«Անպատրաստ մարդուն աշխատանքի վերցնել միայն այն բանի համար, որ նա կին է, սխալ է»…

 

–  Համալսարանական կըթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի այս  դիտարկումը  հնչել է  հոկտեմբերի 3-5 –ը Ջերմուկում անցկացրած  Գյուղական համայնքների երրորդ համաժողովին:

 

Համաժողովի ընթացքում քննարկվել  են  տեղական իքնակառավարման  մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման,  գյուղական համայնքների կայուն զարգացման բազմաբնույթ խնդիրները, այդ թվում նաև  անդրադարձ է եղել կանանց ոչ բավարար  ներկայացվածությանը  ավագանիներում և համայնքների ղեկավարների պաշտոններում:

 

Հիշեցնենք , որ  Հայաստանի ՏԻՄ համակարգում` ավագանիների կազմում կանայք  ընդգրկված են 8.6 տոկոսով, 866 գյուղական համայքներից միայն 19-նն  են կանայք ղեկավարում, իսկ քաղաքային համայնքների ղեկավարների պաշտոններում կանայք չկան:

 

Այս խնդրի համատեքստում  ՀՀ Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ  Արմեն Գևորգյանը կարծիք հայտնեց, որ  ՏԻՄ-երի համար  ոչ այնքան  կարեւոր են կրթական ցենզ սահմանելու մասին խոսակցությունները,  որքան կարևոր է ձգտել ՏԻՄ-երում կանանց թվի ավելացմանը.

 

«Հայաստանում կրթվածության մակարդակը շահեկանորեն տարբերվում է շատ եվրոպական երկրներից`  բնակչության 90 տոկոսից ավելին առնվազն ունի միջնակարգ կրթություն և շատ ուրախ եմ, որ այդ արժեքը մեր ընտանիքներում դեռ շարունակում է մնալ որպես առաջնահերթյուն: Բայց կարծում եմ, որ համայնքային խնդիրները լուծելու համար ոչ այնքան կարևոր է, որ ավագանու անդամը ունի բարձրագույն կրթություն կամ գիտական աստիճան, որքան այն, որ նա ամբողջ կյանքն ապրել է տվյալ համայնքում և շատ լավ գիտի համայնքի առանձնահատկություններն ու ավանդույթները», –  ասաց տարածքային կառավարման նախարարը` նշելով, որ առավել ևս կանանց ներկայությունը  նմանատիպ օղակներում ավելացնում է հոգատարությունը, խնդիրներին մի քիչ  էմոցիոնալ նայելու ունակությունը, ավելի հետևողական լինելը և հատկապես այն հարցերում, որոնք առնչվում են երեխաներին, առողջապահությանը, մշակույթին.

 

«Տղամարդիկ սովորաբար ավելի գործնական խնդիրների վրա են ուշադրություն դարձնում` տեխնիկա չունենք, սերմացու-դիզվառելիք  չունենք, էս-էն չունենք: Իսկ կանանց հետ շփումը բերում է մշակույթին առնչվող խնդիրների լուծմանը, մասնավորապես  գրադարաններին, մշակույթի տներին, կրթօջախներին վերաբերող: Ու  թեև սա չի նշանակում, որ համայնքների առաջնահերթությունների փոփոխություն կլինի, բայց կանանց ներկայությունը ՏԻՄ-երում յուրաքանչյուր համայնքի զարգացման համար ավելի բազմակարծիք է դարձնելու  քննարկումները, որոշումները և դրանց որակը» ,- ընդգծեց Արմեն Գևորգյանն ու հորդորեց ամեն ինչ անել, որպեսզի կանանց թիվը ավագանիներում  ավելանա, քանի որ, իր կարծիքով, «կանանց ներկայությունը կառավարման օղակներում միշտ բարություն է բերում»:

 

ՏԻՄ-երի վերջին ընտրություններին  անդրադարձ կատարելով  «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանը իր զեկույցում  նշեց , որ որպես ավագանու անդամ առաջադրված 6650 թեկնածուների միայն 8 տոկոսն են կանայք եղել: Իր խոսքով, համաժողովի  աուդիտորիան ինքը արտացոլում է ընտրությունների արդյունքները, երբ   812 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ վերջին  ընտրություններում ընդամենը 10 կին համայնքապետ է ընտրվել, և դա այն դեպքում, որ Հազարամյակի զարգացման նպատակներով պետությունը պարտավորվել է  մինճև 2015 թվականը ապահովել կանանց ներկայացվածությունը համայնքների ղեկավարների պաշտոններում առնվազն  10 տոկոսով:

 

