«Ասում է, որ ապագա չի տեսնում այստեղ իր համար… »

 

Նոյեմբերյանում և հարակից գյուղերում մարդկանց հոսքը գնալով նվազում է , փոխարենն ավելանում է ավիատոմսեր վաճառող կրպակի հաճախորդների և հարակից մթերային խանութի պարտապանների ցուցակը:

 

 

Տիկին Մարոն /անունը փոխված է/ արդեն երկու թոռնիկ ունի: Դուստրն արդեն հասցրել է նրան երկու հրաշք փոքրիկ պարգևել: Երեխաների ծնունդը երջանկություն է, բայց նրանց պահելը մեծ դժվարություն:

 

 

–         Աշխատանք չունեն: Ոչ աղջիկս է աշխատում, ոչ էլ փեսաս,-ասաց տիկին Մարոն:- Մենք ենք իրենց օգնում: Մի քանի կենդանի էլ պահում են ուղղակի տարին <<գլորելու>> համար:

 

 

Տիկին Մարոն ինքն է և՛ այս խանութի աշխատողը և՛ տերը: Նրա վկայությամբ՝  տարեցտարի պարտքով առևտուր անողների  ցուցակն ավելի է մեծանում ու այն  տետրը, որում  նա գրի է  առնում  մաս-մաս վճարողների անուններն, էլ ավելի է հաստանում:

 

–         Տղաս արդեն 26 տարեկան է, բայց դեռ չի աշխատում: Ավարտել է Ագրարային համալսարանը, փորձարար է: Աշխատանք չունենալու պատճառով ուզում է գնալ Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, բայց մի կերպ պահում ենք նրան,-անկեղծացավ տիկինը:

 

Խանութի տիրուհին փաստում է, որ որդուն իրենց քաղաքում պահելը իսկապես մեծ դժվարություն է:

–         Գոնե ուզում ենք ամուսնացնենք նոր գնա, որ վերադառնա, թե չէ էլ հետ չի գա, -ափսոոսանքով   նշեց նա: –  Բայց նա ամուսնության մասին լսել չի ուզում, ասում է, որ ապագա չի տեսնում այստեղ նույնիսկ  իր համար:

Տիկին Մարոն՝  թերթելով  խանութի պարտապանների  ցուցակը ցույց է տալիս   նաև այնպիսի մարդկանց անուններ, ովքեր վաղուց արդեն վաճառել են իրենց  <<ունեցած-չունեցածն>> ու հեռացել հայրենիքից:

Մեր զրուցակիցը, կարելի է ասել, քաղաքի փոքր-ինչ լավ ապրողներից է, բայց նույնիսկ այն պարագայում, որ ունի փոքրիկ բիզնես և դրա միջոցով վաստակում է օրվա ապրուստը, իրեն լավատես չի համարում և շատերի նման   դժվարանում է  ապագա տեսնել  երիտասարդների համար… Ու ստիպված   տառապում է որդուն իր կողքին պահելու ցավով…

Սիլվի Հակոբյան 

Երեւան- Նոյեմբերյան -Երեւան

Դիտումների քանակը` 3584

Գլխավոր էջ