«Այսօրվա ընտրողը պատրաստ է տեսնել կանանց բարձր դիրքերում »
Գալիք խորհրդարանական ընտրություններին «Մայր Հայրենիք» կուսակցության առաջնորդ Կարինե Թումանյանը ներկայացել է հանրությանը Հայաստանի Հանրապետական Կուսակցության ցուցակի կազմում: Նրա ընդգրկումը ցուցակում պայմանավորված չէ կանանց քվոտայի պարտադիր համալրման տրամաբանությամբ, ինչպես որ շատ դեպքերում գրում են ԶԼՄ-ները նկատի ունենալով ցուցակում առկա որոշ կանանց անունները: Լրատվամիջոցների այդ խայթոցը «Մայր Հայրենիք» կուսակցապետին չի վերաբերում, քանի որ Կարինե Թումանյանի դեպքում խոսքը ՀՀԿ-ի կողմից պատրաստի եւ փորձառու կադրի ներգրավման մասին է: Նա դեռևս 18 տարեկանից է զբաղվել հասարակական ակտիվ գործունեությամբ ու անցել անհատի կայացման այն ժամանակվա հզոր դպրոցը ` կոմունիստական կուսակցության կազմում: ՀԿԿ-ի տրոհումից հետո եղել է Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցություն փոխնախագահ և մասնակցել 2003-ի ԱԺ-ի ընտրություններին` «Արդյունաբերողներ և կանայք» դաշինքի համամասնական ցուցակով: 2005-ին ՝ համախոհների հետ միասին հիմնել է “Մայր Հայրենիք” կուսակցությունը և ընտրվել այդ դրա նախագահ: Կուսակցության յուրահատկություններից մեկն այն է, որ նրա անդամների 80% կազմում են կանայք և կանոնադրությամբ նախատեսված կառույցների ղեկավարների ավելի քան 80% նույնպես կանայք են:
– Հայ ժողովրդի բազմամյա պատմության ընթացքում մայրը, կինը ունեցել է բախտորոշ դեր, եղել է ընտանեկան արժեքների և օջախի պահապան և այդ պատճառով կուսակցության կողմից ծրագրային խնդիրների լուծման համար մենք ցանկանում ենք համախմբել սկզբունքային և պետական մտածողություն ունեցող կանանց, որոնց գործունեության ուղեգիծը նպաստում է հասարակության մեջ կանանց դերի բարձրացմանը, իրավունքների պաշտպանությանը, հայոց ընտանիքի ամրապնդմանը, բոլոր առողջ ուժերի համախմբմանը:
–Իսկ ինչո՞ւ չմասնակցեցիք նախորդ` 2007թ-ի խորհրդարանական ընտրություններին:
-Պատճառը մեկն էր` դեռևս պատրաստ չէինք մտնել քաղաքական պայքարի մեջ արդեն կայացած, մարդկային և մեծ ֆինանսական ռեսուրսներ ունեցող կուսակցությունների հետ: Սակայն սա չի նշանակում, որ մենք անգործության էինք մատնվել, ոչ: Անցած տարիներին փորձում էինք կուսակցության ծրագրային խնդիրները բարձրացնել և լուծել այլ քաղաքական ուժերի հետ համախմբվելով՝ մեր նախաձեռնությամբ ստեղծվեց «Կանանց դաշինք»-ը, որտեղ ընդգրկված էին խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը ներկայացնող ակտիվ կանայք, ՀԿ-ների կին ղեկավարներ, անհատներ:
Երբ հայտարարվեց Հանրային Խորհրդի ձևավորման գործընթացի սկիզբը, մենք որոշեցինք նույնպես ակտիվ մասնակցել այդ կառույցի ձևավորմանը, արդյունքում ընտրվեցի ՀԽ-ի «Կրթության և գիտության» ենթահանձնաժողովի նախագահ:
