«Ամեն ինչ կանեմ, որ խաղաղություն լինի… »
Զինվորական համազգեստս ամիսներ է զգեստապահարանից «դուրս» չի եկել, կարոտել եմ դիրքերի «հոտին ու շնչառությանը», իսկ «ռազմական երազանքներիս ոգին» կոտրվել է, վերականգնել է պետք ու հիշեցի հայ հետախույզի օրը աչքի ընկած 19-ամյա դիպուկահար աղջկան` Մարինեին: Զանգահարեցի, Երևանում էր, համաձայնեց հարցազրույցի, իհարկե իր ղեկավարության առաջ քաշած նախապայմաններից դուրս չգալու խոստումը ստանալուց ու պարզելուց հետո, որ ոլորտից հեռու չեմ:
18 տարեկան փխրուն աղջկան, ինչը՞ ստիպեց դառնալ դիպուկահար :
-17 տարեկանից սկսեցի հաճախել հրաձգարան, աչքիս առաջ ունենալով իսրայելցի աղջիկների ծառայողական կյանքը, որին ծանոթ էի ֆիլմերից: Ավելի վաղ սկսել էի զբաղվել սամբո և ձյուդո սպորտաձևերով: Երբ լրացավ 18 տարեկանս, որոշեցի գնալ ու պայմանագրային հիմունքներով ծառայել, դիպուկահարի արդեն մեկամյա փորձ ունեմ, արդյունքները, բնականաբար, չեմ կարող գաղտնազերծել:
Իսկ ընտանիքդ ինչպե՞ս ընդունեց դիպուկահար դառնալու որոշումդ:
-Բնականաբար դեմ էին հայրս, մայրս, եղբայրս, դե ավանդական հայ ընտանիք, հայկական մենթալիտետ, որի հետ հաշվի չնստեցի. ես միշտ հասնում եմ իմ ուզածին, անում եմ այն, ինչ գտնում եմ ճիշտ, ինչ` իմն է :
Իսկ վախը խոչընդոտ չէ՞ր :
-Եթե ասեմ չկար վախ ու չկա, բնականաբար կստեմ, ինչպե՞ս կարող է վախ չլինի, վտանգավոր գործ է, բայց, եթե ունես ամուր միտք, գիտակցություն ու կամքի ուժ` վախը շատ արագ հաղթահարվում է:
Իսկ հետո երբ, ընտրության առջև կանգնես` ընտանիք թե՞ զինվորական ծառայություն, ո՞րը կընտրես :
-Դժվար հարց եք տալիս, երկուսն էլ կարևոր է, բայց մինչև այդ պահը չգա` հստակ ոչինչ ասել չեմ կարող: Այդ ուղղությամբ դեռ չեմ մտածում, մինչև հայրենիքիս հանդեպ պարտքս չտամ. պայմանագրիս ավարտին դեռ 2 տարի կա, բայց շարունակելու ցանկություն ունեմ:
Կհիշես ծառայությանդ առաջին օրը. ինչպիսի՞ ընդունելություն հակառակ սեռի կողմից, ի՞նչ էիր զգում :
-Բարդ էր ու դժվար, այդքան տղաների մեջ, բայց քաջ գիտակցում էի որոշմանս լրջությունը ու երբ զենքը ձեռքս վերցրեցի ամեն «խոչրնդոտող զգացմունք» անէացավ` մնաց միայն հպարտությունն ու պատասխանատվությունը:
Ասում են կինն ավելի լավ դիպուկահար է, քան տղամարդը , ճիշտ է՞ :
-Ֆիզիոլոգիական առումով կնոջ շնչառությունն առավել «բարենսպաստ» է դիպուկահարության համար, եթե կարելի է այդպես ասել, հետո կինը առավել սառնասիրտ է ու համբերատար, այո, հենց այդպես` կնոջ ձեռքը չի դողում:
Դժվար չէ՞ քեզ համար անընդհատ զինվորական կոշտ համազգեստի մեջ լինել, «կաղապարված» առօրյայով ապրել:
-Եթե հրաման է` պիտի կատարես, ես արդեն ասեցի, որ դրա համար կամքի ուժ է պետք, իսկ այս ձեր ասած «կոշտ» համազգեստը բնավ չի թաքցնում կանացիությունը, բայց կանացիության հետ մեկտեղ աղջիկը ևս պետք է ուժեղ ոգի ունենա. չգիտես, թե կյանքն ինչերի միջով կտանի քեզ:
