«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…
-Տագնապ, տագնապ,- հնչեց ծանոթ ահազանգը: Շըփ-թըփ հագնվեցինք ու շարժվեցինք առաջ … Երբ մոտեցանք հրամանատարի սենյակին տղաներից մեկը անականկալ փակեց աչքերս, իսկ մյուսները աղմուկ-աղաղակով ներս մտան. տոնական սեղան, մոմերով տորթ, նվեր … Ճիշտն ասած, չէի սպասում, հրամանատարս պահանջկոտ էր, բայց տագնապը, իրոք, նրա նախաձեռնությունն էր …,- ոգևորությամբ պատմում է Անժելիկան:
Նրան հանդիպեցի «Միտք» վերլուծական կենտրոնում` լրագրողական դասընթացի ժամանակ: Պարզվեց դիպուկահար է, հասցրել է ծառայել բանակում…
– Ամեն ինչ սկսվեց առաջին կուրսում, երբ «ԶԼՄ և իրավունք» առարկայից պիտի շարադրություն գրեինք` բանակի մասին, ես էլ գրել էի. «… մայրն արցունքն աչքերին տղային բանակ էր ճանապարհում…» : «Քեզ հայրենասեր ես համարում, բայց չգիտես, թե բանակն ինչ է. այնտեղ գնում են ոչ թե մեռնելու, այլ հաղթելու համար. Ինչու՞ պիտի մայրը որդուն արցունքներով ճանապարհի», ասաց դասախոսս: Այս սխալից էլ սկսվեց հետագա հետաքրքրությունը բանակի հանդեպ: Ինքս ինձ խոստացա, որ կաշխատեմ ձեռք բերել գիտելիքներ ու ապացուցել, որ իսկապես հայրենասեր եմ:
Առիիթը սպասեցնել չի տալիս Անժելիկային, և նա անցնում է ծառայության` որպես դիպուկահար:
– Կրակել սովորել եմ փորձնական պարապմունքների ժամանակ. ինքս էլ զարմացա, երբ 200-300 մ հեռավորության վրա կարողացա նշանակետին դիպչել: Մինչև ականջներս գծված ժպիտով գնացի տուն ու հայտնեցի ծնողներիս, որ ընդունվել եմ: Հայրս զինվորական է, ինքն է սերմանել սերը հայրենիքի հանդեպ. միշտ ասում էր` Անժելիկան տղես ա. պիտի ծառայի: Իսկ մայրս, բոլոր մայրիկների նման, վախենում էր, նույնիսկ, մինչ օրս էլ ամեն առավոտ` տնից դուրս գալուց առաջ կրկնում է`զգույշ կլինես, հիշիր, որ դու մեր միակ երեխան ես…
Տանը Անժելիկան ունի իր պարտականությունները.
– Մամայի աղջիկն եմ, ով օգնում է խոհանոցում, տնային գործերում: Պապայի համար` տղա, ում հետ զրուցում եմ, կիսվում, մեքենա վարում, գարեջուր խմում: Միշտ համարձակ եմ եղել, ազատամիտ. մանկությանս խաղալիքները մեքենաներն են եղել, զենքերն ու քարերը: Անգամ քույրերիցս մեկի պատիվն եմ պահել, չնայած դանակի հարվածով ստացվեց: Մինչ օրս հարևանները հիշում են…
Անժելիկան խոստովանում է, որ ծառայությունը իրեն շատ բան է սովորեցրել.
– Այն աշխատանքի պես էր. երկուշաբթիից ուրբաթ աշխատում էինք, շաբաթ օրերին զորամասը մաքրում, թե աղջիկ, թե տղա հավասար էինք աշխատում, սկսել էինք նույնչափ էլ ուտել ու նույն անհամբերությամբ սպասել ճաշի ժամին, բայց պատահում էր մի հաց էր լինում, կիսում էինք բոլորիս մեջ: Մեր բանակի տղաները շատ ուշադիր էին մեր նկատմամբ, երբ կրակայինի էինք գնում, զիջում էին վերարկուները, երբ զորամասում ցուրտ էր, իրենց ծածկոցներն էին տալիս, որ հանկարծ չմրսենք. «Դե վսյո տակի աղջիկ եք, ձեզ տաք պահեք»…
Բայց Անժելիկան նշում է, որ ոչ բոլորն էին միանշանակ ընդունում, որ զինվոր աղջիկն էլ կարող է լինել ու ժպիտով հիշում է, որ շատերն էին ասում. «Գիտես , դժվար թե դու ամուսնանաս. քո ուշքն ու միտքը հայրենիք ա»:
– Ծառայելը տղաների համար անհրաժեշտություն է, բայց ես համոզված եմ` աղջիկը պետք է բանակին: Սա իմ հոգու պարտքն էր, որը ես ամբողջովին տված չեմ համարում, քանի որ առողջական խնդիրների պատճառով չկարողացա ավարտին հասցնել, դրա համար էլ որոշել եմ ժուռնալիստիկայի ռազմական գծով խորանալ, եթե հաջողվի, ստանալ նաև զինվորական կրթություն:
Այժմ, Անժելիկա Մուրադյանը սովորում է Հյուսիսային համալսարանի լրագրության ֆակուլտետի 4-րդ կուրսում: Կուրսի պաշտպան Անժելիկան գտնում է, որ խաղաղ կյանքի միակ երաշխիքը հայրենիքի պաշտպանությունն է.
– Հայաստանի հողի վրա թափված արյունն է հոսում իմ մեջ, ու ես ցանկացած պահի պատրաստ եմ պայքարել հայրենիքիս համար:
Աննա Կարապետյան
ԵՊՀ Լրագրության ֆակուլտետ, 1-ին կուրս
Դիտումների քանակը` 5374