Ի դեպ, մեր կուսակցությունն ակտիվ մասնակցություն ունեցավ նաև Ընտրական նոր օրենսգրքի մշակման գործընթացում, որտեղ մեր հիմնական պահանջներն էին ` կուսակցական ցուցակներում կանանց ներկայության երաշխավորված քվոտայի բարձրացում , կուսակցության կամ անհատի ընտրություններին մասնակցելու համար ցանկության դեպքում նախատեսված գրավի փոխարինումը ստորագրահավաքով , 100% համասնական ընտրական համակարգի ընդունում: Արդյունքում` քվոտան թե տոկոսային առումով և թե տեղաբաշխման ձևաչափով բավականին բարելավվեց, սակայն չկա երաշխիք, որ կուսակցական ցուցակներում ընդգրկված կանայք կմնան այդ ցուցակներում մանդատների բաշխման ժամանակ:
-Այստեղից էլ հարց` երբև է զգացել եք Ձեր հանդեպ խտրականություն, արդյո՞ք տղամարդ գործիչները Ձեզ հեշտությամբ են ընկալել որպես հավասար գործընկեր:
–Ուզում եմ լինել անկեղծ. առորյա գործընթացներում , քաղաքական քննարկումների ժամանակ ոչ միայն չեմ զգացել իմ հանդեպ որևէ խտրականություն, այլ հակառակը` բոլոր իմ կողմից ներկայացված հարցապնդումները, նախաձեռնությունները դիտարկվել են ամենայն լրջությամբ և հնարավորության դեպքում ստացել համապատասխան լուծում: Խնդիրն այլ է` կանանց նկատմամբ խտրականությունը դառնում է նկատելի այն պահից, երբ որոշումներ ընդունող կառույցներում ` կառավարությունում, մարզերում և այլուր տրվում են կադրային լուծումներ և անկախ տվյալ ոլորտում գործող կանանց պրոֆեսիոնալ արժանիքներից` նախապատվությունը տրվում է տղամարդուն: Այդ խնդիրը գոյություն ունի ոչ միայն Հայաստանում, այլև զարգացման բարձր աստիճան ունեցող ինչպես Եվրոպական երկրներում, այնպես էլ ԱՄՆ-ում:
-Ինչպե՞ս ստացվեց, որ ընդգրկվեցիք ՀՀԿ համամասնական ցուցակում: Կիսու՞մ եք այդ ուժի գաղափարախոսությունը:
-Լինելով սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը կրող քաղաքական ուժ, տրամաբանական կլիներ ներկայանալ «ձախ» դաշտում, որը մեր կարծիքով լավ արդյունքի կհասներ, եթե միավորվեր: Սակայն սոցիալիստամետ ուժերի միավորումը չկայացավ և մենք որոշեցինք աջակցել այն ուժին , որի նախընտրական ծրագրի հիմնական ուղվածությունը համընկնում է մեր կուսակցության ծրագրային նպատակների հետ`ՀՀԿ-ին: Բացի այդ ,մենք շատ կարևորեցինք այն հանգամանքը, որը այդ ծրագրի կատարումը երաշխավորում է ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որին մեր կուսակցությունը 2008-ին տվել էր իր քվեն: Մեզ առաջարկվեց ի դեմս ինձ ընդգրկվել ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում և նույն ցուցակում ընդգրկված այլ կուսակցությունների ուժերի հետ միացյալ մտնել նախընտրական պայքարի մեջ հաղթելու ակնկալիքով:
ՀՀԿ-ն, կարծում եմ, չունի ոչ մարդկային, ոչ կադրային և ոչ էլ ֆինանսական ռեսուրսների կարիք, բայց այնուամենայնիվ ընդունեց քաղաքական որոշում ու ընդգրկեց իր ցուցակում այլ կուսակցությունների ներկայացուցիչներին` նպատակ ունենալով համատեղ լուծել երկրի առաջ ծառացած շատ բարդ խնդիրները: Եվ ես կարծում եմ, որ մենք նույնպես լսելի կլինենք ու հնարավորություն կունենանք ներկայացնել մեր առաջարկությունները:
