«Ավելի վստահ, ավելի գնահատված, ավելի հստակ իրենց որոշումներում»…

 

Այսպես է բնորոշում  Օքսֆամ- Հայաստան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը բոլոր այն կանանց, ովքեր մասնակից դարձան   «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցույթին: Հիշեցնենք, որ  մրցույթը անց է կացվում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և Օքսֆամ –Հայաստան կազմակերպության  նախաձեռնությամբ, և այս տարվա մրցանակաբաշխությունը  տեղի ունեցավ  մարտի 8-ին Երևանի Կոնգրես հյուրանոցում:  WomenNet.am –ը զրուցեց «Կին-հերոս» կոչմանն արժանացած կանանցից մի քանիսի հետ:

Նունե Ավագյան.

«Վերջապես  գյուղի կնոջը հաշվի են առնում, տեսնում են նրա աշխատանքը»…

 

Վայոց ձորի մարզի Գոմք համայնքից  «Կին-հերոս» կոչմանն արժանացած Նունե Ավագյանը, ով առաջին անգամ էր մասնակցում մրցույթին, նշեց, որ ցուցահանդեսը իր համար կարևոր նշանակություն ունի, քանի որ «վերջապես  գյուղի կնոջը հաշվի են առնում, տեսնում են նրա աշխատանքը, գնահատում են նրա ձգտումները»:

 

Նունե Ավագյանը «Վանքաձոր» կանանց գյուղատնտեսակն սպառողական կոոպերատիվիի նախագահն է: Երկար տարիներ աշխատում է գյուղի դպրոցում, դպրոցական խորհրդի անդամ է:

 

 

–         Մեր կոոպերատիվը 37 ֆերմեր կանանցից է բաղկացած, որոնք անասնապահությամբ, հողագործությամբ…են զբաղվում: Այն «Օքսֆամ»-ի շնորհիվ ստեղծվեց ու խթան հանդիսացավ, որպեսզի կարողանանք միասին գործել, մտածել ու  աշխատել, որի համար շատ շնորհակալ եմ:

 

 

«Վանքաձոր» կոոպերատիվի  կանայք ցանել, մշակել և պահածոյացրել են ոչ ավանդական մշակաբույսերի շատ օգտակար տեսակներ` չերրի լոլիկ ու բրոկոլի կաղամբ: Այժմ պատրաստվում են կոոպերատիվի համար մեծացնել հողատարածքները, ավելացնել  բերքի արտադրությունը և դուրս բերել շուկա, ինչպես նաև բերքից ստացված եկամուտով կոոպերատիվի համար ձեռք բերել պարարտանյութեր` հողի բերքատվությունը բարձրացնելու համար և զբաղվել չրարտադրությամբ:

 

Այս տարի Նունե Ավագյանը  նաև ընտրվել է գյուղի ավագանի.

 

–         Կարծում եմ, ժամանակն էր, որ կինն էլ իր խոսքը ասի: Երբ տեսնում ես բացթողումներ, խնդիրներ, պետք բարձրաձայնես դրանց մասին, իսկ սա լավ միջոց է: Ի վերջո, տղամարդը իր հոգսերն է հասկանում, իսկ կինը՝ իրենը և միասին միայն կարելի է արդյունքի հասնել: Համայնքը խնդիրներ ունի, բայց անհնարին, չլուծվող խնդիրներ չկան և պետք է հասկանանք, որ մենք ենք  այդ խնդիրները լուծողները:

 

Նունե Ավագյանի ամուսինը` Գևորգը, Արցախյան պատերազմի ազատամարտիկ է, երկրորդ կարգի հաշմանդամ: Մեծ որդին` Կառլենը, ծառայել է հայոց բանակում, ավարտել բժշկական քոլեջի ստոմատոլոգիական բաժինը: Դուստրը` Անին, աշխատում է Վայքի քաղաքացիական դատարանում, իսկ փոքր որդին` Կարենը, սովորում է 10-րդ դասարանում:

Լիլիթ Քոչինյան

 

 

Լաուրա Քոչարյան .

