«Բանակն ինձ ֆեմինիստ դարձրեց»

 

Էդուարդը այն քիչ հայ տղամարդկանցից է, ով իրեն ֆեմինիստ է համարում եւ բարձրաձայն հայտարարում է այդ մասին: 20-ամյա երիտասարդը դեռեւս ուսանող է, կյանքի մեծ մասը անցկացրել է հիմնականում տղայական միջավայրում, ծառայել է հայոց բանակում, սակայն այդ ամենը նրա մոտ խտրական վերաբերմունք չեն ձեւավորել կանանց նկատմամբ:

 

«Ես շատ վաղ տարիքից էլ ազատամիտ եմ եղել, չեմ կարող ասել, թե մեր ընտանիքի սեռերի հավասարության առումով ամենավառ օրինակն է եղել, բայց ես ինքս երբեք որեւէ տարբերություն չեմ դրել տղայի ու աղջկա միջեւ»,- ասոմ է Էդուարդ Ղազարյանը:

 

Նա դեռ մանկուց նկատել է, որ թե իր հասակակիցների, թե հասուն մարդկանց շրջանում իգական եւ արական սեռի ներկայացուցիչների ազատության սահմանը տարբեր է: «Շատ եմ լսել «դու տղա ես» արտահայտությունը, շատ են եղել դեպքեր, երբ նույն բանը ինձ կարելի էր, իսկ իմ դասարանցի աղջկիկներին՝ ոչ: Ինձ միշտ բարկացրել է այդ տարբերությունը, վստահ եմ, որ աղջիկներն էլ են ուզում նույնքան ազատ լինել, որքան մենք»,- նկատում է ուսանողը:

 

Էդուարդը երկու եղբայր ունի եւ իրենց տանը երեխաների միջեւ խտրականություն չի նկատել, սակայն այլ ընտանիքներում բազմիցս ականատես է եղել խտրական դրսեւորումներին. «Մի ընտանիքում եղբայրը կարող է շատ ուշ ժամի տուն վերադառնալ, իսկ քրոջն անգամ չեն թողնում տնից դուրս գա կամ քույրն ամբողջ օրը տնային գործեր է անում, իսկ եղբայրը համակարգչի առջեւ նստած է»:

 

Էդուարդը չի հասկանում, թե ով եւ ինչու է որոշել, որ տղամարդիկ ավելի շատ իրավունքներ ունեն, քան կանայք: «Սեռը Աստծո կողմից է տրված, այս կամ այն սեռին պատկանելը ոչ առավելություն է, ոչ էլ թերություն, մենք տարբեր ենք ստեղծված, որպեսզի կարողանանք միասին սերունդներ տալ, բայց լիովին հավասար ենք»,- կարծում է Էդուարդը:

 

Նա վերջերս է զորացրվել հայոց բանակից, ասում է, որ ծառայության ընթացքում ավելի ակներեւ են եղել խտրականության դրսեւորումները, եւ որ դրանք իրեն էլ ավելի են դրդել հանդես գալու կանանց եւ տղամարդկանց հավասարության դիրքերից: «Կարելի է ասել, որ բանակն ինձ ֆեմինիստ դարձրեց: Ես այնքան տհաճ բաների ականատես եղա, որ վերջնականապես համոզվեցի, որ պիտի էս հասարակությունը փոխել…Շատ տղաներ իրենց ընկերուհիներին ստրուկի պես են վերաբերվում, պարզապես չեմ հասկանում ինչու են ուզում, որ իրենց կողքի աղջիկը ոչ թե լիարժեք մարդ լինի, այլ ստրուկ»,- ասում է Էդուարդը:

 

Ծառայության տարիներին  շատ է զրուցել այս խնդրի շուրջ իր հետ ծառայող տղաների հետ,  փորձել է բացատրել իր գաղափարները: «Հետաքրքրական է, որ երբ ազատության մասին էի խոսում, շատերը դա նույնացնում  էին պոռնկության հետ, միշտ ռուս աղջիկների օրինակն էի բերում, բայց իմ ասած ազատությունը որեւէ ազգի կամ անբարոյականության հետ կապ չունի»:

 

Էդուարդը կարծում է, որ տարեց տարի հայ երիտասարդներն ավելի ազատամիտ են դառնում, ակնկալում է, որ տասնյակ տարիներ հետո մեր հասարակության մեջ գենդերային անհավասարությունն այսքան սուր չի լինի: «Ծնողներն էլ են ավելի երիտասարդանում, նրանք իրենց երեխաներին ազատ են դաստիարակում, եթե ես տղա ու աղջիկ ունենամ, որեւէ տարբերություն չեմ դնի նրանց միջեւ»: Իսկ նախքան սերունդները կփոխվեն, Էդուարդ Ղազարյանն առաջարկում է դրական խտրականության  ձեւեր կիրառել  տարբեր բնագավառներում,  որպեսզի կանայք  հաղթահարեն անինքնավստահությունն ու կաշկանդվածությունը:

Ա.Ղ.

Դիտումների քանակը` 3446

Գլխավոր էջ