Ո՞րն է հասարակության կողմից «կին քաղաքական գործչի» ընդունելի ու ընկալելի կերպարը

 

ԱԺ-ի երեկվա միջադեպը՝ կապված «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհու Փոստանջյանի երևակայական նամակի ընթերցման հետ, տարաբնույթ մեկնաբանությունների ալիք բարձրացրեց մամուլում և  սոցցանցերում:  

 

 

Ոմանք՝ հավանության արժանացրեցին Փոստանջյանի համառությունը՝ ներքաղաքական իրավիճակը հաշվի առնելով,  մյուսները՝  մեղադրեցին  էթիկայի կանոնները խախտելու մեջ, նկատելով, որ օրենսդիրի կողմից ցանկացած օրենքի խախտումը, այս դեպքում ԱԺ կանանակարգի, անընդունելի է:

 

 

Դեպքի առնչությամբ վերհիշեցին  նրա  բոլոր նախորդ  «մեղքերը», հատկապես, վերջին աղմկոտ պատմությունը,  երբ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը  փորձեց  սաստել Փոսթանջյանին՝ իրեն իսկ  եղանակով: Վերջինս, ցուցադրաբար փորձել էր լքել դահլիճը մեկ այլ պատգամավորի ելույթի ընթացքում՝ ժեստերով ցույց տալով իր անհամաձայնությունը հնչած կարծիքի հետ: Ի պատասխան այդ  վարքագծին,  Շուշան Պետրոսյանը մեկ այլ վիրավորական ժեստով՝ մատը մոտեցնելով քունքին,  ցույց է տվել ելքի դուռը. «Գնա´, գնա´», ինչին հետևել  է Զարուհու վրդովմունքը … Այս միջադեպին  մամուլը անմիջապես արձագանքեց «Կանանց կռիվ» վերտառմամբ…

 

 

Ասել թե տղամարդ պատգամավորների միջև  լեզվակռիվները, որոնք երբեմն էլ վեր են ածվել ձեռնամարտի, մամուլի ուշադրության չեն արժանանում ,  իհարկե չի կարելի: Բնականոն աշխատանքից շեղվող, սենսացիայի թեկուզ աննշան տարր պարունակող  ցանկացած  երևույթ  մամուլում անպայման իր տեղն է գտնում, և   պատգամավորները, որոնք  իրականում մտահոգված են իրենց իմիջով, պետք է որ զգոն լինեն՝ անկախ սեռից:  Սակայն կանանց  դեպքում , կարծես թե,  կրկնակի սենսացիա է ստացվում…

 

 

«Կանանց «բախում» դեռևս չէինք ունեցել Ազգային ժողովում, իսկ դա արդեն  top-news  է», – նկատեց  WomenNet-ի  հետ զրույցում քաղաքական հոգեբանության և քաղաքական PR մասնագետ Գայանե Հարությունյանը՝ մեկնաբանելով մեր խնդրանքով  ԶԼՄ-ում տեղ գտած աղմուկը  Փոսթանջյան- Պետրոսյան ընդհարման հետ կապված:

 

 

Այնուամենայնիվ, ինչո՞ւ է հասարակությունը կին քաղաքական գործիչների նկատմամբ ավելի  խստապահանջ, ո՞րն է հասարակության կողմից «կին քաղաքական գործչի» ընդունելի, ընկալելի կերպարը  և ինչո՞ւ է հասարակությունը  «խոշորացույցով »  դիտում նրանց` աններելի համարելով  ցանկացած թերություն: Ասենք, եթե տղամարդ  պատգամավորը  դաստիարակվածության  կամ կրթվածության հետ ինչ-որ խնդիրներ ունի,  նրան՝ քննադատության ենթարկելով  չեն հիշեցնում, որ տղամարդ է, իսկ կնոջ դեպքում՝ անմիջապես ընդգծվում է, որ նա կին է…

 

 

Գայանե Հարությունյանը, մեր այս հարցերին ի պատասխան, նկատեց, որ հասարակության կողմից ընդունված  լինելու համար ` տղամարդիկ և կանայք պետք է գործեն իրենց գենդերային դերերին համահունչ և եթե իրենց վարքագիծը չի համապատասխանում «իսկական տղամարդու»  կամ «իսկական կնոջ»  կարծրատիպային պատկերացումներին, ապա անմիջապես հիշատակվում է տվյալ անձի սեռային պատկանելիությունը:

 

« Ասենք, կանայք ավելի զգացմունքային են և առավել հաճախ են կիրառում ժեստերի լեզուն, սակայն նրանցից հասարակությունը պահանջում է վարքի ստանդարտ մոդելներ՝  հանրության առջև լինել ավելի հանդուրժող և հավասարակշռված, ինչպես կենցաղային, այնպես էլ գործնական հարաբերություններում »,- ասաց մասնագետը, նկատելով, որ ըստ  այդ դերային մոդելների տղամարդկանց առջև  այդ նույն  պահանջները նման խստությամբ չեն դրվում,  թեպետ  անշուշտ պետք է  հավասար վերաբերմունք ցուցաբերել անհանդորժաղականության, անդաստիարակության,   տգիտության և  այլ թերությունների հանդեպ՝ անկախ սեռից:

 

 

Մի խոսքով, քանի դեռ առաջնորդվում ենք գենդերային կարծրատիպերով՝ հավասար վերաբերմունք դժվար թե կարելի է ակնկալել: Բացի այդ,  իրական քաղաքականության մեջ կանայք այնքան քիչ են երևում, որ հասարակությունում դեռևս չի ձևավորվել կին-քաղաքական գործչի ընդունելի և  օրինակելի կերպարը, և  մարդիկ   շարունակում են «խոշորացույցով» դիտարկել այդազպարեզ մտած  յուրաքանչյուր կնոջը ՝ պատասխանատվության ենթարկելով  նրան սեռային պատկանելիության  և  ոչ թե գործնական  հատկանիշների  համար…

Ա.Հակոբյան

Դիտումների քանակը` 3601

Գլխավոր էջ