«Գործարար հայուհի-2012» ցուցահանդեսը Երևանի քաղաքապետարանում

Այսօր Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի ունեցավ  «Գործարար հայուհի-2012» էքսպո-ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացված են արտադրող և ներկրող 60 ձեռնարկություններ ու ընկերություններ, որոնք ղեկավարում են կին գործարարներ: Ցուցահանդեսը կազմակերպվել է կանանց գարնանային տոների կապակցությամբ և բաց կլինի երկու օր:

 

Բացման արարողությանը մասնակցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը  շնորհավորելով  կանանց միամսյակի առթիվ  նշեց. «Քաղաքապետարանի դռները բաց են նմանատիպ միջոցառումների համար։ Վստահ ենք, որ գործարար հայ կանայք քաղաքապետարանի ուժն ու ռեսուրսը կօգտագործեն իրենց գործունեությունն ավելի ամրապնդելու և առաջ տանելու համար»:

 

Ցուցահանդեսը կազմակերպմանը աջակցել է  ՀՀԿ կանանց խորհուրդը: «Ցուցահանդեսն արդեն 11-րդ անգամ է անցկացվում, իսկ վերջին 5 տարիներին՝ ՀՀԿ կանանց խորհրդի աջակցությամբ», – նշեց  խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր  Հերմինե Նաղդալյանը, տեղեկացնելով,  որ այսուհետև ցուցահանդեսը ոչ թե տարին մեկ, այլ երկու անգամ կկազմակերպվի՝ գարնանը և աշնանը:

 

«Գարնանային ցուցահանդեսին ավելի շատ ներկայացված կլինեն այն կանայք, ովքեր ավելի կայացած, ավելի կոմերցիոն բնույթի բիզնես ունեն։ Իսկ աշնանային ցուցահանդեսը, որը նույնպես կընթանա «Գործարար հայուհի» խորագրի ներքո, նվիրված կլինի այն կանանց, ովքեր նոր են սկսում իրենց ճանապարհը բիզնեսում, ովքեր զբաղվում են ժողովրդական արհեստները վերածնելով, վերականգնելով», – ասաց նա:

 

Ցուցադրությունը բաց է այցելուների համար նաև վաղը, ապրիլի 1-ին:

 

Դիտումների քանակը` 5337

Գլխավոր էջ