«Գործս մեծ հաճույքով եմ անում ու երբեք չեմ մտածում քաղաքում ապրելու մասին» / տեսանյութ
Կոտայքի մարզի Ջրառատ գյուղ հասնելը, թվում է, դժվար չէ: Սակայն պարզվում է, որ Մալոչնի կոչվող թաղամաս հասնելու համար ջանքեր են պետք: Պատճառը, իհարկե, անբարեկարգ ճանապարհն է: Ընդամենը մի քանի կիլոմետր է, բայց մեքենաները այստեղ մեծ դժվարությամբ են հասնում, հատկապես ձմռան ամիսներին:
Թաղամասի բնակիչ Լիլյա Ավետիսյանին անբարեկարգ ճանապարհները չեն ընկճում. նա ամեն օր իր սեփական մեքենայով գալիս է Երևան, որից հետո Չարենցավան և գրեթե բոլոր խանութներին առաքում է Հրազդանի թարմ «քարե» հացը: Իրականում Լիլյա Ավետիսյանի հիմնական զբաղմունքը ոչ թե առաքիչ աշխատելն է, այլ անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվելը:
«Երբ սկեսրոջիցս առանձնացանք, ես ու ամուսինս որոշեցինք, որ պետք է շատ կով ու ոչխար պահենք, որ կարողանանք տունուտեղ դնել: Մեզ օգնեց «Ֆարմ կրեդիտը»՝ տրակտոր տրամադրելով, ինչը մեր գործը շատ հեշտացրեց: Հիմա ունեմ 5 կով, 50 գլուխ ոչխար»,- ասում է Լիլյան, ում թեկնածությունը «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությանը հենց «Ֆարմ կրեդիտ» կազմակերպությունն էր ներկայացրել:
Սեփական մեքենա ունենալը շատ է օգնում Լիլյային նաև կաթը իրացնելու հարցում:
– Իհարկե, մեքենայիս ապակիները մուգ են, չի երևում, որ ղեկի առաջ կին է, բայց երբ տեսնում են` շատ հետաքրքրությամբ են նայում, քանի որ Հրազդանում կին վարորդ քիչ կա: Դե հիմա, նայեն-չնայեն` իմ ընտանիքին ավելի ձեռնտու է, որ ես սեփական մեքենա ունենամ, որ կարողանամ կաթը տանել ու վաճառել:
Նրա օրը սկսվում է առավոտյան ժամը վեցին.
– Կովերը պետք է կթեմ, ուղարկեմ նախիր, հետո գոմը մաքրեմ, ոչխարներին դուրս հանեմ: Կաթերը տեղավորեմ, որից հետո գնամ աշխատանքի՝ հաց առաքելու,- պատմում է Լիլյան ու հավելում, որ այդ գործը մեծ հաճույքով է անում ու երբեք չի մտածում քաղաքում ապրելու մասին, քանի որ անասնապահությամբ զբաղվելով լավ եկամուտ է ստանում:
Լիլյայի ամուսինը՝ Արսենը, պատմում է, թե ինչպես են ծանոթացել. «Աշխատում էի անտառում ու մի օր գյուղամիջով բարձրանալիս Լիլոյին տեսա: Իրանք հինգ քույր են ու մի եղբայր ունեն: Սկսեցի հարցուփորձ անել, ասեցին՝ «Լսի, էդ աղջիկներից ամեն մեկը մի տղամարդ արժի»: Ու իսկապես, գյուղում ամենաշատ ցախը իրենց դուռն էր բարձած: Ու ըտենց ծանոթացանք, ամուսնացանք ու հիմա միասին արդեն երեխեքի հետ աշխատում ենք ու մեր հոգսերը հոգում»:
Արսենը շատ է հպարտանում կնոջով, ասում է` շատ լավ է, երբ կողքիդ կինը գործունյա է, աշխատող ու քեզ թևութիկունք է, ու ընտանեկան դժվարությունները միասին են հաղթահարում: Քթի տակ ժպտալով ասում է, որ մայրը բոլոր հարսներից ամենաշատը Լիլոյին է տեղ տալիս:
Ամուսինները պատմում են, որ շատ հաճախ են դրսից իրենց աշխատանքի առաջարկներ արել, բայց չեն գնացել, քանի որ այստեղ՝ իրենց դռանն էլ կարողանում են կարգին վաստակել ու կենցաղային կարիքները հոգալ:
«Տեսեք` շատ գյուղացիներ կան, որ վարկեր են վերցնում ու հետո չեն կարողանում այն վերադարձնել, բայց մինչև վերցնելը պիտի ծանրութեթև անես ու հասկանաս` կարո՞ղ ես վարկի տակից դուրս գալ: Եթե տեղին օգտագործես, շատ լավ բան է վարկի տրամադրումը»,- ասում է Լիլյան ու բացահայտում մի քանի գաղտնիքներ բիզնեսում հաջողության հասնելու համար:
– Ես միշտ վարկ եմ ստացել ու այդ փողից թեկուզ 10 դրամ չեմ ծախսել տան համար կամ թեկուզ մի շոր ու կոշիկ չեմ առել երեխաների համար: Եթե վարկը վերցրել եմ, որ անասուն առնեմ-շատացնեմ, ուրեմն հենց դրա համար էլ օգտագործել եմ: Եթե էդպես չանեմ, հաստատ ուրիշների նման կընկնեմ տոկոսի տակ,- ասում է Լիլյան` նշելով, որ գարունը բացվելուն պես պետք է մեծացնի գոմի տարածքը ու շատացնի կովերի գլխաքանակը:
Արմինե Գևորգյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Գործունյա կնոջ ձեռքում քարն էլ է փափկում…/ տեսանյութ
Ամփոփվեց «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությունը
Շնորհավորում ենք «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» մրցույթի հաղթողներին
«Մեր տան ամեն ինչը «բնական» է»…/ տեսանյութ
«Կանա՛յք, վստահե՛ք ձեր ուժերին և առա՛ջ շարժվեք»…
«Աշխատանքի մեջ պահանջկոտ եմ, ուզում եմ ամեն ինչ իր հունով, շիփ-շիտակ գնա»
«Հաջողության բանալին համբերատարությունն է ու սերը աշխատանքի նկատմամբ»
«Տարիների ընթացքում զարգացրել եմ սեփական տնտեսությունս»
«Նոր ուղիներ եմ փնտրում տնտեսությունս ընդլայնելու և զարգացնելու համար»
«Բոլոր դժվարությունները դառնում են հաղթահարելի, եթե գիտես` հանուն ում և ինչի պայքարել»
«Յուրաքանչյուր աշխատանքին հարկավոր է ստեղծագործաբար մոտենալ, սեր ու հոգի ներդնել»
WomeNet.am-ը անդրադառնում է «Գյուղմթերք արտադրող կին հերոս» կոչմանը արժանացած բոլոր կանանց պատմություններին
Դիտումների քանակը` 3269