«Ես շատ անհանգստացած եմ այն հանգամանքվ, որ քաղաքային համայնքներում վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանում ոչ մի կին ղեկավար չի եղել և այսօրվա դրությամբ ունենք ընդամենը մեկ կին փոխքաղաքապետ: Օրինակ, Վաղարշապատը լուրջ մտավոր ներուժ ունի, բայց ոչ մի կին ավագանիում չկա: Ինձ շատ հետաքրքրում է` մեր քաղաքական այրերին դա բավարարու՞մ է», — նշեց բանախոսը, նկատելով, որ  ժողովրդավարության տարածումը անհրաժեշտ է սկսել ներքևներից՝ ՏԻՄ-երից:

 

Քննարկման ընթացքում բավականին ուշագրավ երկխոսություն ծավալվեց  ՀՀ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և Ջեմմա Հասրաթյանի միջև:    Արմեն Գևորգյանի դիտարկմամբ՝   ՏԻՄ-երում ընտրությունից ընտրություն կանանց թիվը ավելանում է,  կարծես թե, սառույցը կոտրվում  է,  բայց դեռևս  գոհացուցիչ ցուցանիշներ չունենք:

 

«Ուզում էի հարցնել` ինչպե՞ց  եք պատկերացնում իրատեսական այն մեխանիզմը, որը մեզ թույլ կտա` ոչ առաջիկա մեկ-երկու տարիներին և ոչ էլ ՏԻՄ հաջորդ ընտրություններին, բայց գոնե առաջիկա տաս տարիների ընթացքում թեկուզ մինչև 5,6, 7  տոկոս հասցնել կանանց մասնակցությունը ՏԻՄ-երի ղեկավար կազմում»,- հետաքրքրվեց Ա.Գևորգյանը:

 

Տիկին Հասրաթյանը նշելով, որ պատրաստվում են առաջարկություններ ներկայացնել  այդ մեխանիզմների մասով և առաջարկներից մեկն այն է, որ հատկապես քաղաքային համայնքներում  ընտրություններն անցկացվեն համամասնական համակարգով, ինչը կուսակցություններին կակտիվացնի կանանց ներուժը պատրաստելու առումով: Կարևորեց նաև  մի շարք երկրների օրինակով՝   լուրջ աշխատանք տանել կադրերի պատրաստման ուղղությամբ.

 

«Պետական համակարգը ունի վերապատրաստման մեխանիզմներ, որոնք իրականացնում են որոշ գերատեսչություններ ու կառույցներ, բայց կարծում եմ, որ անհրաժեշտ է վերանայել նրանց ներկայացված մոդելները և ծրագրերը և շեշտը դնել  լիդերության որակների ձևավորման վրա:  Անձը կարող է շատ խելացի ու բազմակողմանի պատրաստված լինել, բայց կա մի խնդիր` նա պետք  է ձեռք բերի համարձակություն, որպեսզի մասնակցի ընտրություններին: Սա շատ կարևոր է հատկապես կանանց դեպքում»,- նշեց  Ջ.Հասրաթյանը:

 

Նրա խոսքով ՝ կարելի է սկզբի համար կիրառել նաև այն մոդելը, որ համայնքի բոլոր ղեկավարները որպես տեղակալներ  վերցնեն կանանց: Ա.Գևորգյանն էլ հետաքրքրվեց` նախարարնե՞րի տեղակալներ էլ վերցնեն կանանց, սակայն Ջ.Հասրաթյանը վերապահումով մոտեցավ այս հարցին.

 

«Ես չէի ուզենա, որ անպատրաստ մարդուն ինչ-որ պաշտոն տան կամ աշխատանքի վերցնեն միայն այն բանի համար, որ նա կին է: Դա սխալ է և ի սկզբանե  արժեզրկում է կանանց քաղաքական  մասնակցությունը: Պետք է վերցնել այն կանանց, որոնք և գրագետ են,  և ունեն համապատասխան ունակություններ ու լիդերության որակներ, որպեսզի կարողանան դիմակայել շրջապատին: Պետք է նաև  պարզապես աշխատել կանանց հետ, սովորեցնել նրանց կիրառել իրենց գիտելիքները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում», – ասաց Հասրաթյանը:

 

 

Նշենք, որ Գյուղական համայնքների երրորդ համաժողովը անցկացվել էր  Տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ: Համաժողովի  օրակարգում էին  ՏԻՄ համակարգի  հետ կապված ամենաարդիական խնդիրները, որորնք քննարկվեցին  ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ: Յուրաքանչյուր մարզից համաժողովին մասնակցում է տասը համայնքապետ ու ավագանու հինգ անդամ:

 

Էնզելա Մակարյան

 

 

 

 

Դիտումների քանակը` 3585

Գլխավոր էջ