«Աշխատանքի մեջ պահանջկոտ եմ, ուզում եմ ամեն ինչ իր հունով, շիփ-շիտակ գնա»

Օրը թանկ է նրա համար, ով կարողանում է գնահատել ժամանակը: Այս պարզ ճշմարտությունը տասնամյակներ շարունակ եղել է Սեդիկ Մարտիրոսյանի կյանքի խորհուրդն ու նաև ուղեկիցը:

 

 

42 տարի առաջ Արարատի մարզի  Լուսաշող գյուղ հարս եկած Սեդիկն իր հետ «օժիտ» էր բերել Կամո քաղաքի (ներկայիս Գավառ) սովխոզ տեխնիկումում ստացած անասնաբույծի մասնագիտությունն ու ծնողներից ժառանգած աշխատասիրությունը: Գիտեր, որ միայն ամուսնուն թևութիկունք լինելով ու համատեղ աշխատանքով է հնարավոր հաղթահարել բոլոր դժվարությունները, ստեղծել բերք ու բարիք, և այդ դեպքում, ինչպես ժողովրդական առածն է ասում՝ աղքատությունը կվախենա աշխատողի տունը մտնելուց:

 

Ամուսնու հետ նախկին Կարախաչ, այսօր արդեն Լուսաշող կոչվող գյուղի սովխոզում աշխատած տարիներին զբաղվում են անասնապահությամբ, «իրար գլխի հավաքած» գումարով մի քանի հորթ են գնում ու սկսում բազմացնել, իսկ արդեն հողերի սեփականաշնորհման արդյունքում ձեռք բերած տարածքներում կառուցում են անասնագոմ, ավելացնում անասնագլխաքանակը, գնում անասնակեր և օրուգիշեր քրտնաջան աշխատելով, մեկը երկուս, երկուսը տասը դարձնելով՝ տունուտեղ են ստեղծում:

 

Թեև Սեդիկի համար դժվար էր չորս երեխաների խնամքը համատեղել անասնապահության ու միաժամանակ հողագործական աշխատանքների հետ, այնուամենայնիվ ժամանակի ճիշտ բաշխման, աշխատասիրության և համառության շնորհիվ նրան հաջողվում էր լինել բոլոր «դիրքերում»:

Այսօր արդեն գյուղական իր ֆերմայում Սեդիկի խնամքի և հոգատարության տակ շուրջ 200 խոշոր եղջերավոր անասուն կա, որից 50-ը՝ կով, բացի դրանից, 10-15 ոչխար ու մի քանի նորածին գառներ կան: Ճիշտ է, հին անասնագոմում արդեն նեղվածք է, սակայն քիչ հեռվում կառուցված նորն ու ընդարձակը գարնանը պատրաստ է դիմավորելու իր «բնակիչներին»:

 

Հարցնում եմ` օրվա մեջ քանի ժամ է աշխատում, ասում է`ավելի լավ է հարցնես, թե քանի ժամ եմ հանգստանում:

 

«Լույսը դեռ չբացված` արդեն անասնագոմում եմ, մեկ առ մեկ ստուգում եմ անասունների վիճակը: Եթե հիվանդ են լինում, ինքս եմ բուժում, հետները զրուցում եմ, շոյում, նրանք էլ են փաղաքշանքի ու ջերմության կարոտ: Իմ հանգստի ժամը գիշերվա ժամը 1-ից 4-ն է, իսկ ամռանը` ավելի քիչ: Մինչև կովերին կթում եմ, կաթից պանիր սարքում, դառնում է գիշերվա 1-ը, մի երեք ժամ հանգստանում եմ ու ժամը 4-5-ին` անասուններին հանդ ուղարկելու համար դարձյալ ոտքի վրա եմ»,- պատմում է Սեդիկն ու հավելում, որ աշխատանքը երբեք վերջ չունի, որովհետև ձգտող և արարող մարդու բարեկեցությունը ստեղծվում է միայն հետևողական աշխատանքի արդյունքում:

Ամուսնու մահից հետո Սեդիկի թևութիկունքը զավակներն ու հարսներն են: Ճիշտ է, սեզոնային աշխատանքներին զգացվում է լրացուցիչ ձեռքի կարիք, բայց հիմնական աշխատուժը տան անդամներն են: Սեդիկի համոզմամբ՝ նրանց հետ աշխատելն ավելի հեշտ է, քան օտարի, որովհետև տան անդամը սրտացավ է, և հետո՝ ավելի հեշտ է ինքդ ճիշտ անես, քան ուրիշին մի քանի անգամ բացատրես նրա սխալները:

