«Ավելի լավ է քար ծնեիր». գենդերային սելեկցիան Դաղստանում
Դաղստանում սկսել են ավելի հաճախ դիմել սելեկտիվ աբորտների՝ երեխայի սեռի պատճառով. Ընտանիքներում աղջիկները ցանկալի չեն… այս թեմային են անդրադառնում Daptar կայքի մեր դաղստանյան գործընկերները՝ փորձելով վերլուծել սելեկտիվ աբորտների հիմքում ընկած պատճառները: Նյութում ներկայացված դրվագները ցավալիորեն հիշեցնում են հայ իրականությունը… Այդ թվում եւ այն, որ կրոնը՝ լինի դա քրիստոնեություն թե իսլամ, այդ երեւույթը դատապարտում են …
– Ո՞վ է ծնվել, տղա՞ եք ունեցել:
– Ոչ…
– Բա էլ ի՞նչ:
Նման երկխոսությունը շատ բնորոշ է Դաղստանի համար: Առաջին բանը, որ պետք է անի դաղստանցին ինքնահաստատվելու և ընկերների կողմից հարգվելու համար, գոնե մեկ ժառանգ ունենալն է: Սա եկել է հնուց. հենց տղայի մեջ է ընտանիքի հայրը տեսել ցեղի շարունակողին, օջախի և երկրի պաշտպանին: Սակայն հենց այս ամենի պատճառով է, որ Դաղստանում չեն ծնվում հազարավոր աղջիկներ և հաշմանդամ են դառնում շատ երիտասարդ կանայք:
Աղջիկը՝ որպես «ուրիշի տան ինվեստիցիա »
Նախկինում նոր ծնված աղջիկը հենց առաջին օրերից էլ համարվում էր բազում խնդիրների և ծախսերի աղբյուր. անհրաժեշտ էր մեծացնել համնեստ և աշխատասեր աղջիկ, մեծ գումարներ ծախսել օժիտ տալու համար և հանձնել նրան օտար մի ընտանիքի: Կա նման մի ասացվածք. երբ տղա է ծնվում, դու ես թքում ուրիշի տան մեջ, երբ աղջիկ է ծնվում, ուրիշն է թքում քո տան մեջ: Սա կապված է աղջկան ուրիշ օտար ընտանիքի տալու ավանդույթի հետ: Կա նաև մեկ այլ շատ կարևոր գործոն. Կովկասում համարում էին, որ աղջիկը պոտենցիալ սպառնալիք է ընտանիքի համար, նրանից միշտ վատ արարքներ էին ակնկալում, ինչն էլ խստություն և դաժան վերաբերմունք էր առաջ բերում:
Ոչ վաղ անցյալում միայն աղջիկներ ծնած կնոջը համարում էին ոչ լիարժեք և ամեն կերպ նվաստացնում էին: Տղամարդիկ անխնա լքում էին աղջիկներ ծնած իրենց կանանց՝ ասելով «Ավելի լավ է քար ծնեիր»…
Որոշ կովկասյան ժողովուրդների մոտ նույնիսկ նման մի ավանդույթ կար. սպանել աղջիկ նորածիններին… Համարվում էր, որ դա պարգևատրվելու է հաջորդ երեխայի տղա լինելով: Հաճախ տղամարդիկ բարեկամների համաձայնությամբ բաժանվում էին իրենց կանանցից, ովքեր տղա չէին ունենում, խրախուսվում էր նաև արտամուսնական զավակների ծնունդը, միայն թե տղա ունենային:
Մախաչկալայի բնակչուհի Զայնաբ Իբրահիմհանովան պատմում է, որ իր մորաքրոջը, ում միայն ութերորդ երեխան էր տղա, ամուսնու ընտանիքի կողմից պարբերաբար կտտանքների և նվաստացումների է ենթարկվել, նրան նույնիսկ ձմռանը իր փոքրիկ աղջիկների հետ դուրս են արել, ափսեի մեջ դիտավորյալ ապակու կտորներ են գցել և այլն: Նա երկու-երեք տարին մեկ ծննդաբերում էր, իսկ այդ ինտերվալներում մի երկու անգամ էլ աբորտ էր անում, բայց ոչ մի կերպ տղա չեր ունենում: Բոլոր բարեկամները հանգստացան միայն այն ժամանակ, երբ տղա ծնվեց, և ժառանգորդին ձեռքերի վրա էին պահում:
-Աշխատակցուհիս երկրորդ երեխան պետք է ունենար, առաջնեկը աղջիկ էր՝ երկու տարեկան էր: Երջանիկ էր շատ, սակայն ամուսինն ու սկեսուրն երբ իմացան, որ աղջիկ է լինելու ստիպեցին ընդհատել հղիությունը, հետո փոշմանեցին, բայց արդեն ուշ էր՝ կինը այլեւս չհղիացավ… – պատմում է Ամինատ Դաուդովան Խասավյուրտից:
Մեկ այլ պատմություն ցույց է տալիս լրիվ այլ հակառակ վերաբերմունք աղջիկների ծնունդի հետ կապված: Անցյալ տարվա սեպտեմբերին մի մախաչկալացու ընտանիքում 11 տարվա ընդմիջումից հետո ծնվեց երրորդ աղջիկը:
