«Բռնությունը քարանձավային դրսևորում է». Հայ տղամարդիկ շարունակում են ոչ ասել բռնությանը/ video

 

Հայտնի ըմբշամարտիկ, 2012թ. Օլիմպիադայի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը կանանց նկատմամբ բռնություն իրականացնող  տղամարդկանց կոչ է անում իրենց ուժն օգտագործել այլ տեղերում, օրինակ` սպորտում:

 

«Ժամանակն է եկել հրաժարավելու ուժ կիրառելուց: Ու կիրառելու տարբեր բնագավառներ կան, թող գնան սպորտի, թող գնան մարտեր` առանց կանոնների, բայց ինչ-որ հարց լուծել ուժի գործադրմամբ, կարծում եմ անիմաստ է ու ցիվիլ հասարակությանը ոչ բնորոշ: Պետք խոսել, պետք է քննարկել խնդիրները»,-ասում է  «Սպիտակ ժապավենի» ասպետը:

 

Մարզիկի հետ WomenNet.am-ի զրույցը կայացավ  օրեր առաջ Կամերային երաժշտության տանը` «Ոչ ընտանեկան բռնությանը» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ: Նա միջոցառմանը եկել էր կնոջ հետ:  Արսեն էլ շատ հայտնի դերասանների, երգիչների, մարզիկների հետ միասին իր ո՛չն է ասում ընտանեկան բռնությանը:

 

«Չեմ կարողանում ոչ մի կերպ հասկանալ, ինչի համար է բռնությունը: Իմ կարծիքով, բռնություն գործադրողները կոմպլքեսավորված անձինք են, որոնք ունեն ինքնահաստատամ,ան, իրենց ուժը անընդհատ ապացուցելու խնդիր, ունեն բացասական կողմեր, թերություններ, և փորձում են կայանալ թույլի նկատմամբ ձեռք բարձրացնելով: Բայց դրանով նրանք ոչ մի հարց չեն լուծում, ընդհակառակը` ամեն ինչ բարդացնում են»,- WomenNet.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց մարզիկը:

 

«Ոչ ընտանեկան բռնությանը» ֆիլմի շնորհանդեսը տեղի ունեցավ մայիսի 7-ի երեկոյան:  Ֆիլմը պատրաստվել է «Կանանց իրավունքների կենտրոնի» ու նույն  ՀԿ-ին կից գործող «Տղամարդիկ ընդդեմ կանանց բռնության» ցանցի անդամների կողմից:  Ֆիլմը շուտով կհայտնվի համացանցում:

 

Ֆիլմի հերոսը մի երեխա է, ով պատմում է մոր ու իր նկատմամբ բռնությունների մասին:

 

«Ես ուզում էի, որ մաման գնար գործի: Ես ու քույր ուզում էինք պարի խմբակ գնալ, իսկ պապան չէր ուզում, ասում էր փող չկա: Մամային էլ չէր թողնում գործի գնալ, ասում էր գնաս գործի, կգամ գլուխդ կջարդեմ: Երբ մամային ծեծում էր, ես գնում մտնում էի մահճակալի տակ, տեսնում էի այդ ամենը: …Մի ամիս է` չեմ տեսել պապայիս, չեմ էլ ուզում…»,-սա հատված է փոքրիկ տղայի պատմածներից, ում ոչ անունը, ոչ էլ արտաքինը ֆիլմում չի երևում:

 

 

Հետո վիճակագրություն է` չորս կանանցից մեկը իր կյանքի ընթացքում ընտանեկան բռնության զոհ է դառնում, ընդ որում, նրանցից մի քանիսը մի քանի անգամ, երեխաների ավելի քան 50 տոկոսը ներկա են լինում ընտանիքում կատարվող բռնությանը…

 

 

Վիճակագրությանը հաջորդում են հայաստանցի հայտնի տղամարդկանց` Արսեն Գրիգորյանի (Մրո), Անդրեի, Հայկոհի, Մարտին Վարդազարյանի, Ռաֆայել Քոթանջյանի,  Սոս Ջանիբեկյանի, շախմատի հավաքականի ներկայցուցիչների ու այլոց «Ոչ ընտանեկան բռնությանը» կոչերն ու բռնության վերաբերյալ նրանց կարծիքները` «Նույնիսկ մի դեպք ընտանեկան բռնության արդեն պատիվ չի բերում մեզ», «Ցավալի իրականություն է», «Դա ահավոր է», «Բռնությունը քարանձավային դրսևորում է», «Ես դատապարտում եմ», «Այն տղամարդը, որ կարողէ  ծեծի ենթարկել կնոջը, ինձ համար չի կարող տղամարդ լինել»…

 

Ֆիլմն ավարտվում է երջանիկ ընտանիքների լուսանկարների ցուցադրմամբ:

 

 

Մոտ 20 րոպեանոց ֆիլմին 50-ամյա Նարինեն հետևեց արցունքն աչքերին: Աչքի առաջ երիտասարդ տարիներն էին ու 30 տարի շարունակ կրկնվող բռնությունները:

 

«Ենթարկվել եմ բռնության 30 տարի ամուսնուս կողմից: 30 տարի վախենալով, չհասկանալով օրենքը, ճիշտը, չեմ դիմել ոչ մի իրավապահի, անընդհատ սպառնացել է` կմորթեմ, կսպանեմ, ես էլ ունեմ չորս երեխա, այդպես ապրել եմ, մտածում էի` կվնասի երեխաներից: Հետո մի օր հասկացա, որ նման տղամարդու հետ ապրել պետք չէ: Վախը սրտներումս ապրում էին, ոչ քնելն էինք հասկանում, ոչ ուտելը… Հիմա վարձով առանձին եմ ապրում, երեխաներից երկուսն ամուսնացել են, թոռնիկներ ունեմ, ինձ մի տեսակ լիարժեք մարդ եմ զգում, աշխատում ենք, ապրում խաղաղ հանգիստ կյանքով»,-ասում է Նարինեն ու շնորհակալություն հայտնում ՀԿ-ի ներկայացուցիչներին:

 

Հ. Կարապետյան

 

 

 

Կարդացեք նաեւ թեմայի շուրջ մեր կայքում.

 

Տղամարդիկ պայքարում են ընդդեմ կանանց նկատմամբ բռնության, իսկ օրենքի հարցը մնում է առկախ

 

«Սպիտակ ժապավենի» ասպետները

 

Դիտումների քանակը` 4722

Գլխավոր էջ