Հաջողված կարիերա թե՞ երջանիկ ընտանիք


Ինչու՞ այդ երկընտրանքի առջև են կանգնում միայն կանայք:

Եվ  ինչու՞ ենք մենք այդպես համոզված, որ հնարավոր չէ համատեղել ընտանիքը և կարիերան:

 Այս հարցերի շուրջ  են մտորում մեր զրուցակիցները՝ Երիտասարդական խորհրդարանի անդամները: 

Կարինե Ոսկանյան Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ/ ինքնաառաջադրված.

– Այս խնդիրը միշտ առկա է, սակայն յուրաքանչյուր խելացի կին կընտրի ընտանիքը, որովհետև աշխատավայրում կարող ես ունենալ մեծ հաջողությունններ, բայց, ի վերջո, տուն ես վերադառնալու, որտեղ 4  պատերից բացի, ոչինչ քեզ չի դիմավորելու: Կարծում եմ, յուրաքանչյուրն էլ կընտրի ընտանիքը` լինի կին, թե` տղամարդ: Իրականում  տղամարդը նույնպես այդ ընտրության առջև է կանգնած: Այսօր, երբ  կա արտագնա աշխատանքի մեկնելու հեռանակարը,  նրանք, հաճախ՝ վախենալով կորցնել իրենց ընտանիքը, գերադասում են ավելի վատ ապրել այստեղ, քան` մեկնել:

 

Իհարկե, հարաբերակցության առումով` անհամեմատելի է. կնոջ առջև այդ խնդիրը ավելի լուրջ է դրված: Այդ ընտրության փաստը մեր առջև հիմնականում տղամարդիկ են դնում և  ստիպում են` ընտրել:  Սակայն տղամարդիկ կարող են աջակցել և գործի «և-և»-ի սկզբունքը, բայց հաճախ մեր տղամարդիկ մի փոքր էգոիստ են գտնվում ու ունենում ենք` «կամ-կամ»-ի մոդելը: Մինչդեռ, կինը շատ ուժեղ անձնավորություն է և ցանկության դեպքում, նա կարող է և երեխաներին պահել և ամուսնու համար լավ կին լինել և աշխատանքում հաջողությունների հասնել: Երբ կինը առաջընթաց է ունենում, հաճախ տղամարդկանց մոտ վախ  է առաջանում` կորցնել նրան, կամ որ կինը նրանից խելացի կամ առավել կլինի ու այս մտավախությունն է, թերևս, ստիպում կնոջը պարտադրել, որ «կամ-կամ» ընտրությունը կատարի:

 

Կառլեն Խաչատրյան, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ/  ընդգրկվել  ՀՀԿ-ի քվոտայով:

 

– Միայն տղամարդկանց մեղադրելն այնքան էլ ճիշտ չէ, ի վերջո, կնոջ ընտրությունն է: Որքան էլ նրան, դրդեն, ուղղորդեն կամ ինչպես Կարինեն ասաց` ստիպեն, միևնույն է, ինքն է այդ ընտրություն անողը: Ճիշտ է, կինը հոգեբանորեն ուժեղ էակ է, սակայն ֆիզիկապես այնքան էլ ուժեղ չէ, դրանով է պայմանավորված, որ կան աշխատանքներ, որ կինը չի կարող զբաղվել, բավականին մեծ ծանրաբերռնվածություն է ենթադրում: Իմ կարծիքով, քաղաքականությունն էլ է այդ զբաղմունքներից մեկը: Լարված աշխատանք է պահանջում:

 

Մարուսյա Անուշավանյան, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ /ինքնաառաջադրված.

– Ես ուզում եմ ասել, որ որպես իգական սեռի ներկայացուցիչ, ինչ- որ տեղ ֆիզիկապես, եթե զիջում ենք, ապա այլ գործոններով, ոչնչով չենք զիջում: Այդ տարանջատումները արդարացի չեն:

 

 

Վլադիմիր Գևորգյան. Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ/ ընդգրկվել բուհական քվոտայով

 

 

– Կինը որպես ընտանիքի մայր և կինը` քաղաքականության մեջ  – իմ դիրքրքոշումն այն է, որ ավելի լավ է կինը լինի հայ ընտանիքի մայր, քան թե` զբաղվի քաղաքականությամբ. կարիերան  կարող է բացասաբար ազդել իր ընտանիքի վրա:

 

Կարող է անգամ իմ ասածը կարծրատիպային մոտեցում համարվել, սակայն գտնոմ եմ, որ երբ կինը զբաղվում է կարիերայով, նա, հիմնականում, ընտանիքում երջանիկ չէ: Քանի որ կին քաղաքական գործիչները, շատ դեպքում, ֆիզիկապես չեն հասցնում տանը լինել: Արդյունքում և  ամուսինը և  երեխաները զգում են կնոջ բացակայությունը: Ու իմ դիտարկմամբ այդպիսի կանայք չեն ամուսնանում, կամ ամուսնանում են մեծ տարիքում:

 

Ամուր երկրի հիմքը ընտանիքն է: Իսկ եթե կարիերան ինչ-որ տեղ կարող է խոչընդոտել ընտանիքի ամրությանն ու ամբողջականությանը, ապա բնականաբար, ես դրան դեմ եմ: Եվրոպայում մենք նկատում ենք դեգրադացիա, ամուսնանում են 30 անց տարիքում և տեղի է ունենում պարզ վերարտադրություն, մեկ երեխայից ավելին չեն ունենում,

 

Մեզ մոտ հիմնականում սոցիալական  պատճառով է նույնը տեղի ունենում, բայց երբ մարդը ֆիզիկապես չի հասցնում երեխա մեծացնել, դաստիարակել և դրա հետ նաև կարիերա անել, ուրեմն, թող երեխա ունենա, մեր ազգը շատացնի: Ես դրան ավելի կողմ, եմ, չնայած դեմ էլ չեմ հավասարությանը, եթե կարողանում է զուգորդել ընտանեկան հոգսը և աշխատանքը, չնայած  վերջինը կարծում եմ եմ այնքան էլ հնարարավոր չէ անել:

Դիտումների քանակը` 5187

Գլխավոր էջ