«Այն ժամանակ չէի հավատում, որ մենք մնալու ենք Հայաստանում» …

Բաքվից բռնի տեղահանված հայերից  շատերը մինչ օրս չեն վերագտել խաղաղ, ապահով ապրելու ուղին: Ի՞նչ է փոխվել անցած տարիների ընթացքում: Ինչպիսի՞ ձեռքբերումներ են ունեցել բռնագաղթացվածները: WomenNet.am –ի հետ զրույցում   պատմում է Գորիս քաղաքի Սանդի Ձոր համատիրության  /փախստականներով բնակաեցված բազմաբնակարն  շենք/  նախագահ Գոհար Սաֆարյանը:

 

«1988թ. էր,  ես աշխատում էի Բաքվի կարի արտադրամասում. բրիգադիր էի: Մի օր գնացի աշխատանքի տեսնեմ 35 հոգանոց բրիգադում, ոչ ոք չի աշխատում: Ադրբեջանցիները չարացած էին. ասում էին՝ Կապանում հայերը թուրք աղջիներ են սպանել, բերել են Բաքու: Հայերս չէինք հավատում, պնդում էինք՝ հայը արյուն չի սիրում, հնարավոր չէ, բայց անօգուտ էր: Հետո եկավ մեր տնօրենը՝ Զեմֆիրա Մամեդովան, հրաշալի կին էր: Նա փորձեց հանդարտեցենել կրքերը՝ ասելով, որ ընդամենը կեղծ լուրեր են, ոչինչ չկա: Հետո հաջորդ օրը նույն պատմությունն էր, աշխատանքի տեղը պրոբլեմները շատացան, մեզ այլևս չէին հանդուրժում, խնդրեցի տնօրենիս ազատել աշխատանքից, վախենում էի: Տիկին Զեմֆիրան դեմ էր. ասում էր՝ ես քեզ մեր տանը կպահեմ, մնա: Գնալով իրավիճակը լարվում էր, մենք նույնիսկ վախենում էինք տնից դուրս գալ, առաջին անհրաժեշտության սնունդը հարևանս էր բերում՝ Հասրաթը: Մի ծանոթ գնացքավար ունեինք, ասեցի՝ մեզ շատպ տոմսեր են պետք Երևան գնացող: Ասաց՝ գնացքը չի աշխատում, հետո խնդրեցի մի ճար անել, ցանկացած տեղ մի տոմս գտնի, միայն թե դուրս գանք: Պարզվեց՝ կարող ենք Գրոզնիա գնալ:Հարևանս՝ Հասրաթը, մեզ տարավ կայարան, բայց շատ մոտ չեկավ . հեռվից ճանապարհեց, ասաց՝ գնացեք ես ձեր իրերը, ամեն ինչ կուղարկեմ»:

 

Տիկին Գոհարը ամուսնու և որդու հետ էր, աղջիկը նոր էր ամուսնացել, տեղափոխվել ՌԴ, ավագ որդին էլ ծառայում էր:

 

«Գնացինք Գրոզնի, երկու օր մնացինք, հետո լսեցինք, որ ինքնաթիռ է գալու փախստականներին տանի Երևան: Ուրախացա: 1988թ. դեկտեմբերի 7-ն էր: Հասանք օդակայան, տեղ չկար: Ոչ ոք եկողներին տերություն չէր անում, ասացին, որ երկրաշարժ է եղել: Քույրս էլ Կիրովակնում էր  ապրում, անորոշությունից տեղս չէի գտնում: Կապվեցի մյուս քրոջս հետ, Գորիսում էր, մեծ դժվարությամբ, աննկարագրելի ծանր ապրումներով հասանք իր մոտ»:

 

Տիկին Գոհարը պատմում է, որ մի քանի ամիս քրոջ տանը մնացին, հետո տեղափոխվեցին հանրակացարան:

 