-«Մայր Հայրենիք» կուսակցության հետագա գործունեությունն ինչպե՞ս եք պատկերացնում: Հնարավո՞ր է, որ այն ամբողջությամբ ձուլվի ՀՀԿ-ին:
-Մոտակա հինգ տարվա ընթացքում «Մայր Հայրենիք»-ի գործունեությունը պայմանավորված կլինի մեր և ՀՀԿ-ի ընտրություններից հետո ձևավորված համագործակցության ծավալներով և ձևաչափով, քանի որ փաստացի մենք հայտարարել ենք, որ անկախ նրանից թե ընտրությունների արդյունքում ներկայացված կլինենք ԱԺ-ում թե ոչ` կուսակցության ներուժը պետք է նպաստի մեր և ՀՀԿ-ի համատեղ նպատակների կյանքի կոչմանը: Ընդգծեմ` ոչ մի ձուլման մասին այս ժամանակահատվածում խոսք լինել չի կարող, իսկ հետագայում ինչ կլինի, կխոսենք հինգ տարի հետո:
-Ի՞նչ եք կարծում, մենք պատրաստ ենք նրան, որ կանանց թիվը քաղաքականության մեջ ավելանա:
-Ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր այսօրվա ընտրողը ոչ միայն պատրաստ է հանդուրժել կանանց ներկայությունը քաղաքականությունում կամ իշխանությունում, այլև կարծիք է հայտնում, որ կանայք կարող են և պետք է գրավեն բարձր դիրքեր որոշումներ կայացնող կառույցներում: Ակնհայտ է, որ մեր հասարակությունում փոխվում են կանանց նկատմամբ գոյություն ունեցող կարծրատիպերը: Այսօր արդեն հայ կինը, լինելով լավ մայր ու լավ կին իր ամուսնու համար հնարավորություն ունի նաև լրջորեն զբաղվել իր մասնագիտական խնդիրներով, զբաղեցնել ղեկավար պաշտոններ: Պատահական չէ , որ արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունվել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին» օրենքը:
Այլ խնդիր է, որ մեր կուսակցության հետազոտությունների արդյունքում առերեսվեցինք այն խնդրի հետ, որ կանանց թե’ սոցիալական և թե’ հասարակական վիճակը պայմանավորված է նաև նրանց բնակավայրով: ՀՀ մարզերում ու հատկապես գյուղական համայնքներում կանանց դեռևս չեն ընկալում հասարակության լիիրավ անդամ:
-Վերադառնալով ընտրական գործընթացներին` ինչպե՞ս կգնահատեք ներքաղաքական իրավիճակը և արդյո՞ք վստահություն ունե՞ք, որ Ձեզ հնարավորություն կտրվի առաջիկա հինգ տարիներին ունենալ ամբիոն:
– Կարծում եմ բոլորը` թե քաղաքական ուժերը և թե ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցում են, որ այլևս «փորձեր» անել չի կարելի: Եթե վարվող արտաքին քաղաքականությունը կարելի է գնահատել բավարար ու նույնիսկ լավ, ապա ներքին քաղաքականությունը անհապաղ պետք է վերանայել, այլապես արտագաղթի արդյունքում մենք անդառնալի կկորցնենք ոչ միայն մեր երկրի մտավոր սերուցքը, այլև մեր երիտասարդությունը` մեր ապագան: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք մեզ կտրամադրվի ամբիոն , որ կարողանանք ներկայացնել մեր կուսակցության ծրագրերը, կարծում եմ այո, քանի որ անցյալում , չլինելով ՀՀԿ-ի թիմում, միեւնույն է լսելի եմ եղել և կարողացել եմ մեր նկատառումները, օրենսդրական առաջարկությունները ներկայացնել ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովներին և կառավարության կառույցներին:
Զրուցեց Էնզելա Մակարյանը
Դիտումների քանակը` 5021