«Ես երբեք չեմ լքի իմ հողը»

Լաուրա Քոչարյան Արարատի մարզի Նիզամի գյուղից նույնպես կին հերոսներից մեկն է, ով չնայած բազմաթիվ դժվարությունների չի պատրաստվում լքել իր հայրենի գյուղը և շարունակում է ապրել ու արարել՝ համոզված լինելով, որ մի գեղեցիկ օր տուն կվերադառնան բոլոր նրանք, ովքեր ժամանակին հեռացել են սոցիալական խնդիրների պատճառով:

 

 

–         Երեք երեխա ունեմ, ցավոք, նրանք մեկնեցին են արտերկիր՝ աշխատելու, բայց  ես երբեք  չեմ լքի իմ հողը« –  ասում է նա:

 

Տիկին Լաուրան զբաղվում է անասնապահությամբ ու հողագործույթամբ: Նա  կանանց գյուղատնտեսական կոոպերատիվի անդամ է, գլխավորում է հինգ  հոգուց բաղկացած կանանց խումբ: Ներկայումս խմբի հիմնական նպատակն է` ընդլայնել իրենց գործունեությունը, ներգրավել նաև հարևան համայնքներին և ձեռք բերել կայուն դիրք շուկայում: Ասում է, մեր գործունեությամբ կփորձենք բարելավել մեր ընտանիքների և համայնքի վիճակը , նպաստել գյուղի  զարգացմանը: Ի դեպ, մասնագիտությամբ բուժքույր է և արդեն 41 տարի է, ինչ գյուղի առաջին օգնականն է:

 

 

Իսկ խնդիրները« նրա խոսքով, շատ-շատ են գյուղում՝ սկսած ջրից, վերջացրած ապրանքի սպառում…

 

 

–         Մեր գյուղը չունի ոռոգման և խմելու ջուր, խմելու  ջուրը կողքի գյուղերից ենք բերում, իսկ դաշտերի ջրի վիճակը շատ վատ է, եթե վարունգի մարգերին 5 օր ջուր չտաս, ուրեմն կկորցնես բերքիդ 80%, այսինքն, չարչարվում ես ու չես ստանում ոչինչ: Ես հիմա ցավով եմ ասում այդ մասին, քանի որ ծնվել ու մեծացել եմ այս գյուղում, առաջ մեր հողերը 2 անգամ բերք էին տալիս, իսկ հիմա գյուղացին չի կարողանում գոնե մեկ անգամ ցանել ու ստանալ լիարժեք բերք: Դրա պատճառով էլ այն երիտասարդությունը, ով այսօր պետք է մշակի իր հողը, այստեղ չէ:

 

 

Տիկին Լաուրան դժգոհում է նաև սպառման շուկայից.

 

–         Մալաթիայի շուկայում ինձ շատ ստորացած եմ զգում, գոնե մինիմալ պայմաններ չկան, քամու, փոշու, անձրևի տակ կանգնում ես ու քեզնից դեռ 2000 դրամ են պահանջում, մինչդեռ, վաճառում եմ 2 պարկ լոբի՝ 150 դրամով… դա է պատճառը, որ ինձ պես շատ ու շատ մարդիկ ապրանքը կրկնակի էժան տանից են տալիս ու չեն հասնում շուկա…

Լիլիթ Քոչինյան

 

Վերա Զաքարյան.