-Առաջին աղջկանից հետո մենք երկվորյակներ ունեցանք: Սակայն տղան ծնվելու ժամանակ ստացած վնասվածքի պատճառով երեք օր հետո մահացավ: Ես իմացա բժշկի հասցեն, ուզում էի նույնիսկ գնալ ու սպանել նրան: Աղջիկը իր քաշով երկու անգամ ավելի պակաս էր, քան տղան, մենք մտածում էինք, որ նա էլ չէր ապրի: Սկզբում ես նույնիսկ վախենում էի նրան ձեռքս վերցնել: Ամեն ինչ այնքան էլ հարթ չի եղել այս 11 տարիների ընթացքում: Երբ կնոջս հետ վիճում էի, ուզում էի թողնել-հեռանալ, նույնիսկ երկրորդ կին ուզել, բայց երևի թե աղջիկներս էին ինձ ետ պահում այդ քայլից: Իհարկե, ուզում էի տղա ունենալ, բայց առողջ բանականությունն ավելի ուժեղ էր: Երբ անցավ ևս տաս տարի, արդեն հույս չունեի, որ երեխաներ կունենամ, հաշտվել էի այդ մտքի հետ, սակայն հրաշք կատարվեց: Երբ իմացա, որ կինս հղի է, նույնիսկ վախենում էի ուրախանալ, սպասում էի հաստատվի, նոր ոգևորվեմ: Առաջին ուլտրաձայնային ստուգումից հետո, երբ կինս դուրս եկավ, շատ անտրամադիր էր, իմացել էր, որ աղջիկ ենք ունենալու, իսկ ես կարծեցի, թե ինչ-որ սպառնալիք կա երեխայի առողջությանը: Իհարկե, չեմ ստի. մինչև ամենավերջին պահը ես հույս ունեի, որ բժիշկները սխալվել են և մենք տղա կունենանք: Սակայն ասեմ նաև, որ երբ աղջիկս ծնվեց, ես ընդհանրապես չհիասթափվեցի:
Տղա թե աղջիկ երեխա ունենալու խնդիրը արդեն ընտանեկան խնդիր լինելուց բացի վերածվել է սոցիալական խնդրի, և այն հնարավոր չէ լուծել միայն օրենսդրական արգելքներով: Ցանկացած արգելք աբորտի կամ սեռի որոշման հետ կապված միայն կմեծացնի գաղտնի միջամտությունների ռիսկը, կմեծանա մայրական մահացությունների, հաշմանդամների և անպտուղ կանանց թիվը: Արգելել կնոջը աբորտ անել հնարավոր չէ, անկախ ցանկացած օրենսդրական ակտից, դա նրա իրավունքների անմիջական խախտում է: Հարց է ծագում ի՞նչ անել…
Հայտնի սեքսապաթոլոգ և հոգեթերապեվտ Ահմեդ Ազիմովի խոսքերով՝ աղջիկ երեխա ծնող կնոջ նկատմամբ նման վերաբերմունքի արմատները գալիս են մինչիսլամական ցեղային ավանդույթներից:
-Ղուրանում շատ սուր քննադատության են ենթարկվում այն ծնողները, որոնք ազատվում են երեխայից՝ Էմբրիոնից, անկախ սեռից, քանի որ ցանկացած երեխա ստեղծված է ի վերուստ, – ասում է Ազիմովը:
Շատ հաճախ կինը դիմում է սեռով պայմանավորված աբորտի, քանի որ չի կարողանում դիմակայել դաղստանյան ընտանիքի հայրիշխանական ճնշմանը: Թեպետ եթե հղիությունն ընդհատվել է «՛սեռի անհամապատասխանության պատճառով», ապա հավատացյալի համար դա հավասարազոր է սպանության: Ճիշտ է, մուսուլմանական սուրբ գրքում կան նաև որոշ արդարացումներ, վաղ շրջանի աբորտը՝ մինչև 40 օր տևողությամբ, շատ փոքր մեղք է համարվում և չի պատժվում, քանի որ համարվում է, որ էմբրիոնի մեջ դեռ հոգի մտած չի լինում: Հղիության ընդհատումն արդարացվում է նաև այնպիսի դեպքերում, երբ այն վտանգում է մոր կյանքը կամ եթե նա բռնության զոհ է դարձել: Սակայն Դաղստանում սեռով պայմանավորված ժառանգների ընտրությունը չի դադարում մեծ ծավալներ ընդունել:
Ոչ բնական ընտրություն
Սելեկտիվ աբորտների մյուս պատճառն էլ երկուսից ավել նույն սեռի երեխաներ չունենալու հանգամանքն է:
Քաղաքային կլինիկայի բժիշկ Արսլան Արսախովը պատմում է մի դեպքի մասին, – Մի անգամ մայր ու աղջիկ եկան ինձ մոտ հիվանդանոց: Մինչ ես փորձեցի հետազոտել տասներկու շաբաթական հղի աղջկան, մայրը բուժքրոջը ինչ-որ բան էր պատմում: Պարզվեց՝ նրանք սեռն էին ուզում պարզել, քանի որ աղջիկ արդեն ունեին: Ես իհարկե տեսա, որ աղջիկ երեխա էր, սակայն ասացի, որ ոտիկները փակում են, և թույլ չեն տալիս հստակ տեսնել սեռը, իսկ հետո փորձեցի հասկացնել նրանց, որ տարբերություն չկա աղջիկ է երեխան թե տղա, նույնիսկ փորձեցի ճնշել նրանց խղճի մասին իմ պատմություններով, կրոնական հայացքներով: Չգիտեմ, իհարկե, ինչ եղավ այդ երեխայի հետագա ճակատագիրը:
