«Բոկո Հարամ»-ից ազատագրված աղջիկներից գրեթե բոլորը հղի են

«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման կողմից առեւանգված աղջիկներն ու կանայք տեւական ժամանակ սեռական բռնությունների են ենթարկվել, դա է ապացուցում այն փաստը, որ վերջերս ազատագրված 234 աղջիկներից 214-ը հղի են: Ընդ որում նրանցից շատերն անչափահաս են:

 

«Բոկո Հարամը» անցած տարվա սկզբից Նիգերիայում շուրջ 2000 աղջիկների եւ կանանց է առեւանգել: «WomenNet.am»-ն անդրադարձել է ) 2014 թվականի գարնանը սկիզբ առած «Վերադարձրեք մեր աղջիկներին» (#BringBackOurGirls) միջազգային շարժմանը: Ամբողջ աշխարհից ավելի քան մեկ միլիոն մարդ էր միացել այս նախաձեռնությանը՝ Նիգերիայի իշխանություններից եւ միջազգային կառույցներից պահանջելու շուտափույթ ազատագրել աղջիկներին:

 

Նիգերիայում զանգվածային բողոքի ցույցեր էին անցկացվում, քաղաքացիները դժգոհում էին, որ իշխանությունները հապաղում են իր գործողություններում: Մեկ տարի անց պարզ դարձավ, որ այդ հապաղումն ծանր հետեւանքներ ունեցավ աղջիկների համար: Զանգվածային բռնաբարությունների արդյունքում նրանց ճնշող մեծամասնությունն այժմ երեխայի է սպասում իրենց անծանոթ ահաբեկիչներից:

 

Ներկայումս Նիգերիայի բանակը եւ ՄԱԿ-ի բնակչության ֆոնդը փորձում են սեռական բռնության զոհ դարձած աղջիկներին ապահովել իրավաբանական եւ հոգեբանական աջակցությամբ:

 

«Հակամարտության եւ համաճարակի ժամանակ մարդկանցից շատերը մտածում են ջրի եւ հիգիենայի մասին, փորձում են ապահովել կացարաններ եւ սնունդ, որոնք անշուշտ, կարեւոր են: Բայց կանայք եւ աղջիկներն ունեն հատուկ կարիքներ, որոնց մասին ոչ ոք հոգ չի տանում», – «Vanguard»-ին տված  հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի բնակչության ֆոնդի գործադիր տնօրեն Բաբատունդ Օսոտիմեհինը:

 

ՄԱԿ-ը տեղական բնակչության 60 ներկայացուցիչների հատուկ վերաատրաստել է բռնության ենթարկված կանանց եւ աղջիկների հետ աշխատելու համար: «Ես ուրախ եմ, որ համայնքները հղի աղջիկներին չեն առանձնացնում իրենցից եւ հետ են ընդունում: Դա եւս կարեւոր թերապիա է տուժած աղջիկների  համար»,- նշել է Բաբատունդ Օսոոտիմեհինը:

 

Արման Ղարիբյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Վերադարձրեք մեր աղջիկներին». բողոքի ցույցերը շարունակվում են…

 

«Վերադարձրեք մեր աղջիկներին» միջազգային շարժումը թափ է առնում: Միացե՛ք:

 

Դիտումների քանակը` 3666

Գլխավոր էջ