«Ապրել եմ ուզում». երիտասարդները ընդդեմ պտղի սեռով պայմանավորված աբորտների
Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողները
կպայքարեն պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեմ:
Նոյեմբերի 15-ին մեկնարկեց «Ապրել եմ ուզում» ծրագիրը: Այն իրականացվում է Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի/ ՀԵՀ-ի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Վերարտադրողական առողջության` պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի իրականացում» անվանակարգում:
«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արմինե Բարսեղյանը նշեց, որ ծրագրին կմասնակցեն 38 պետական և ոչ պետական բուհերի ուսանողական մարմիններում ակտիվ մասնակցություն ցուցաբերած 5-ական ուսանողներ ու մանրամասնեց. « Նրանք հետագայում ստացված տեղեկատվությունը, տեղեկատվական բուկլետներն ու պաստառները կտարածեն իրենց ընկերների շրջանում: Ծրագրի հիմնական նպատակն է պայքարել սելեկտիվ` պտղի իգական սեռով պայմանավորված աբորտների դեմ»:
Մեկ ամսվա ընթացքում ուսանողները կունենան հինգ հանդիպում ՄԱԿ-ից, բուհերից, հոգևոր դաշտից հրավիրված մասնագետների հետ, որոնց ընթացքում կստանան տեղեկատվություն երևույթի բացասական հետևանքների մասին:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության գծով պատասխանատու Մհեր Մանուկյանը, խոսելով իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքների մասին, ասաց.
«Ոչ միայն ուսանողների, այլև ողջ հայ հասարակության շրջանում աշխատելու խնդիր ունենք: Երևույթի մասին նոր-նոր են սկսել խոսել, և մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ողջ ՀՀ տարածքում կա տղա երեխայի խիստ արտահայտված նախընտրություն: Ուստի պիտի աշխատենք բոլոր շերտերի հետ, և ունենք գիտակցություն փոխելու խնդիր»: Պարոն Մանուկյանը նշեց, որ հատկապես երիտասարդների հետ պիտի աշխատել այն պատճառով, որ ռիսկային խումբը նրանք են. նոր ընտանիք պիտի կազմեն և պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք»:
Հայկական բժշկական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ Սուսաննա Իվանյանը կարեւորելով ծրագրի նշանակությունը երիտասարդների համար շեշտեց, որ սելեկտիվ աբորտների դեմ պայքարը ազգապահպանության խնդիր ունի:
Աղբյուրը՝ Հայստանի երիտասարդական հիմնադրամ
Դիտումների քանակը` 4778