Հաշվի առնելով , որ մաշկիդ վրա զգացել ես ծառայության դժվարությունները, պե՞տք է, որ հայ աղջիկները ևս պարտադիր զինվորական ծառայություն անցնեն:
-Իսրայելում, երբ տղան առաջին անգամ հանդիպում է աղջկան, առաջին բանը, որ հարցնում է. «Ո՞ր զորքերում ես ծառայել», ինչու չէ, թող մեզ մոտ էլ աղջիկները ծառայեն, տղաներից ոչնչով պակաս չենք, ես վստահ եմ, որ շատ աղջիկներ կան, որոնք կցանկանան ծառայել բանակում: Հետո, վստահ կարող եմ ասել, որ աղջիկների ծառայությունը կբարձրացնի մեր բանակի վարկը:
Տղաներից հաճախ եմ լսել, որ աղջիկների ծառայության ընթացքում վեճերն ավելի շատ կլինեն, համաձա՞յն ես դրա հետ:
-Աղջիկների միջև մրցակցությունն ավելի ուժեղ է, դրա համար աղջիկների ստորաբաժանումների հրամանատարը պետք է տղամարդ լինի, հակառակն էլ կարող է լինել, բայց այս դեպքում, այդ աղջիկը «ԱՍ» պիտի լինի. շատ խելացի և ուժեղ:
Դու քո աղջկան թույլ կտայի՞ր ծառայել բանակում :
-Մի կողմից` այո, մյուս կողմից` ոչ, բայց նրա մեջ ամեն դեպքում կսերմանեի հայրենասիրություն, հայրանապաշտություն, ոգեղենություն, ուժեղ կամք, եթե ընտրեր իմ ուղին, ամեն դեպքում` չէի խոչընդոտի: Ինձ բանակը շատ բան է տվել, կոփել է …(ժպտում է): Իսկ հիմա ես քեզ մի հարց տամ.«Դու ռազմական ոլորտն ես լուսաբանում, անձամբ դու կծառայեի՞ր»:
Այո, ուղղակի կենցաղային խնդիրները հաղթահարելը դժվար կլիներ:
-Եթե ուզում ես, պիտի ոչնչից չվախենաս և խոսքդ գործի վերածես: Կարող ես իմ կողքին լինել: Բանակում կեղտոտ ափսե էլ կլինի, մաքուր էլ, եթե նպատակ ես դրել` չպիտի նման բաներին նայես:
Լավ, անցնենք հաջորդ հարցերին: Մարինե, շատ տղամարդիկ դեմ են կանանց քաղաքականության և իշխանական օղակներում ներգրավվելուն` պատճառաբանելով , որ այդ կանայք համաշխարհային նոր պատերազմների կհրահրեն: Ինչպե՞ս ես դու կարծում, մեզ կին ղեկավարներ պե՞տք են:
-Կանայք շատ վտանգավոր են, բայց դա չի նշանակում, նրանց չպետք է պաշտոններ վստահել:
Իսկ դու անձամբ երազել ե՞ս երբևէ ռազմական ոլորտում որևէ պաշտոն ունենալու մասին, ընդհուպ` պաշտպանության նախարար:
-Ոչ, ես պաշտոնի չեմ ձգտում, ուզում եմ անել այն, ինչ` անում եմ և դա լավ անել. պատշաճ կերպով ապահովել երկրիս անվտանգությունը: Պաշտպանության նախարար լինելը հեշտ գործ չէ, ասեմ: Հետո գիտես, պիտի լինես, այնտեղ, որտեղ քոնն է, ուր ճակատագիրը, ուր Աստված կտանի, պետք չէ ոչինչ պլանավորել, կյանքն ուր պետք է քեզ կտանի:
Ինչպե՞ս ես վերաբերվում դասալիքներին:
