«Դու որ չգայիր մեր գյուղ, մեր հալն ինչ էր լինելու»…

Փոքր գյուղական համայնքներում քաղաքականության  մեջ կանանց  ներգրավվածության  հանդեպ հասարակությունը մշտապես պահպանողական մոտեցում է ցուցաբերել: Ու թեև գտնվել են  կանայք, ովքեր իրենց աշխատանքում  եղել են ակտիվ ու համարձակ, այնուհանդերձ նրանց ուղղված  անհարկի խոսակցություններն անպակաս են եղել: Սկզբնական  շրջանում այսպես էր  նաև հեռավոր Կապանից  30 տարի առաջ   Կոտայքի  մարզի  Մրգաշեն  համայնք  հարս եկած Լյուդմիլա Մարտիրոսյանի  պարագայում,  հատկապես, երբ 2004 թվականին առաջին անգամ առաջադրվեց որպես ավագանու թեկնածու: Մինչ այդ  ավագանու կազմում որևէ  կին  չէր եղել, և  ահա  Լյուդմիլային  հաջողվեց ստանալ անցողիկ թվով  ձայներ:

 

–         Գյուղում ասելիք էր դարձել, թե տեսեք, Սվետայի հարսը շալվար է  հագնում: Սակայն  այսօր հարս ու աղջիկները և  շալվար են  հագնում,  և  կարճ շրջազգեստ: Աչքները սովորեցին: Իսկ երբ առաջին անգամ առաջադրվեցի ավագանու թեկնածու և  ընտրվեցի  համայնքի կողմից, ոմանք  դարձյալ  ասում էին` կնոջ  գործը  ընտանիքն է,  կինն ուր, ավագանին   ուր:  Ի դեպ, այն ժամանակ  Մրգաշենում ոչ մի   կին չէր աշխատում,- պատմում է Լյուդմիլան:

 

Մինչդեռ իր ծննդավայր Կապանում ընտանիքի  բոլոր անդամներն աշխատում էին, ուստի Լյուդմիլայի համար կնոջ չաշխատելն անսովոր երևույթ էր: Ու երբ ամուսնացավ, ունեցավ երեք երեխա, որոշ ժամանակ անց որոշեց աշխատել: Այս անգամ էլ հնչեցին հարևան-բարեկամ  կանանց  «մտահոգիչ» արտահայտությունները.

 

«Ախր ինչիդ է  պետք աշխատանքը, սիրուն կին ես, ամուսինդ ոնց է  թողնում խալխի տղամարդկանց  հետ  մի սենյակում  աշխատես, բա  խալխը ինչ  կասի»:

 

Սակայն,  ինչպես ասում են,  վիճակը նետված էր:  Լյուդմիլան որոշել էր աշխատել և համոզված էր, որ կկարողանա ամեն  ինչ հասցնել: Կարճ ժամանակ անց  աշխատանքի է անցում Եղվարդի  «Ջուր  օգտագործողների ընկերության»  Մրգաշենի մասնաճյուղում, որտեղ ամուսինն աշխատում էր որպես  տեղամասի  պետ,   Լյուդմիլան`  հաշվապահ: Իսկ երբ ամուսնու համաձայնությամբ առաջադրվեց ավագանու թեկնածու, իսկ  համայգյուղացիները համոզվեցին, որ կանայք կարող են առավել համարձակ ու նախաձեռնող լինել իրենց աշխատանքում, արդեն կանանցից  շատերը սկսեցին աշխատանք  փնտրել: Այսօր ադրեն համայնքի երիտասարդ  հարս ու աղջիկ աշխատում են Երևանում:

 

Ստացվում է, որ մեկի օրինակը  վարակիչ կարող է  լինել ողջ համայնքի  համար:  Այսօր Լյուդմիլան է չորորդ անգամ է  ՏԻՄ ընտրություններում  առաջադրվում: 12 տարի շարունակ  համայնքը նրա նվիրված ու  հոգատար աշխատանքի արդյունքի ականատեսն  է: Ու հաճախ են  Լյուդմիլային ասում .«Դու ոչ չգայիր  մեր գյուղ,  մեր հալն  ինչ էր լինելու»:

 

Իսկ Մրգաշենում   համայնքապետի ու ավագանու անդամների համատեղ աշխատանքով  քիչ գործ չի արվել:

 

–         Քայլ առ քայլ ընկերներիս հետ մեր համայնքի խնդիրները վեր հանեցինք, փորձեցինք նաև լուծումներ գտնել` ակտիվորեն համագործակցելով համայնքապետարանի հետ: Աշխատանքի ընթացքում փորձեցի կարևորել նաև իմ դերը մեր համայնքի կյանքում: Համայնքում խմելու, ոռոգման  ջրի,  աղբահանության  խնդիր չկա, փողոցներն ասֆալտապատ են, լուսավոր,  վերանորոգվել է մանկապարտեզի  շենքը և այսօր այնտեղ  հաճախում են  նաև հարևան Նոր Արտամետ համայնքի փոքրիկները: Անցյալ տարի մեզ  հաջողվեց  լուծել քաղաքային  տրանսպորտի  հարցը: Բանն այն էր, որ Մրգաշենի երիտասարդներից  շատերն ուսանող են Երևանում, իսկ  համայնքին  տրամադրված միկրոավտոբուսը մշտապես զբաղեցված էր  լինում իրենց արտադրանքը`կաթն ու մածունը քաղաքում  վաճառքի տանող կանանցով, ուսանողներն ուշանում էին դասերից: Դա  իրոք  մտահոգիչ հարց էր մեզ  համար, ուրախ եմ, որ լուծեցինք այն,- մեզ  հետ զրույցում  պատմում է  Լյուդմիլան:

 

Նրա  համոզմամբ անելիքներ միշտ էլ  կան, պարզապես  համայնքապետն ու ավագանու անդամները պետք է  հետևողական  լինեն դրանց  կատարման  համար: Իսկ  համայնքի խնդիրների լուծման ճանապարհին մեծ է ավագանու  յուրաքանչյուր  անդամի  դերը, քանզի նրանից է  կանխված ավագանու ինստիտուտի կայացումը: Իսկ  վերջինս Լյուդմիլայի  համոզմամբ դեռ  կայացման  ճանապարհին է: Իհարկե, կնոջ ներկայությունը ավագանու կազմում կփոխի և  փոխում է շատ բան, սակայն ներկայացվածության դեպքում էլ կարևորում է գրագետ, բանիմաց, ճանապարհ անցած, հարգված ու ճանաչված կանանց ներկայությունը:

 

–         Չմոռանանք, որ կանայք ավելի պարտաճանաչ են և պատասխանատու: Ու  նաև,  երբ կանայք մտնում են ընտրական պայքարի մեջ, այն որոշ չափով մեղմ է  ընթանում,- համոզված է Լյուդմիլան:

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 3753

Գլխավոր էջ