«Անգամ եթե երեխան օրենքի դեմ է գործել, չպետք է մոռանալ, որ գործ ունենք երեխայի հետ»…

 Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի այս  խոսքերի ներքո  մեկնարկեց  այսօր  Անչափահասների արդարադատության  խորհրդի անդրանիկ նիստը:  Խորհուրդը  ստեղծվել է   ՀՀ  արդարադատության նախարարության կողմից  այս տարվա մայիսից իրականացվող   «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում  Հայաստանում» ծրագրի շրջանակում : Ծրագրի  հիմնական աջակիցն ու գործընկերը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն է:

 

«Այսօր այստեղ բոլորիս համախմբել է մի նպատակ՝  երեխաների բարօրությունը: Մեր նպատակն է խթանել, համատեղ ջանքերով ստեղծել անչափահասների արդարադատության արդյունավետ համակարգ», – ծրագրի իրականացման շրջանակներում ձևավորված «Անչափահասների արդարադատության» խորհրդի առաջին նիստում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, հույս հայտնելով, որ խորհուրդը կգործի արդյունավետ կերպով:

 

«Չեմ ուզում, որ ունենանք ձևական կառույց: Ուզում եմ, որ ամեն մեկս մեր գործը կատարենք պատշաճ կերպով, վստահ եմ, որ այդ դեպքում կհասնենք մեր նախանշած նպատակներին»,-ասաց նա:

 

Նախարարը կարևորեց խորհուրդի ստեղծումը մի քանի առումներով՝ այն ունակ կլինի լուծել երեխաների պաշտպանության ոլորտում տարբեր գերատեսչությունների համատեղ ջանքերով վերհանված խնդիրները, ունակ կլինի սահմանել ու իրականացնել համալիր մոտեցումներ, մշակել ռազմավարություն ու դրանից բխող քայլեր:

 

«Նկատի ունենալով այն, որ երեխաներն իրենց կյանքի ընթացքում առնչվում են իրավունքների ապահովման խնդրին, օրենքին ու իրավունքի պաշտպանությունն ապահովող տարբեր մարմիններին, ուզում եմ ընդգծել, երեխաների արդարադատությանը վերաբերող իրավահարաբերությունների պատշաճ կարգավորումը, համապատասխան իրավական բազայի առկայությունը, ինչպես նաև օրենսդրությամբ ամրագրված մեխանիզմների պատշաճ կիրառումը: Առավել կարևոր է, որ երկրում առկա լինեն մասնագիտացաված ծառայություններ երեխաների իրավունքների ոտնահարման բացահայտման և պաշտպանության համար: Խոսքը վերաբերում է  հատկապես կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին»,-նշեց նախարարը:

 

Նա նաև կարևորեց անչափահասների հետ գործ ունեցող անձանց կրթական և վերակթրման ծրագրերի իրականացումը:

 

Նախարարությունն ու ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամն իրականացրել են հայաստանյան օրենսդրության վերլուծություն՝ հասկանալու, թե երեխենաի իրավունքների պաշտպանության վերաբերյալ ինչպիսի իրավական կարգավորումներ կան:

 

«Կարող եմ ասել, որ նախնական արդյունքներով անչափահասների իրավունքների պաշտպանության առումով օրենսդրության մեջ կան բացթողումներ, մեխանիզմների ոչ հստակություն, որոշ դեպքերում էլ մեխանիզմների բացակայություն: Իրականում կարծում եմ, որ մենք բավականաչափ անելիքներ ունենք, և դա կարող ենք անել համատեղ ջանքերով»,-ասաց գերատեսչության ղեկավարն ու հույս հայտնեց, որ նշված խնդիրների լուծումները կարող են տրվել Քրեական, Քրեադատավարական օրենսգրքերում փոփոխությունների իրականացմամբ, Պրոբացիայի վերաբերյալ օրենսդրության մշակմամբ:

 

Ա. Հովհաննիսյանը պատշաճ օրենսդրությունից առավել կաևորեց օրենսդրության պատշաճ կիրառումը:

