Իզաբելլա Աբգարյան.«Վիրավորանքներից և գռեհկությունից պետք է խուսափեն բոլոր քաղաքական գործիչները ՝ լինեն կին, թե տղամարդ»

 

Շատ դեպքերում քաղաքական պայքարը եւ քաղաքական շահն ստիպում են անգամ կին գործիչներին անցնել քաղաքավարության նորմերը եւ երբեմն, բանավեճը տանել փոխադարձ վիրավորանքներով ու, այսպես ասած,   կոշտ մեթոդներով: Օրինակներին չենք անդրադառնա, առանց այլ են այս թեման հաճախ շահարկվում է ընդհանրապես կանանց քաղաքական մասնակցության դեմ հանդես եկող գործիչների կողմից:  Այնուամենայնիվ հարց է առաջանում, ինչպե ՞ս պետք է վարվի քաղաքականություն  մտած կինը ` խուսափելու համար քաղաքական հակառակորդների հետ բանավեճը վիրավորանքների դաշտ տեղափոխելուց:

 

 

WomenNet.am-ն այս հարցի շուրջ զրուցել է վերջերս քաղաքական ակտիվություն հանդես բերած բլոգեր Իզաբելլա Աբգարյանի հետ, ով խորհրդարանական ընտրությունների ժամանակ  ընդգրկված էր «Ժառանգության» կուսակցական ցուցակում էր, իսկ այժմ  Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարեւ» շարժման  ակտիվ մասնակիցներից է եւ հանրահավաքների հարթակից քննադատում է իշխանություններին:  Նա նաեւ ներկայացված է Երեւանի ավագանու ընտրությունների «Բարեւ» բլոկի ցուցակում:

 

 

Իզաբելլա Աբգարյանը չի կարծում, որ քաղաքական պայքարի առանձնահատկություններին անդրադառնալիս, այն ըստ սեռերի տարանջատելու խնդիր պետք է դրվի: Նրա համոզմամբ, փոխադարձ վիրավորանքներից և գռեհկությունից պետք է խուսափեն բոլորը՝ լինեն կին, թե տղամարդ քաղաքական գործիչներ:

 

 

‘’Մեր քաղաքական դաշտում կան տարբեր տիպի կանայք: Ես առհասարակ դեմ եմ կաղապարներին և, կարծում եմ, որ ամեն տեսակն իր լինելու իրավունքն ունի: Դա բնական է: Շատ բան կախված է իրավիճակից’’,-միեւնույն ժամանակ նշում է Իզաբելլա Աբգարյանը: Նրա խոսքով, երբ բանավեճի ժամանակ բարձր տոնով և վիրավորական արտահայտություններ օգտագործող գործչի հետ`լինի նա կին, թե տղամարդ, հանգստություն ես պահպանում և քաղաքավարության կանոններից դուրս չգալով ես դիմում նրան, արդեն իսկ քո տեսակը` քաղաքակիրթ պայքարողի տեսակը, հաղթած է դուրս գալիս և ի ցույց է դնում տեսակների միջեւ առկա ահռելի տարբերությունը:  ‘’Անձնական օրինակ, հիմնավոր խոսք, հարգանք դիմացինի և նրա կարծիքի նկատմամբ` ահա այս հատկանիշներն են, որ կարևորում եմ և կուզենայի տեսնել մեր քաղաքական դաշտում’’,-շեշտում է Իզաբելլա Աբգարյանը:

 

 

Ինչ վերաբերվում է այն քաղաքական պայքարին, որի մասնակիցն է նաեւ ինքը`բլոգերը, Իզաբելլա Աբգարյանն ասում է, որ այսօր Ազատության հրապարակի հարթակում է, որովհետև պահանջատեր քաղաքացի է:  ‘’Հարթակում եմ, որովհետեւ պահանջատեր քաղաքացի եմ, հարթակում եմ, որովհետև ասելիք ունեմ, հարթակում եմ, որովհետև մայր եմ, մայր, ով ուզում է, որ իր երեխաները լավ ապագա ունենան հենց իրենց հայրենիքում, այլ ոչ թե օտար ափերում: Հարթակում եմ նաև, որ իմ օրինակով պայքարին միանան նաև բոլոր մայրերը և հասկանան, որ երեխային միայն կերակրելն ու դաստիարակելը քիչ է, կան գործոններ, որոնք կզրոյացնեն քո բոլոր ջանքերը՝ երեխայիդ համար լավ ապագա ստեղծելու, և այդ գործոններից մեկը միջավայրն է, որին առնչվում է երեխան ընտանիքից դուրս’’,-համոզմունք է հայտնում նա:

 

Մարիաննա Ղահրամանյան 

Դիտումների քանակը` 4052

Գլխավոր էջ