«Սարսափելի  ապրումներ ունեի, թողել էի, իմ տունը ապրուստը, ոչինչ չունեինք, անգամ մի բաժակ: Այդքան դժվարություններ, խնդիրներ, դրան գումարած անծանոթ շրջապատ, որտեղ պիտի հաստատվեինք ու չէինք պատկերացնում որտեղից պիտի սկսենք ու ինչ էր մեզ սպասվում: Հասրաթի հետ կապ հաստատեցի, դեռ հնարավոր էր Բաքու զանգել: Խոստացավ, որ մի ճար կանի ու իրերս կուղարկի: Որոշ ժամանակ անց զանգահարում է և տեղեկացնում, որ տան իրերի մի մասը ուղարկում է, ինչ հնարավոր է հավաքել է և ուղարկել: Իսկ մի քանի ամիս անց Հասրաթը զանգահարում է և ասում, որ տունը վաճառվում է, բայց պիտի գնամ ու ստորագրեմ»:

 

Գորիս տեղափոխվելուց ութ ամիս հետո Տիկին Գոհարը նորից է Բաքու վերադառնում:

 

«Այն ժամանակ չէի հավատում, որ մենք մնալու ենք Հայաստանում կարծում էի, թե ամեն ինչ կարգավորվելու է, մենք գնալու ենք մեր տունը, բայց երբ Բաքվում սկսեցի քայլել մեր թաղամասով, հասկացա, որ ամեն ինչ ավարտվել է: Բոլորը չարացած ու զարմացած նայում էին, էլ հայ չկար: Հասրաթին խնդրեցի ամեն ինչ արագ կազմակերպել, որ  հետ գամ: Բաքվում բազում պատճառաբանություններ մեջբերեցին, տունը չվաճառվեց: Հետ եկա Հայաստան, բայց մի քանի ամիս անց Հասրաթը նորից զանգահարեց. տունը 3000 ռուբլով վաճառել էր, գումարը ուղարկեց:   Աղջիկս նոր էր ամուսնացել, գումարն ուղարկեցի իրեն, որ տուն առնի: Դրանից հետո էլ չեմ կարողացել կապվել հարևանիս հետ: Չգիտեմ ինչպես են, ինչ եղան: Իսկ մենք այստեղ  շարունակում ենք դժվարություններ հաղթահարել ու գոյատևել»:

 

Տիկին Գոհարը պատմում է, որ Հայաստանում էլ շատ են օգնել իրենց, ասում է՝ հումանիտար աջակցությունը փրկություն էր  նրանց համար:

 

« Մեր բախտը երևի բերել է. ամուսիններով կարողացանք  աշխատանքի անցնել, տարիներ անեց՝  2006թ., մեզ համար բնակարան կառուցեցին: Փախստական 40 ընտանիք տեղափոխվեց այստեղ: Մենք բոլորս նույնն ենք, նույն խնդիրներն ունենք, նույն դժվարություններն ենք հաղթահարել ու նույն  ճանապարհն ենք անցել: Հիմա մենք մի մեծ ընտանիք ենք, փորձում ենք միասին հաղթահարել բոլոր դժվարությունները: Արդեն 5-րդ տարն է, որ համագործակցում ենք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե ՀԿ-ի և CARE international Կովկասում կազմակերպության հետ`«Կանանց հնարավորությունների հզորացումը կովկասում»  և  «Վստահության վերականգնում»  ծրագրերի շրջանակներում: Այս ծրագրերը ֆինանսավորվել են Եվրամիության և Ավստրիական զարգազման հիմնադրամի  կողմից:  Բազմաթիվ ծրագրեր են իրականացրել, ճամբարների կազմակերպում, տարբեր ուսուցումներ, աջակցության ծրագրեր: Այդ նախաձեռնությունների արդյունքում մենք հիմա ակտիվ ու նախաձեռնող երիտասարդներ ունենք, իրենք են արդեն տարբեր միջոցառումներ կազմակերպում: Հիմա մենք նաև համայնքային միջոցառումների ենք մասնակցում, այս տարի Քաղաքացիական հասարակության օրվա կապակցությամբ նույնիսկ շնորհակալագիր ենք ստացել՝ ՀԿ-ների հետ ակտիվ համագործակցելու և համայնքային միջոցառումներին մասնակցելու համար: Ճիշտ է փախստականի կարգավիճակը դեռ շարունակում է մեզ հետ լինել, բայց մենք էլ շարունակում ենք առաջ գնալ: Մեր խնդիրներն անսպառ են ու դժվար լուծվող, բայց մենք կոփվել ենք ու շարունակում ենք հոսանքին հակառակ գնալով՝   պայքարել դժվարությունների դեմ»:

 

Իրինա Յոլյան

Դիտումների քանակը` 2367

Գլխավոր էջ