« Եթե կանանց տան պաշտոններ՝ նրանք շատ ավելի լավ ղեկավարներ կլինեն, քան որոշ տղամարդիկ»

«Գյուղի տատիկ» ՍՊԸ-ի հիմնադիր և «Գյուղի կին» հասարակական կազմակերպության նախագահ Վերա Զաքարյանը, ով Արագածոտնի մարզի Օշական գյուղում ունի չրերի արտադրամաս, պատմեց, որ չրերի արտադրությամբ, գյուղմթերքի վերամշակմամբ է զբաղվում մի քանի տարի, սակայն ընկերությունը գործում է 2011-ից:  Անցյալ տարի նա նույնպես արժանացել էր «Կին-հերոս» կոչմանը: Այսօր Զաքարյանի արտադրամասում չրեր են պատրաստում գյուղի կանայք, արտադրանքն էլ սպառվում է ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում:

 

 

–         Ծիրանի և կեռասի բերքի ժամանակ աշխատողների թիվը երեք տասնյակից ավելի է լինում, իսկ հիմնականում ունենք մոտ 10 աշխատող: Իմ նպատակն է կանանց համար աշխատատեղեր բացել և գնահատել նրանց աշխատանքը,- ասաց Վերա Զաքարյանը:

Չնայած ձեռքբերումներին` ձեռներեց կինը նշեց, որ գրեթե յուրաքանչյուր օր բախվում են դժվարությունների.

 

–         Այսօր մանր և միջին բիզնեսով զբաղվողների հիմնական խնդիրը ֆինանսավորումն է: Բիզնեսը զարգացնելու համար բանկերից հարմար պայմաններով չենք կարողանում վարկեր վերցնել: Ւհարկե, տարեցտարի օրենքները կատարելագործվում են, սակայն խնդիր են մնում բարձր տոկոսադրույքներով վարկերը, մինչդեռ գյուղատնտեսության զարգացման համար առաջին հերթին անհրաժեշտ են ցածր տոկոսադրույքով վարկեր:

 

Վ.Զաքարյանի խոսքերով՝ իրականում փոքր բիզնեսով զբաղվելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ շահույթն այքան էլ մեծ չէ, մինչդեռ շուկայում վերավաճառողը մի քանի անգամ ավելի մեծ շահույթ  է ստանում, քան արտադրողները:

 

–         Իհարկե դժվար է, բայց մենք սիրում ենք մեր երկիրը և ուզում ենք մեր տնտեսության զարգացման համար ինչ-որ բան անել,- ընդգծեց Վ.Զաքարյանը:

 

 

Ըստ նրա՝  ձեռներեց կանանց թիվը Հայաստանում այնքան էլ մեծ չէ, սակայն, եթե պայմանները բարելավվեն, ապա ավելի շատ կանայք կփորձեն ձեռներեցությամբ զբաղվել:

 

 

Վ.Զաքարյանը նաև նկատեց, որ հասարակության մտածելակերպն էլ է փոխվել, մարդիկ հասկանում են, որ կանայք կարող են իրենց դրսևորել թե քաղաքականության, թե բիզնեսի մեջ:

 

 

–         Կանայք ապացուցել են, որ իրենք շատ ավելի պարկեշտ գործարարներ են, շատ ավելի պատասխանատվություն են կրում՝ թե վարկերի, թե աշխատանքի կազմակերպման առումով: Տղամարդկանց հոգեբանությունը դեռ ախտահարված է, նրանք չեն պատկերացնում, որ եթե կանանց տան պաշտոններ, ապա նրանք շատ ավելի լավ ղեկավարներ կլինեն, քան որոշ տղամարդիկ…

 Մերի Մարգարյան

Թամարա Գևորգյան.  

«Աշխատող մարդն ամեն ինչ էլ անում է»:

 

 

Կին-հերոսի մրցանակակիր  Թամարա Գևորգյանի հետ մեզ չհաջողվեց խոսել, սակայն նրա մասին պատմող նյութը գտանք  Female Food Hero մրցույթի ֆեյսբուքյան էջում :

 

… Թամարա Գևորգյանին բոլորն են ճանաչում Սիսիանի Շամբ գյուղում և հարևան գյուղերում: Թամարան, բնակվելով գյուղում և զբաղվելով գյուղատնտեսությամբ, միաժամանակ աշխատացնում է երկու արտադրամաս և մեկ խանութ:

 

–         Միլիոններ, տուն, հարստություն ու՞մ և ինչի՞ են պետք: Կարևորն առողջ լինելն ու առողջ, խելացի երեխաներ ունենալն է: Մարդ երջանիկ է իր ունեցած երեխայով, քանի որ ազգին, հասարակությանը պիտանի մարդ է տալիս: Դա իմ կարծիքն է,- ասում է մեկ դստեր մայր Թամարան:

 

Սիսիան քաղաքում ծնված ու մեծացած, Երևանում  հաշվապահություն ուսանած կինը հավաստում է, որ ինքը սիրում է գյուղը.

