«Ամեն ինչ հնարավոր է դառնում մայրական սիրո եւ նվիրվածության շնորհիվ»

Կանանց ձեռներեցության առումով  իրավիճակը Հայաստանում վերջին տարիներին բավականին փոխվել է, այսօր անհամեմատ  շատ կանայք են փորձում ակտիվ հանդես գալ բիզնեսում, – այսպիսի կարծիք հայտնեց  IDeA եւ RVVZ բարեգործական հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը  «Նոր զարգացումների հեռանկար» միջազգային համաժողովում: Նրա ելույթի հիմնական մեսիջը՝ ցանկացած գործում « մայրական սիրո եւ նվիրվածության» ցուցաբերումն է, ինչը իրականություն է դարձնում նույնիսկ անհավատալի թվացող գաղափարները:

 

Անդրադառնալով բիզնեսում եւ այլ ոլորտներում կանանց մասնակցության խնդրին, Վերոնիկա Զոնաբենդը նկատեց, որ  չնայած կանանց թիվը որոշումների կայացման մակարդակում դեռ քիչ է, բայց փոփոխություններն զգալի են, կանայք եւ աղջիկները հասարակական կյանքում ավելի ակտիվ լինելու, իրենց նախաձեռնություններն ու բիզնես-ծրագրերն իրականացնելու մեծ ներուժ ունեն: Այսօր  շատ դեպքերում երկրի սոցիալական վիճակն է կանանց դրդում ակտիվացման.

 

–         Հետազոտությունները ցույց են տալիս, որ Երևանից դուրս ընտանիքների մոտ 80% ապրում են առանց տղամարդկանց ներկայացվածության, ինչը նշանակում է, որ այդ ընտանիքներում ամեն օր որոշումներն արդեն իսկ կայացվում են կանանց կողմից: Կանայք ոչ միայն երեխաներին են խնամում, այլև իրենց ավանդական դերից դուրս որոշումներ են կայացնում այն ամենի վերաբերյալ, ինչը սովորաբար տղամարդկանց  պատասխանատվության տակ է:

 

Խոսելով Հայաստանում կրթական նախաձեռնությունների, ինչպես նաև կանանց դերի մասին ժամանակակից կրթության ոլորտում, նա նկատեց, որ իրենց հիմնադրամներում ծրագրերի իրականացնողների մեծ մասը կանայք են: Նաեւ  UWC Դիլիջանի  քոլեջի  /UWC Dilijan /   դիմորդների  շրջանում հետաքրքիր միտում է նկատվում՝ աղջիկները  շատ ավելի ակտիվ են, քան տղաները: Կարծես թե,  տղաները չեն ցանկանում ջանքեր գործադրել: Դրա պատճառներն, ըստ բանախոսի, ընտանիքներում ավանդական դերերի փոփոխության մեջ է  պետք  փնտրել, երբ տղաներին մեծացնում են որպես «ծառայություն սպառողներ», իսկ աղջիկներին՝ որպես հոր, ընտանիքի տղամարդու մասին հոգ տանող, խնամող:

 

–         Տանը հաճախ տեսնում ենք, երբ աղջկան խնդրում են ինչ-որ բան անել հոր համար, սակայն հակառակ իրավաճակը, որ տղային խնդրեն նույնը, շատ հազվադեպ է հանդիպում: Դա հանգեցնում է այն երեւույթներին, որոնց ականատես ենք այսօր, – նկատեց  նա:

 

Զոնաբենդի դիտարկամամբ՝ այնպես ինչպես  մոր դերը չափազանց կարեւոր է անհատի զարգացման հարցում, այնպես էլ «մայրական մոտեցումը»  օգնում է ցանկացած  գործում, նույնիսկ անհավատալի թվացող նախաձեռնություններում: Իր խոսքով, դեռևս 2000թ-ին, երբ նոր էին սկսել Դիլիջանի դպրոցի նախապատրաստական աշխատանքները ,  քչերն էին հավատում, որ այն իրականություն կդառնա.

 

–         -Լոնդոնում կամ այլ երկրներում, երբ խոսում էինք Դիլիջանում միջազգային դպրոց ստեղծելու մասին, շատերը զարմացած նայում էին, մեծ մասն ընդհանրապես չգիտեին, թե որտեղ է Հայաստանը: Բայց այսօր ունենք դպրոց, որտեղ սովորում են 96 աշակերտներ՝ 48 երկրներից, 98 աշակերտներ էլ սպասում ենք, որ կընդունվեն  այս տարի, ունենք ուսուցիչներ ամբողջ աշխարհից: Այս ամենը անիրատեսական էր թվում, բայց եղավ, հստակ տեսլականի և այսպես կոչված «մայրական նվիրվածության» շնորհիվ:

 

Բանախոսի  ներկայացմամբ՝  Դիլիջանի  քոլեջում իրենք փորձում են առաջ շարժվել ապագայի պահանջներին համապատասխան մոտեցումներով. զարգացնում են  երեխաների մեջ ձեռնարկատիրական ոգին, ռիսկերին դիմելու ունակությունը, կարեկցող լինելու կարողությունը …

 

–         Ցանկացած նախաձեռնության մեջ, հատկապես կրթական ոլորտում, մենք փորձում ենք սովորեցնել, որ պետք է հավատալ եւ սիրել այն ամենը, ինչով զբաղվում ես, լինել խստապահանջ, բայց հավասարակշռված, ամեն ինչ անել նվիրվածությամբ, առաջնորդվել երեխաների հետաքրքրությամբ եւ նրանց շահերը դասել ավելի բարձր, քան սեփականը:  Կանայք, սովորաբար, իրենց երեխաների նկատմամբ հենց այդպես էլ վարվում են:

 

Նա նաեւ նկատեց, որ  հատկապես հայ իրականության մեջ մայրերը անհատի կայացման  գործընթացում ավելի մեծ ազդեցություն ունեն, քան հայրերը: Ու այդ ամենն իր արտացոլումն է գտնում նաև լեզվամտածողության մեջ, օրինակ խոսում են մայրենի լեզվի մասին, հայրենի լեզու չեն ասում: Ասոցիացիաները ավելի ուժեղ են կանանց հետ, քան տղամարդկանց հետ, թեպետ հայերենում կա նաեւ «մայր հայրենիք» հասկացությունը:

 

Արդեն ելույթից հետո, WomenNet.am –ի հետ զրույցում Վերոնիկա Զոնաբենդը՝ կարևորելով կրթության դերն ապագա հաջողակ լիդերների կայացման գործում, նկատեց, որ այսօր անգամ մագիստրոսական կրթություն ստացողների շրջանում աղջիկները զգալի տոկոս են կազմում, ինչը շատ բանի մասին է խոսում.

 

–         Համոզված եմ, որ այն աղջիկներն, ովքեր այսօր մեր դպրոցում ակտիվ են ու նախաձեռնող, անպայման կհասնեն բարձր նպատակներին: Նրանք չեն կարող պարզապես անհետանալ կամ իրենց դիրքերը զիջել հասարակության մեջ, քանի որ լայն աշխարհայացքի ու ստեղծագործ մտածելակերպի տեր են դառնում ուսման ընթացքում:

 

 

Լիլիթ Քոչինյան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Մենք ուզում ենք ցույց տալ ձեռներեց կանանց ներուժը»

 

«Կին ձեռներեցների շաբաթ» և միջազգային համաժողով Երևանում. հրավիրում է ՀԵԿԱ-ն

 

Կանայք, աշխատանք և տնտեսություն. գենդերային հավասարության մակրոտնտեսական օգուտները

 

Դիտումների քանակը` 3590

Գլխավոր էջ