 

Նիստին մասնակցող Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը շնորհակալություն հայտնեց նախարարին նիստ հրավիրելու ու «ոգեշնչող բառեր» ասելու համար:

 

Հիշելով իր անձնական աշխատանքային  փորձը  սոցիալական ծառայությունների ոլորտում տիկին Ռադոչայը  պատմեց,  որ  ժամանակին  իր աշխատանքային պարտականությունների մեջ էր մտնում  ոստիկանության, դատախազության ու իրավապահ և վարչական այլ մարմինների հետ գործ ունեցող երեխաներին ուղեկցելը:

 

«Որպես պետության կողմից նշանակված պաշտոնատար անձ, ես պետք է երաշխավորեի, որ երեխաների իրավունքներն այս գործընթացներում ապահոված լինեին: Երեխաների հետ գործ ունեցող մարմինների ներկայացուցիչները նրանց հետ պետք է լինեին նրբազգաց, նրբանկատ, միևնույն ժամանակ շատ լուրջ ընդունեին նրանց: Համակարգը կատարյալ չէր, կայացման փուլում էր»,- իր պրակտիկան հիշեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը:

 

Նա նշեց, որ նախ և առաջ պետք է երեխաների նկատմամբ հարգանք ցուցաբերել. «Երեխաները լավ տեղեկացված չեն, կաշկանդվում են, շատ ժամանակ չեն կարողանում իրենց մտածածը տեղ հասցնել, ու միշտ չէ, որ պաշտպանված են երեխաների իրավունքներն այս գործընթացում: Վարչական մարմինների որոշումները, որոնք ազդում են երեխաների ճակատագրի վրա, հարմարեցված չեն նրանց, դրանք ստեղծված են չափահասների համար»:

Նա մի օրինակ բերեց. եթե երեխան բռնության, շահագործման զոհ է դարձել, ապա քիչ հավանական է, որ երեխայի իրավունքները պաշտպանվեն, երբ նրան չեն վստահում:

 

«Անընդհատ կրկնվող հարցաքննություններում երեխային տրավմայի են ենթարկում, փոխարեն պաշտպանեն  և արդարաություն ապահովեն նրա համար: Եվ խոսքն ամենևին էլ միայն բռնության զոհ դարձած երեխաների մասին չէ, յուրաքանչյուր երեխա կարող է հայտնվել զոհի, վկայի, զանցավորի կամ այլ կարգավիճակում: Հենց այդ պատճառով արդարադատությունը երեխաների համար պետք է լինի հասանելի և մատչելի:  Անգամ եթե երեխան օրենքի դեմ է գործել, չպետք է մոռանալ, որ գործ ունենք երեխայի հետ »,-ասաց նա, ավելացնելով, որ այս պարագայում պետք է օգնել երեխային ճիշտ ճանապարհը բռնելու համար:

 

Նա ցավով նշեց, որ դրա փոխարեն շատ հաճախ երեխաներին կարծես  հրում ենք հակառակ ուղղությամբ՝  հաշվի չառնելով պատճառները, որոնք նպաստել են, որ  երեխան սխալ ընտրություն կատարի: Նա նկատեց, որ խնդիրը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, Եվրոպային, այլև ողջ աշխարհին:

 

«Մենք կարող ենք առաջատար դիրքերից հանդես գալ ու թույլ տալ ապահովել երեխաների իրավունքների պաշտպանության պատշաճ մակարդակ: Հայաստանն արդեն իսկ մեծ թվով դրական քայլեր է ձեռնարկել: Բոլորս հպարտ ենք, որ Հայաստանում շատ քիչ են ազատազրկված երեխաները»,-ընդգծեց նա, ավելացնելով, որ երեխաների իրավունքների պաշտպանության  հարցով պետք է զբաղվեն նրանց  հետ առնչվող բոլոր մարդիկ, այդ թվում բժիշկները, սոցիալական աշխատողները և բոլոր նրնաք, ովքեր անտարբեր չեն…

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 3112

Գլխավոր էջ