«Վատ չէր լինի, եթե Հայաստանում կին վարչապետ ունենանք, նաև՝ նախագահ»
WomenNet.am- ը փորձեց հավաքագրել մարտի 8-ի կապակցությամբ հնչեցված կին քաղաքական ու հասարարական գործիչների հրապարակային ելույթները…
Մարգարիտ Եսայան,
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր.
«Եթե կանայք վերցնեն իշխանությունն աշխարհում»…
…Կարծում եմ, եթե հեղափոխություն լինի և կանայք վերցնեն իշխանությունն աշխարհում, հաստատ աշխարհն ավելի լավն է լինելու, քան հիմա: Թող որևէ մեկի մտքով չանցնի, թե մենք թույլ արարածներ ենք, իրականում կինն ավելի ուժեղ տեսակ է, ավելի լիդեր է, քան շատ տղամարդիկ: Կուզենայի կանայք շատ լինեին խորհրդարանում, մեկ-երկու կին նախարար չունենայինք: Նաև ես համարձակվում եմ ասել՝ վատ չէր լինի, եթե Հայաստանում կին վարչապետ ունենանք, նաև՝ նախագահ: Ես չեմ բացառում, որ դա կարող է իրականություն դառնա, քանի որ կինը տուն պահող, կարգի բերողը կինն է և նա կարող է ավելի շատ լավ կարգի բերել որևէ գերատեսչություն, քաղաք, պետություն…
Խաչանուշ Հակոբյան,
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն.
« Ուզում եմ, որ մեր ընտանիքներում լինի ներդաշնակություն»
– Եթե ամուր է ընտանիքը, ապա ամուր է պետությունը, իսկ ընտանիքը ամուր է, երբ առողջ է մայրը, քանի որ գաղտնիք չէ, որ ընտանիքի սյունը մայրն է: Մենք ենք օջախի պահապանները, մենք ենք երեխաներին դաստիրակողները: Իհարկե, առանց տղամարդկանց մեր կյանքը առ ոչինչ է դառնում, ուստի ուզում եմ, որ մեր ընտանիքներում լինի ներդաշնակություն, լինի փոխադարձ հարգանք, զիջումներ՝ առանց որի ընտանիքները չեն կարող կայուն լինել…
Մարգարիտ Խաչատրյան,
«Զինվոր» ՀԿ -ի համակարգող խորհրդի նախագահ
«Մեր մայրերին ուժ, կորով մաղթենք»
– Մարտի 8-ի կապակցությամբ առաջին հերթին պետք է շնորհավորել այն մայրերին, որոնց երեխաներն այսօր առաջին գծում սահման են պահում: Մեր մայրերին ուժ, կորով մաղթենք, կանայք երբեք տղամարդկանց չեն զիջում: Եթե կինը տրամադրվեց, որ իր խոսքը պետք է գործ դարձնի, ապա կանի: Կնոջ խոսքն ավելի մեծ նշանակություն կարող է ունենալ, քան տղամարդու: Հիշեք՝ կինը տան սյունն է, տղամարդը՝ դրսի պատը…
Լարիսա Ալավերդյան,
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան
«Կանայք կարող են երկրի դեմքը փոխել»
– Այն ներուժը, որն ունի հայ կինը, եթե ներդնի, ապա մեր երկրի դեմքը կփոխվի: Կանայք նաև պետք է հասկանան, որ պարտավոր են մասնակցել տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին, մասնակցություն ունենան երկրի հասարակական, քաղաքական կյանքում: Ազգային ժողովում էլ կանայք ավելի ընդգրկված կլինեն: 100 տոկոս պետք չի, ես ներդաշնակության կողմնակից եմ: Հայաստանը մնում է տղամարդկային մշակույթի երկիր, բայց այս մշակույթի ներքո կանայք պետք է իրենց արժանի տեղը զբաղեցնեն. այդ ժամանակ տղամարդկանց պատիվը ավելի բարձր կլինի…
Անուշ Սեդրակյան,
“Ազատ դեմոկրատներ” կուսակցության փոխնախագահ
«Ավելի լավ է մեր օրացույցը հարուստ լինի նման տոներով, քան բազմաթիվ մեռելոցներով»
– Դեմ եմ մարտի 8-ին, սակայն սա ամենևին էլ չի նշանակում, որ դեմ եմ ընդհանրապես կանանց տոն ունենալուն, ոչ: Պարզապես Հայաստանը պետք է կանանց տոնը նշի ապրիլի 7-ին: Կուզենայի, որ նույն եռանդով ապրիլի 7-ը նշեինք և դա դառնար պետական տոն, ոչ թե մարտի 8-ը: Հատկապես եթե հաշվի առնենք, որ իրավունքների պաշտպանության խորհուրդ մարտի 8-ը միեւնույն է չունի: Սա տղամարդկանց հումորների և կանանց մի տեսակ ներքին ստորացման օր է…
Ա. Բախշյան,
«Ժառանգություն» կուսակցության անդամ
«Կանայք կարող են կարգի գցել քաղաքականության թափթփված դարակները»
Ես տոն չեմ զգում մարտի 8-ին, իսկ նորհավորանքներ ու մարտիության վերաբերմունք ակնկալում եմ ստանալ ամեն օր, քանի որ դրա համար ամեն օր եմ ջանք գործադրում:
Ինչ վերաբերվում է կանանց իրավունքներին, ապա նրանց մասնակցությունը կառավարման մարմիններում, լինի դա գործադիր, օրենսդիր կամ դատական իշխանություն, մինիմալ է: Մենք կարող ենք կարգի գցել քաղաքականության թափթփված դարակները, մենք կարող ենք, մենք ուժեղ ենք…
Մարիա Թիթիզյան,
ՀՅԴ անդամ
«Չմոռանանք, որ մենք ենք մեր երկրի վաղվա ղեկավարները»
Հայ կինը միշտ պատրաստ է եղել հայ ժողովրդին, և ազգային զարթոնքի, շարժման այս օրերին հայ կինը չի կարող անտարբեր մնալ: Այս օրերին մեզ ոչ թե ծաղիկներ էին պետք, այլ՝ արդարություն, ոչ թե սիրուն խոսքեր, այլ՝ համերաշխություն: Մենք` կանայք, որպես հասարակության լիարժեք անդամ պարտավոր ենք վճռական լինել մեր ապագա սերունդների համար, լինել ոչ միայն կանանց իրավունքների, այլև ժողովրդի իրավունքների պաշտպան…
Մերի Մարգարյան
էնզելա Մակարյան
Դիտումների քանակը` 4765