Հարսին խոշտանգումների ենթարկած սկեսուրը մի քանի ամսից ազատության մեջ կլինի

Վերաքննիչը հրապարակեց վճիռը

Վերաքննիչ դատարանն այսօր ուժի մեջ թողեց Արարատի ու Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ըստ որի հարսին` Մարիամ Գևորգյանին բազմաթիվ կտտանքների ենթարկած սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանը դատապարտվել է 4 տարի ազատազրկման, ապա նրա նկատմամբ կիրառվել է համաներում` կրճատելով պատժաչափը 1/3-ով: Ի դեպ, Հայկանուշ Միքայելյանն էլ նույն դատարանից պահանջում էր իրեն արդարացնել և ազատ արձակել: Դատարանը մերժեց երկու կողմերի բողոքները:

 

 

Հայկանուշ Միքայելյանի որդին` Դավիթ Զիրոյանը, ով ևս Մարիամ Գևորգյանին պարբերաբար ծեծի ու բռնությունների է ենթարկել, հայտարարել է, որ դատարանն օբյեկտիվ չէ, անարդար է, ինքը բողոքարկելու է վերաքննիչի կայացրած վճիռը:

 

 

Դատարանի կայացրած վճռից գոհ չեն նաև Մարիամ Գևորգյանն ու նրա փաստաբան Նոնա Գալստյանը:

 

 

WomenNet.am-ին փաստաբանն ասաց, որ սպասում են դատարանի վճիռը ստանալուն, որից հետո անպայման դիմելու են Վճռաբեկ դատարան, իսկ եթե այստեղ էլ չբավարարեն իրենց  ներկայացրած հայցը, ապա պատրաստ են հասնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 

 

«Միանշանակ կդիմենք, որովհետև և առաջին ատյանի, և վերաքննիչ դատարաններում շատ-շատ խախտումներ եղան: Ես գնահատում եմ, որ դատարանը տուժող կողմի նկատմամբ օբյեկտիվ վերաբերմունք չդրսևորեց»,-նկատեց փաստաբանը:

 

 

Մ. Գևորգյանը վերաքննիչ դատարանից պահանջում է սկեսուրի նկատմամբ կիրառել  պատժի առավելագույն չափը` 5 տարի ազատազրկում, հանել համաներման կիրառումը և մոտ 17 միլիոն դրամ փոխհատուցում` կրած ֆիզիկական և բարոյական վնասենրի համար: Վերաքննիչն էլ փոխհատուցման պահանջը թողել է առանց քննություն` հորդորելով դրա վերաբերյալ առանձին հայց ներկայացնել դատարան: Փաստաբանն այս առումով, այն կարծիքին է, որ դատարանն ավելի շահեկան վիճակում դնում է ամբաստանյալին, ոչ թե տուժողին:

 

 

Ինչ վերաբերում է սկեսուրի նկատմամբ համաներման կիրառմանը, ապա Ն. Գալստյանի խոսքով, անօրինականություն է, քանի որ իրավական այդ ակտն այս դեպքում չի տարածվում այն մարդկանց վրա, ովքեր ընդունվելու պահին եղել են հետախուզման մեջ: Հիշեցնենք, որ ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ համաներման մասին Ազգային ժողովի որոշումը եղել է 2011-ի մայիսին, իսկ Հայկանուշ Միքայելյանին իրավապահները Ռուսաստանի Դաշնությունում բռնել ու Հայաստան են տեղափոխել 2011-ի դեկտեմբերին:

 

 

Փաստաբանն ասաց, որ այս հարցի վերաբերյալ ինքը պատրաստվում է պարզաբանումներ խնդրել Մարդու իրավունքների պաշտպանից ու արդարադատության նախարարությունից:

 

 

 

«Պետք է հասկանանք այդ կետի մասով իրենց դիրքորոշումը, դրանից հետո նոր կանենք համապատասխան քայլեր»,-ասաց փաստաբանն ու ավելացրեց, որ պատասխանից պարզ կլինի նաև այդ դատավորներին պատասխանատվության կանչելու հարցը:

 

 

Ն. Գալստյանի խոսքով, եթե ընդունված լիներ «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, ապա ամեն ինչ ավելի հստակ կլիներ:

 

 

«Որոշ հանգամանքներ զուտ «Ընտանեկան բռնության մասին» օրենքը չլինելու պատճառով հաշվի չառնվեց` վախ, սպառնալիքներ, բռնություն: Ամեն ինչ սահմանվեց միայն քրեական օրենսգրքով, որովհետև կա պատճառված վնաս: Բայց նույն կապակցությամբ, ես միշտ հայտարարել եմ, որ եթե փողոցում ընկերը ընկորեջն էլ վնաս պատճառեր, նույն հոդվածով էր մեղադրվելու: Այսինքն այստեղ հաշվի չառնվեց այն, որ ընտանեկան հարաբերություններ են եղել, մշտապես սպառնալիք է եղել, նույնիսկ գործի քննության ժամանակ անընդհատ ամբաստանյալի որդին սպառնում էր Մարիամին»,-մտահագությունները հայտնեց փաստաբանը, ավելացնելով, որ այդ օրենքի առկայության պարագայում պայքարի մեխանիզմերը առավել պարզ ու հստակ կլինեին:

 

 

Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը իր որդու` Դավիթ Զիրոյանի հետ միասին խոշտանգումների է ենթարկել Մարիամ Գևորգյանին: Մ.Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և խոշտանգումների են ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել` Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ:  Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով: Հայկանուշ Միքայելյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում` դատապարտվելով 4 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանը միաժամանակ որոշեց կիրառել համաներում և նշանակված պատժի չափը 1/3 –ով կրճատել, իսկ այնուհետև հանեց ամբաստանյալի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը:  Տուժող Մարիամ Գևորգյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցն ամբողջությամբ դատարանը թողեց առանց քննության և չբավարարեց:

 

Հ. Կարապետյան

 

 

 

Կարդացեք նաեւ այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հարսին խոշտանգած սկեսուրին՝ 4 տարվա ազատազրկում, ապա համաներում…/ վիդեո

 

Խոշտանգված հարսի փաստաբանը բողոքարկել է առաջին ատյանի որոշումը

 

«Մերս քեզ ինչ անում ա, դեռ քիչ ա, ավելի շատ պիտի ծեծի»…/վիդեո

 

 

 

 

Դիտումների քանակը` 3495

Գլխավոր էջ