 

Ընտանիքում գերիշխող համերաշխությունը կանխում է օտար ափերում աշխատանք փնտրելու ցանկությունն ու մտադրությունը:

 

«Երեք տղա ունեմ, մեկ աղջիկ: Տղաներից ոչ մեկն աշխատանք փնտրելու հույսով գյուղից հեռանալու, քաղաքում կամ թե երկրից դուրս գնալու ցանկություն չունի: Իսկ ո՞ւր գնան, եթե այստեղ էլ աշխատանք կա: Մեր երկիրը մեր տունն է, լինի հարուստ թե աղքատ, մերն է, մենք պետք է շենացնենք, օտարը մեր փոխարեն չի անի»,-համոզված է Սեդիկը:

 

Իրոք, աշխատանքից աչք բացելու ժամանակ չկա, պակաս աշխատատար չէ նաև ստեղծած նյութական բարիքների իրացումը: Հաճախ է պատահում, որ մթերման գնի հարցում կաթ կամ միս մթերող ընկերությունների ու անհատների հետ լեզու չեն գտնում: Նման դեպքերում կաթը վերածվում է պանրի, իսկ ո՞ւմ հայտնի չէ Կարախաչի պանրի համը, այն էլ՝ Սեդիկի պատրաստածի, որի համբավը բերնեբերան շրջում է շրջակա գյուղերից մինչ հեռավոր քաղաքները:

 

Հաճախորդների պակաս, փառք Աստծո, չկա, ու ո՛չ պանիրն է մնում «գետնին», ո՛չ միսը, հակառակ դեպքում այլ բնամթերքի հետ փոխանակումը կա ու կա: Կարևորն այն է, որ այս փոքրիկ բիզնեսի ճանապարհին խոչընդոտներ չլինեն, իսկ չեն լինի, քանի որ Սեդիկը պետության հետ պարտք ու պահանջ չունի, հողի, շենք-շինությունների հարկերը պարտաճանաչ վճարում է, մեկ-մեկ վարկերն են նեղում, դե, դա էլ կաշխատեն-կփակեն:

 

Խոսքի ու գործի մեջ պարտաճանաչ Սեդիկն իրեն բնութագրելիս էլ անաչառ է. «Շատ բարդ մարդ եմ, աշխատանքի մեջ պահանջկոտ եմ, ուզում եմ ամեն ինչ իր հունով, շիփ-շիտակ գնա: Իսկ սովորական մարդկային հարաբերություններում փխրուն եմ, սիրով օգնում եմ ինձ դիմած մարդկանց, լինի խորհրդով թե նյութապես, գնահատում եմ ժամանակը և պարապ զրույցների վրա այն չեմ վատնում»:

 

– Աշխատանքը երկարացնում է երիտասարդությունը,- հրաժեշտ տալուց առաջ նկատում է Սեդիկ Մարտիրոսյանն ու շտապում ավարտելու կիսատ թողած գործը:

 

Ի դեպ, նրա թեկնածությունը «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությանը ներկայացրել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը՝ Արարատի մարզպետի միջնորդությամբ:

 

Անուշ Ներսիսյան

Կարդացեք թեմայի շուրջ  մեր կայքում.

 

Գործունյա կնոջ ձեռքում քարն էլ է փափկում…/ տեսանյութ

 

Ամփոփվեց «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությունը

 

Շնորհավորում ենք «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» մրցույթի հաղթողներին

 

«Մեր տան ամեն ինչը «բնական» է»…/ տեսանյութ

 

«Լիիրավ երջանկությունը ընտանիքիս համերաշխությունն է, ինչպես որ խաղաղությունը՝երկրի համար »…/ տեսանյութ

 

«Հասոյի լեգենդար պանիրը»

 

«Կանա՛յք, վստահե՛ք ձեր ուժերին և առա՛ջ շարժվեք»…

 

WomeNet.am-ը անդրադառնալու է  «Գյուղմթերք արտադրող կին հերոս» կոչմանը արժանացած բոլոր  կանանց  պատմություններին

Դիտումների քանակը` 4838

Գլխավոր էջ