«Ապացուցենք՝ ինչի՛ է ընդունակ մայրիշխանությունը»
Վայոց ձորի հինգ գյուղերում «ՕՔՍՖԱՄ»-ի «Կայուն կենսապահովում» ծրագրի շրջանակներում հիմնված կոոպերատիվներից երկուսը Եղեգիսում և Հերմոնում ղեկավարում են կանայք:
Հերմոնը մարզի ամենաաղքատ համայնքներից է՝ բնակեցված փախստականներով: Նաիրա Մնացականյանն արդեն 15 տարի է, ինչ ապրում է Հերմոնում: Լինելով մանկավարժ՝ 10 տարուց ավելի է, ինչ զբաղվում է մեղվաբուծությամբ և այգեգործությամբ: Գյուղատնտեսական կոոպերատիվի նախագահի պաշտոնը նա ստանձնեց համագյուղացիների առաջադրմամբ: Նա մեծ փորձառություն ունի գյուղատնտեսության ոլորտում, իր աշխատասիրության և նախաձեռնողության շնորհիվ կարողանում է համախմբել ու իր հետևից տանել մարդկանց:
«Մեր կոպերատիվի անդամները բացառապես կանայք են, ու այդ փաստը մեզ ավելին ու լավն անելու ուժ է հաղորդում: Պետք է ապացուցենք՝ ի՛նչի է ընդունակ մայրիշխանությունը»,- կատակում է Նաիրա Մնացականյանը:
Մեկ տարի է՝ ինչ կազմավորվել է կոոպերատիվը, սակայն նշանակալի նվաճումներ է գրանցել, շահագրգիռ են թե՛ անդամները և թե՛ գյուղի ողջ բնակչությունը: Կոոպերատիվին անդամակցող երեսուն փախստական կանայք ոչ միայն աշխատատեղերով են ապահովված, և նրանց ընտանիքների կենսամակարդակն էր բարելավվել, այլև հնարավորություն են ստացել համախմբելու իրենց ջանքերը համայնքի համար ընդհանուր խնդիրներ լուծելու համար: Աճեցնելով առավել կենսունակ և դիմացկուն ոչ ավանդական մշակաբույսեր՝ բրոկոլի, կոլրաբի, բրյուսելյան կաղամբ, չերի լոլիկ և չիլի պղպեղ՝ նրանք մեծ ներդրում ունեն համայնքի զարգացման գործում:
«Հերմոնը, հանդիսանալով սահմանամերձ, փախստականներով բնակեցված գյուղ, կարծես դուրս է մնացել պետության ուշադրությունից: Այնինչ այստեղ առավել, քան որևէ այլ վայրում, մենք զգում ենք աջակցության և օժանդակության կարիք: Ես հպարտ եմ, որ կարողացա իմ ներդրումն ունենալ այս գյուղատնտեսական կոոպերատիվի հաստատման և կայացման գործում»,- ասում է Նաիրա Մնացականյանը՝ շեշտելով, որ նրանց կոոպերատիվն ամբողջ համայնքի բարեկեցության գրավականն է:
Նինել Հովհաննիսյան
«Կայուն կենսապահովման ծրագրի» մասին
«Օքսֆամ-Մեծ Բրիտանիա» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Կայուն կենսապահովման ծրագրի» շրջանակում 2010-ից Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերում ստեղծվել են 10 կոոպերատիվ եւ 5 սառնարանային տնտեսություն՝ 3-ը Տավուշի եւ 2-ը Վայոց Ձորի մարզերում: Դրանք հնարավորություն են տալիս պահպանել գյուղացու արտադրած մթերքը եւ սեզոնային բարձր գներով վաճառել այն:
Ծրագրի շրջանակում ներդրվում է եվրոպական փոքր կոոպերացիայի մոդելը, որը հիմնված է ծառայությունների ճիշտ կազմակերպման եւ մատուցման վրա եւ ուղղված է աղքատամետ փոքր ֆերմերական խմբերի համախմբմանը:
Ծրագրի գլոբալ նպատակն է ուղղակի շահառուներ դարձնել գյուղական 40 համայնքների 4000 փոքր ֆերմերների: Ծրագիրն ուղղված է նաեւ բարձրացնելու գյուղական համայնքների կանանց դերը եւ մասնակցությունը, այդ նպատակով անցած տարի Եղեգիս եւ Հերմոն համայնքներում ստեղծվել են նախադեպը չունեցող կանանց գյուղատնտեսական կոոպերատիվներ, 2012թ. նախատեսվում է նման կոոպեռատիվներ ստեղծել փախստականներով բնակեցված եւս երեք համայնքում:
«Կայուն կենսապահովման ծրագրի»եւս մեկ նպատակ է հետապնդում՝ օգնել գյուղական համայնքներին ինտեգրվել ագրոտուրիզմին, որը դիտարկվում է որպես ալտերնատիվ եկամուտի աղբյուր:
Դիտումների քանակը` 3569