունդներից, հարսանիքներից սկսած՝ ամեն մի միջոցառում արագացված կարգով են անցկացվում, որպեսզի մարդկանց կյանքը վտանգի տակ չդրվի: «Երբ մի արարողություն է լինում, գյուղացիներին խնդրում ենք արագ ուտել, չենք թողնում, որ խումբ-խումբ հավաքվեն մի տեղում, քանի որ վտանգավոր է, թշնամին անընդհատ հետեւում է եւ նման հարմար առիթի է սպասում»,- պատմում են չինարեցիները:

 

Վերջին օրերի գնդակոծություններից Չինարիում մարդկանց տներ են վնասվել, լուսամուտներ կոտրվել, տանիքներ ծակվել, անասնագոմեր փլվել, ավտոմեքենաներ տուժել: Չինարեցիների խոսքերով՝ կրակոցները հատկապես ակտիվանում են երեկոյան ժամերին՝ վեցից սկսած: Այստեղ առավոտներն էլ խաղաղ չեն, հակառակորդը կրակում է դաշտերում աշխատող գյուղացիների վրա. «Մարդկանց աչքի առաջ բերքը փչանում է, չեն կարողանում հավաքել, մարդիկ առավոտ շուտ են գնում այգիները, դաշտ, որպեսզի կարողանան մի քիչ բերք հավաքել, բայց լույսը չբացված էլ են կրակում, չեն թողնում: Նույն բերքը ստիպված ենք լինում խանութից գնել եւ բավականին թանկ»:

 

Ադրբեջանցիների թիրախում են հայտնվում նաեւ գյուղի մեծահասակ բնակիչները, երբ հավաքվում են գյուղամիջում նարդի խաղալու. «Առաջ պոստից պոստ էին կրակում, հիմա հենց մարդկանց շարժ են տեսնում՝ կրակում են»,- իրավիճակը նկարագրում են չինարեցիները: Չինարիից արտագաղթը մեծ չէ, ընդհակառակը՝ ինչպես մեր զրուցակիցները նշեցին, գյուղում ներգաղթ է եղել. Չինարի են վերադարձել «գյուղի ջահելները», որոնք Ռուսաստանում արտագնա աշխատանքի էին. լսելով, որ հակառակորդը կրկին ակտիվացել է, գործները թողնելով՝ եկել են: «Այստեղ ամեն մարդ իր տունը քրտինքով է ստեղծել եւ չի պատրաստվում հեռանալ, Չինարիում ընտանիք ունեն, ծնողներ ու երեխաներ, եւ մնալու ենք ու պայքարելու՝ թշնամուն ապացուցելու, որ հզոր ենք»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ «Առավոտ» օրաթերթ

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Կրթությունը կրակի տակ». ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույց

 

 

Դիտումների քանակը` 3523

Գլխավոր էջ