Հին ժամանակներում աբորտի պատճառ է եղել նաև այն, որ միջոցները սահմանափակ են եղել և մեծ դժվարություններ են եղել երեխաներին մեծացնելու հարցում: Սակայն ամբողջ բանը նրանում է, որ հիմա նույնիսկ շատ լավ ապահովված կանայք, իմանալով երեխայի սեռը, որոշում են աբորտ անել: Սակայն իսլամ դավանողները պետք է հիշեն. «Միայն աղքատանալու վախից դրդված մի սպանեք ձեր երեխաներին: Մենք կկերակրենք նրանց ձեզ հետ միասին»…
Ընտանիքի պլանավորման հանրապետական կենտրոնի գինեկոլոգ-մանկաբարձ Ալժանատ Գաջիեվան կարծիքով վերջին շրջանում սելեկտիվ աբորտների թիվը նվազում է.
-Մեզ մոտ շատ հաճած են հանդիպել այնպիսի անհատներ, ովքեր չեն մտածել ոչ կնոջ առողջության մասին, ոչ էլ նման ընտրության մյուս կողմի մասին՝ բարոյական, առավել ևս որ մենք ծնվել և մեծացել ենք Դաղստանում, որտեղ կրոնը ընդհանրապես արգելում է նմանատիպ միջամտությունների անցկացումը: Գնալով նման քայի՝ ամուսնական զույգը պետք է անպայման մտածի մի բանի մասին, որ այն ամենի համար, ինչ անում ենք, վաղ թե ուշ պատասխան ենք տալու:
Բնության թելադրանքով
Շատ զույգեր դիմում են հաշվարկային մեթոդներին, որոնց շնորհիվ կարելի է տղա երեխա ունենալ: Իսկ ինչ վերաբերում է արդեն իսկ գոյություն ունեցող երեխայի սեռի ուլտրաձայնային որոշմանը, միևնույն է, հնարավոր չէ ճշգրիտ և անսխալ որոշել սեռը նշում է Գաջիեվան:
Ամենաճիշտ ճանապարհն են ընտրում այն զույգերը, որոնք ոչինչ չեն պլանավորում և պարզապես սպասում են և ապավինում բնությանը և երեխայի ծնունդը ընդունում են որպես շատ մեծ երջանկություն՝ անկախ նրա սեռից: Բնությունն ինքնուրույն կանոնակարգում է այն համամասնությունները, թե աղջիկ կծնվի, թե տղա, և ցանկացած միջամտություն կարող է կատաստրոֆիկ ելքերի հանգեցնել:
Դաղստանյան հասարակության մեջ տղաների քանակի մեծացումը արդեն իսկ հանգեցրել է ոչ ցանկալի արդյունքների – ագրեսիվության, անհանդուրժողականության, – կարծում է բժիշկ Ազիզովը: -Կինը պետք ունենա իրավունք ծննդաբերել, թե ոչ, սակայն նա չպետք է որոշի աղջիկ ունենա , թե տղա:
Բնության կանոնների համաձայն աշխարհում ծնվում են 100 աղջիկ և 107 տղա, և դա արդարացված է նրանով, որ տղաների մահացությունը կյանքի առաջին տարիների ընթացքում ավելի շատ է, քան աղջիկներինը:
Մի քանի տարի անց մեզ ժողովրդագրական անհավասարակշռություն է սպասվում: Որոշ տվյալների համաձայն՝ սելեկտիվ աբորտների արդյունքնում աշխարհում արդեն չեն ծնվել 160 մլն. աղջիկներ: Թիվը ահռելի է, հատկապես եթե պատկերացնենք, որ ցանկացած աղջիկ ապագա մայր է:
Աննա Գադժիեւվա
Աղբյուրը՝ Daptar
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ
Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը
Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն
Բագրատյանն անդրադարձավ գենդերցիդին…
Վիգեն Սարգսյան.«Սեռով պայմանավորված աբորտները ` պարզապես խայտարակություն են մեր ազգի համար»…
Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»
Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ
Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»
«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»
Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…
Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում
Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր
Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք
Դիտումների քանակը` 6215