-Շատ վատ, եթե ես աղջիկ լինելով ծառայում եմ, այդ մեծահարուստի տղաներն ինչո՞ւ պիտի չծառայեն կամ քաղաքի «ոսկե երիտասարդությունը» ..ես նրանց համարում եմ թուլակամներ, այո, նրանք վախկոտներ են, թույլեր, ավելին ասեմ, եթե նրանք իրենց մաշկի վրա չզգան այդ երկու տարվա դժվարությունները, նրանք չեն կարող հետո դառնալ, այն ինչ երազում են, իրենց երազած տղան…,եթե հայրենիքի համար չեն ծառայում, գոնե իրենց ծնողների համար ծառայեն, ո՞նց չեն ամաչում, հատկապես, երբ հիմա բանակում, թեկուզ պայմանագրային հիմունքներով աղջիկներ են ծառայում: Կրկնում եմ` վախկոտներ են նրանք, թուլասիրտներ: Հենց այդպես էլ գրեք, ես չեմ վախենում: Ես չեմ ամուսնանա, բանակում չծառայած տղայի հետ…հաստատ…չեմ ամուսնանա…: Իմ եղբայրը շուտով բանակ է գնալու, ձեռքիս ճար լինի, ամենավտանգավոր տեղը կգցեմ, թող ծառայի:
Քանի որ, խոսեցինք դասալքությունից, չշրջանցենք նաև բանակային վերջին շրջանի միջադեպերը, ըստ քեզ ու՞մ մեղավորությունն է դա առաջին հերթին, որտե՞ղ է բացթողումը:
-Ես կարծում եմ առաջին՝ հերթին սպան, հրամանատարը պիտի լավ ճանաչի իր զինվորին. յուրաքանչյուրի նկատմամբ առանձնահատուկ մոտեցում է պետք, հրամանատարը պիտի այնպիսին լինի, որ զինվորը կիսվի իր հետ ու եթե պարզվի, որ նրա ոգեղենությունն այս անգամ բավարար չէ, չպետք է նրան դիրքեր բարձրացնի, թույլ ոգով չենք կարող հաղթել: Զինվորն էլ իր հերթին, պիտի գիտակցի ուր է գնում, ինչ պարտականություններ ունի, դրա համար ռազմական դաստիարակությունն ու բանակային առօրյային ծանոթացումն ավելի վաղ տարիքից պիտի լինի, որ հետո բանակի մասին, միայն դրսի պատմածով կարծիք չկազմվի, իսկ դրսինը` միայն բացասական է:
Խոսեցինք բանակից, ծառայությունից, անդրադառնանք նաև արցախյան ազատամարտի հերոսներին, ո՞վ է քեզ միշտ «ուղեկցում»:
-Մոնթեն, բայց հիմա Նժդեհյան պատգամներից կհիշեմ .«Հաղթում է ուժեղը և ոչ թե արդարը, վայ ձեզ թույլեր»: Պատմությունն ունենք, հիմքը կա, հիմք, որ Վարդան Մամիկոնյանը, Աշոտ Երկաթը, հետո` Մոնթեն, Դուշմանն են գցել, մեզ մնում է այդ հիմքի վրա կառուցել մեր ապագան:
Մոտ ամսից, մեր բանակը կդառնա 20 տարեկան, գրեթե քո տարիքին, ի՞նչ կմաղթես:
Ուզում եմ, որ հզոր սպառազինություն ու զենք ունենա մեր բանակը, որ մեր բանակի մարդկային ու տեխնիկական ռեսուրսը միշտ ի զորու լինի ոչնչացնել ու արժանի հակահարված տալ հակառակորդին: Բայց ….(լուռ մտածում է..)…չէ, առաջին հերթին, թող խաղաղություն լինի մեր բանակի ներսում, շուրջը, մեր երկրում….ես դրա համար ամեն ինչ կանեմ….կանեմ….
Հ.Գ.
Երբ պաշտպանական գերատեսչության միջանցքում Մարինեին հանդիպեցին բարձրաստիճան զինվորականներ, նրանց հայացքներում խոնարհում ու ակնածանք տեսա,19-ամյա աղջկա ներկայությունից նրանք նույնիսկ սթափվեցին, չնայած զինվորական առավել բարձր կոչմանը:
Մարիամ Պետրոսյան
HayNews.am
12 դեկտեմբերի 2011
http://haynews.am/hy/1323717086
Կարդացեք նաև մեր կայքում այլ նյութեր այս թեմայի շուրջ .
«Եթե տեսնեն, թե աղջիկներն ինչպես են ծառայում»…
«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…
Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում
Տիկին պաշտպանության նախարար և ֆրաու գլխավոր հրամանատար
Դիտումների քանակը` 5509