«Այն ինչ ներվում է տղամարդկանց, կանանց դեպքում կրկնակի քննադատության է արժանանում»…
Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու Իրինա Գասպարյանն ասորական ֆեդերացիայի նախագահն է: Ասում է, որ կուսակցությունը իրեն առաջարկել է ընդգրկվել ցուցակի մեջ ոչ միայն որպես ազգային փոքրամասնության ներկայացուցչի, այլ, առավելապես որպես ակտիվ կին հասարակական-քաղաքական գործչի:
« Իննսունականներից սկսվեց իմ հասարակական-քաղաքական գործունեությունը: Երեխան պետք է գնար դպրոց եւ քանի որ մենք ասորի էինք, ապա ուզում էինք, որ նա ռուսերեն լեզվով կրթություն ստանար, սակայն իշխանության ղեկին գտնվող ՀՀՇ-ն դրան կտրականապես դեմ էր: Համայնքի անունից նախաձեռնեցի շարժում` պահանջելով որպեսզի ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին չզրկեն կրթություն ստանալու իրավունքից: Մեր պայքարը սկսվեց դպրոցից եւ հասավ Ազգային ժողով. արդյունքում ընդունվեց լեզվի մասին օրենքը, որը բավարարում էր ազգային փոքրամասնությունների պահանջները` այլազգի երեխաները կրթություն կարող էին ստանալ իրենց մայրենի լեզվով, այսինքն այն լեզվով, որով տանը գործածում են: Արդյունքում Երեւանի Պուշկինի անվան դպրոցում ռուսերենի հիմքով ասորական լեզվի ուսումնասիրման եւ ուսուցման հոսք ստեղծվեց»,- պատմում է Գասպարյանը:
Պատգամավորության կին թեկնածուն հիշում է, որ առաջին հաջողությունից հետո համայնքի անդամները ամենատարբեր խնդիրների լուծման հարցով դիմում էին իրեն: « Այդ ժամանակահատվածից սկսվեց իմ համայնքային գործունեությունը: Անցյալ տարի աշնանը ինը երկրներից ասորական համայնքի պատվիրակություններ ժամանեցին Երեւան: Հանդիպեցինք վարչապետ Տիգրան Սարգսյանին, հանդիպումներ եղան Ազգային ժողովում եւ Երեւանում հիմնեցինք Ասորական կենտրոն»: Գասպարյանի մեկնաբանությամբ` գլխավոր հարցը, որն այսօր ծառացած է իր ժողովրդի առաջ, ազգը պահպանելու, միախմբելու խնդիրն է եւ այդ համախմբման կենտրոնը պետք է լինի Երեւանը:
Թեպետ Իրինա Գասպարյանը ընդգծում է, որ խորհրդարանում լուրջ ուշադրություն է դարձնելու կրթական, սոցիալական եւ մարդու իրավունքների խնդիրներին, սակայն հիմնական առաքելութունը ազգային փոքրամասնությունների պրոբլեմները բարձրաձայնելն է:
« Տեղյակ եմ ոչ միայն ասորի այլեւ այլ ազգային փոքրամասնությունների խնդիրներից: Առաջին հարցն, իհարկե, փոքրամասնությունների գոյատեւումն է: Ասորի ժողովուրդն ունի նաեւ քաղաքական խնդիրներ: Պետք է կարողանանք աշխարհին ներկայացնել ասորիների ցեղասպանությունը: Եզդիները կրթության հետ կապված խնդիրներ ունեն եւ այս բոլոր հարցերը կբարձրացնեմ քաղաքական ամբիոնից»,- ասում է Գասպարյանը` շեշտելով, որ ունի բազմաթիվ ընկերներ, ծանոթներ հունական, ուկրաինական, քրդական եւ ռուսական համայնքներում եւ բնականաբար նրանցից ակնկալում է աջակցություն:
Իրինա Գասպարյանը Դեմոկրատական կուսակցության անդամ չէ, սակայն զբաղեցնում է ցուցակի հինգերորդ հորիզոնականն: Ասում է, որ իրեն ճանաչել են իր կատարած աշխատանքով: Բացի համայնքային գործունեությունից, Իրինա Գասպարյանը դասավանդում է նաեւ Երեւանի Պոլիտեխնիկ ինստիտուտում եւ աշխատում Ազգային ժողովում` պատգամավորի օգնական է: Այնպես որ օրենսդրական աշխատանքին մոտիկից է ծանոթ:
Անդրադառնալով Ազգային ժողովում կին պատգամավորների գործունեությանը Իրինա Գասպարյանը նկատում է, որ կանայք պետք է ավելի զգույշ մոտենան հարցերին եւ ավելի ծանրակշիռ լինեն իրենց աշխատանքում, քանի որ ուշադրությունը սեւեռված է նրանց վրա: հատկապես, եթեկինը ինչ- որ հարցում կոմպետենտ չէ: Դրանում համոզվելու առիթ է ունեցել հենց ազգային ժողովում. այն ինչ ներվում է տղամարդկանց, կանանց դեպքում կրկնակի ուշադրության է եւ քննադատության է արժանանում:
« Երբ կինը սխալվում է, ասում են` ա’յ, տեսաք կինը սխալվեց: Տղամարդկանց պարագայում նման բան չկա, հետեւաբար կինը հասարակության կողմից ավելի քննադատաբար է ընկալվում, երբ սխալներ է գործում: Կանայք պետք է ավելի մշակված խոսք ունենան եւ շատ ավելի պատրաստված լինեն, որպեսզի դրական տպավորություն թողնեն»:
Գասպարյանը չի համաձայնվում այն տեսակետին, որ նման վերաբերմունքն արդեն իսկ խտրականության նշան է: Ասում է, որ դա մեր մտածելակերպն է: « Մենք էդպիսին ենք, լավ է, թե վատ, բայց էդպիսին ենք: Խտրականություն համարել այդ երեւույթը չէի շտապի` նույնն է, եթե ասենք` այս մեկը սեւ է, մյուսը` սպիտակ, ինչո՞ւ է նա սեւ: Իհարկե արժե այդ մտածելակերպը փոխել եւ կարծում եմ, կամաց-կամաց գնում ենք այդ փոփոխությանը: Եթե կանայք ավելի ծանրակշիռ մոտենան իրենց աշխատանքին, ապա մենք ավելի արագ կհասնենք մեր նպատակին»:
Հասմիկ Հարությունյան
Դիտումների քանակը` 5168