«Այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»…
«Ժողովրդագրության խնդիրների նկատմամբ շեշտադրումները պետք է փոխվեն. մենք պետք է նպատակադրվենք, ոչ թե ծնելիության ցուցանիշը բարձրացնել, այլ այնպիսի նպաստավոր պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»: Այսպիսի կարծիք հայտնեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, խոսելով Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը բարելավելու ուղիների մասին: Խնդրին անդրադառնալու առիթը Հայաստան ժամանած ժողովրդագրության հարցերով ՄԱԲՀ-ի միջազգային փորձագետ Ռալֆ Հակերտի հետ այսօր կայացած հանդիպումն էր:
Խնդիր է դրված՝ ծնելիության ցուցանիշը մինչև 1.8 հասցնել
Գատնիք չէ, որ Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշները տագնապ են առաջացնում մասնագետների շրջանում: Բավական է նշել,որ ծնելիության ցուցանիշը վերարտադրողական տարիքի մեկ կնոջ հաշվով կազմում է 1.6 երեխա, այն դեպքում, երբ բնակչության պարզ վերարտադրության ապահովման համար անհրաժեշտ է 2.1: Ի հավելումն դրան, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ այսօր միջին վիճակագրական ընտանիքի համար երկու երեխան սահման է, մեծ մասը նախընտրում է սահմանափակվել մեկ երեխայով, թեև համարում է, որ իդեալում պետք է երեք երեխա ունենալ։
Ազգային ժողովում այս օրերին քննարկվող Կառավարության գործունեության նոր ծրագրում խնդիր է դրված հասցնել ծնելիության ցուցանիշը 1.6-ից մինչև 1.8: Սակայն դա, ինչպես պարզվում է , այնքան հեշտ չէ անել ընդամենը հինգ տարում: Այս օրերին միջազգային փորձագետը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ միասին Հայաստանի կառավարությունում մի շարք հանդիպումներ էին ունեցել՝ փորձելով այլընտրանքային լուծումներ առաջարկել ծնելիության ցուցանիշը բարձրացնելու ուղղությամբ:
Ռալֆ Հակերտի դիտարկմամբ, Հայաստանում ծնելիության ցածր մակարդակի երկու հիմնական պատճառները գործազրկությունն է և արտագաղթի, և այս խնդիրներն են, որ լուրջ խոչընդոտ են հանդիսանալու կառավարության կողմից նախանշված նպատակին հասնելու համար: Այնպես որ կառավարության առաջին թիրախը պետք է լինի՝ գործազրկության նվազեցումը:
«Ժողովրդագրական ծրագրերը թանկ հաճույք են»
Փորձագետ Ռալֆ Հակերտի խոսքերով, ժողովրդագրական պատկերը փոխելու բոլոր ծրագրերը երկարաժամկետ ազդեցություն են ենթադրում: Բացի այդ այս հարցում թեկուզ ամեն մի տասներորդականի չափով արդյունք ստանալու համար բավականին մեծ ներդրումներ են պահանջվում: Ֆրանսիան ծնելիությունը խթանելու ուղղությամբ տարիներ շարունակ հատկացնում է իր ՀՆԱ-ի 3,5 տոկոսը: Իրականացվող միջոցառումների ցանկն էլ բավականին պատկառելի է՝ 28 տարբեր ծրագրեր են: Նույն մոտեցումը Շվեդիայում է: Ծրագրերի նպատակը ՝ կյանքի որակի ապահովումն է, ինչը և հանգեցնում է ծնելիության աճին:
Միանվագ գումարների հատկացումը երեխայի ծնունդի դիմաց, թեպետ և կիրառվում է ՝, սակայն փորձագետի գնահատմամբ այնքան էլ արդյունավետ միջոց չի համարվում: Ավելի լավ արդյունք է տալիս երկարատև աջակցությունը: «Դժվար է երիտասարդ ընտանիքին համոզել շատ երեխաներ ունենալ, եթե նրանք վստահ չեն իրենց ապագայի հարցում», – նկատեց փորձագետը, նշելով, որ պետության կողմից իրականացվող ընտանիքանպաստ քաղաքականությունը ի զորու է ապագայի նկատմամբ վստահությունը բարձրացնել:
Միանվագ գումարը այս խնդիրը չի լուծում, իսկ ասենք, երեխայի սուբսիդավորումը ծնվելու օրվանից մինչև 15 տարեկան, կամ երիտասարդ ընտանիքների բնաակարանային պայմանները բարելավելու ուղղությամբ պետության աջակցությունը, ավելի գործուն միջոցներ են: Օրինակ, Մակեդոնիայում յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ երեխայի համար պետությունը 10 տարվա ընթացքում՝ 150 դոլարի չափով նպաստ է վճարում:
Իրականում, խոսքը փորձագետի ներկայացմամբ, կայուն և համակողմանի քաղաքականության մասին է, որի հիմքում ոչ միայն երեխայի ծնունդը խրախուսող, այլ նրա խնամքը հեշտացնող միջոցառումներ են:
«Ընտանիաքամետ քաղաքականություն»
Թվարկելով այն միջոցառումների շարքը, որոնք կիրառվել են տարբեր երկրներում և տվել որոշակի արդյունք, փորձագետը նշեց, մի կողմից, պատշաճ մակարդակով գործող մանկապարտեզները, դպրոցներում երկարօրյաները, երեխայի խնամքը իրականացնող այլ հիմնարկները, մյուս կողմից, այնպիսի պայամնների ստեղծումը, որոնք թույլ են տալիս հավասարաչափ բաշխել ծնողների միջև երեխայի խնամքի հետ կապված բեռը: Դրանց թվում են ՝ աշխատանքային ճկուն գրաֆիկը ընտանիք ունեցողների համար, երեխայի խնամքի համար վարձատրվող արձակուրդից օգտվելու հնարավորություն և հայրերի, և մայրերի համար:
«Հոլլանդիայում , օրինակ, շափաթակաան 35 ժամվա աշխատանքային գրաֆիկի պարագայում ծնողները հերթով օգտվում են մեկ ազատ օր ունենալու հնարավորությունից, արդյունքում հատկացնելով հավելյալ օրերը երեխային», – նշեց Հակաարտը: Ի պատասխան՝ մեր այն դիտարկմանը, որ գործատուի տեսանկյունից նման աշխատող ունենալը երևի թե ձեռնտու չէ, փորձագետը ասաց, որ իրականում կարևոր է ոչ թե ինչքան ես դու աշխատում, այլ ինչպես: Այսինքն, խոսքը աշախատանքի արդյունավետության ու արտադրողականության մասին է, դա է գլխաավոր չափանիշը, և այդ չափանիշով Հոլլանդիան առաջատար երկրներից է համարվում:
Դրա հետ մեկտեղ, մի շարք երկրներում՝ Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում երեխայի խնամքին հոր մասնակցության մեխանիզմը թեպետ օրենսդրորեն ամրագրված է, բայց չի աշախատում: Տղամարդիկ գրեթե չեն օգտվում իրենց ընձեռնված հնարավորությունից , քանի որ նրանց մոտ աշխատանքը կորցնելու մտավախությունը շատ ավելի մեծ է, քան դա առկա է կանանց պարագայում:
Ի դեպ, Հայաստանի աշխատանքային օրենսգրքով նախատաեսված այդ հնարավորությունից , Գարիկ Հայրապետյանի փոխանցմամբ, օգտվել է ընդամենը 2 տղամարդ , երկուսն էլ մարզերից: Նրանք գնացել են երեխայի խնամքի համար նախատեսված արձակուրդ: Ինչ վերաբերվում է մտածելակերպային խոչընդոտներին, իբր տղամարդու համար ամոթ է «դեկրետ» գնալ , ապա դրանք, իր համոզմամբ, հաղթահարելի են, եթե խոսքը ընտանիքի բարեկեցության մասին է գնում:
«Հնարավորություն տանք մարդկանց վստահ լինել իրենց ապագայի վրա»
«Միգուցե ավելի ճիշտ է մեր աշխատանքային օրենսդրությունը բարելավենք և հնարավորություն տանք մարդկանց վստահ լինել իրենց ապագայի վրա: Օրինակ, դեկրետ գնալու պարգյում պահպանելով աշխատավարձի 80-85 տոկսը, այդ դեպքում առանց նպաստի էլ երեխա ունենան: Պետք է այնպես անել, որ երեխան ցանկությամբ ծնվի, ոչ թե փողի դիմաց», – կարծոմ է Գարիկ Հայրապետյանը, առաջարկելով փոխել ժողովրդագրական քաղաքականության հիմքում ընկած գաղափարախոսությունը:
Քննարկման ընթացքում այլ հետաքրքիր գաղափարներ էլ հնչեցվեցին: Օրինակ,երեխայի խնամքի համար նպաստը կարելի է հատկացնել տատիկներին և պապիկներին, դրանով իսկ լուծելով մեծահասակների զբաղվածության խնդիրը: Հատկապես, Հայաստանի համար այս մեխանիզմը կարող է արդյունավետ լինել:
Գարիկ Հայրապետյանի դիտարկմամբ, պետությունը, կարծես թե, փորձել է այն ներառել իր ռազմավարություններում: Բացի այդ, մեր երկրում 35 տարեկանից հետո կանանց շրջանում ծնելիությունը բավականին ցածր է, գուցե անհրաժեշտ է վերարտադրողական տարիքի բարձրացման ուղղությամբ որոշակի աջակցություն ցուցաբերել, պարզելով պատճառները:
Բոլոր դեպքերում, ինչպես նշեց Հայրապետյանը, իրենց հանդիպումները կառավարության անդամների հետ ցույց տվեցին, որ հիմնախնդրի լրջությունը գիտակցվում է, մնում է արդյունավետ քաղաքականություն մշակել ու իրականացնել այդ ուղղությամբ:
Գենդերային հավասարությունը մեղավոր չէ, որ ծնելիությունը ցածր է
Եզրափակելով իր խոսքը,Ռալֆ Հակարտը շեշտեց՝ թե այն կարծիքը, իբր գենդերային հավասարությունն է մեղավոր , որ ծնելիությունը ցածր է, իրականությանը չի համապատասխանում:
«Եթե կինը այսօր դուրս է գալիս աշխատանքային շուկա, որը հարմարեցված չէ երեխաներ ունեցող աշխատողի համար, ապա խնդրի լուծումը նրանում չէ, որ կանանց պետք է հետ մղել շուկայից, այլ հակառակը, պետք է պայամաններ ստեղծել, որ ցանկացած աշխատող կարողանա համատեղել աշխատանքն ու երեխայի խնամքը: Մի խոսքով, պետք է ոչ թե հետ, այլ առաջ նայել՝ հարմարվելով ժամանակի մարտահրավերներին»« – եզրափակեց փորձագետը:
Թ. Հովնաթանյան
Այս թեմայի շուրջ այլ նյութերին կարող եք ծանոթանալ մեր կայքում՝
«Վերարտադրողական առողջություն, ժողովրդագրություն»
խորագրի ներքո
Դիտումների քանակը` 5876