 

–         Քաղաքում մարդկանց 50-60%-ը սթրես է տանում: Դա նրանից է, որ մարդիկ չեն շփվում իրար հետ, չեն խոսում: Հնարավոր է` այսօր դու քաղաքում նեղված լինես, և մեկը չլինի, որ հետը կիսվես: Այստեղ շփման եզրերը շատ են: Գոհ եմ և՛գյուղից, և՛ գյուղի ժողովրդից: Մարդկանց թվում է, թե քաղաքում բախտ են բաժանում: Մի անգամ քաղաքում հյութի արտադրամաս մտա, տեսա` մարդիկ, մինչև ծնկները հասնող ռետինե երկարաճիտ կոշիկներ հագած, ջրերի մեջ ամբողջ օրն աշխատում են: Ավելի լավ է` գյուղում քո հողակտորը մշակես: Ես իմ հողամասում ընդհանրապես քիմիական պարարտանյութեր չեմ օգտագործում: Կարկանդակներն իմ հողամասից ստացած կարտոֆիլով եմ պատրաստում: Շամբում առաջին լոբին ես եմ ունենում:

 

 

Բազմազբաղ Թամարան հացի արտադրամասը հիմնադրել է 2008-2009 թվականներին` աշխատատեղեր տրամադրելով համագյուղացիներից երկուսին: Հացի արտադրամասում թխում են նաև տարբեր տեսակի խմորեղեն, կարկանդակներ, խաչապուրի, պատրաստում են խմորեղենի շերտեր, կոտլետի, կոլոլակի և խինկալու կիսաֆաբրիկատներ: Մշտապես յուրաքանչյուր արտադրատեսակի համար խմորը պատրաստող զրուցակիցս բացատրում է.

 

 

–         Խմորը ես անձամբ եմ անում. չեմ վստահում, որովհետև խմորից է կախված, թե հացն ինչպիսին կլինի: Մեր արտադրանքը վաճառում եմ իմ խանութում: Խանութի ապրանքը հաճախ կանխիկ չեմ վաճառում. հիմնականում պարտքով են վերցնում: Շատ կանայք են ասում. «Կլինի՞, որ այս ամիս քեզ մոտ աշխատեմ, որպեսզի էլեկտրաէներգիայի վարձը կարողանամ վճարել»: Ես էլ ընդառաջում եմ: Հատկապես ամռանը աշխատողների կարիք շատ եմ ունենում: Լինում է, որ ստիպված գիշերն ենք աշխատում, երբ հարսանիքի և այլ արարողությունների համար պատվերներ ենք ունենում: Աշխատող մարդն ամեն ինչ էլ անում է: Որտեղ էլ որ ուզես` աշխատանք կա,- անկեղծանում է Թամարան:

 

 

Թամարան նաև հրաշալի պահածոներ, հյութեր ու կոնյակ է պատրաստում: Աշխատում է նաեւ  կարի արտադրամասում, որը  գործում է 2007 թվականից` ԱՍԴ (ակցիա սովի դեմ) կազմակերպության և Զբաղվածության կենտրոնի աջակցությամբ:

 

–         Ասեղնագործություն եմ սովորեցնում գյուղի երիտասարդ աղջիկներից վեցին, որոնցից երկուսին պետք է ընդունեմ աշխատանքի: Հիմնականում կարում ենք սպիտակեղեն, գիշերազգեստներ, ամառային զգեստներ, տոնական հագուստ, իրականացնում ենք հագուստի վերանորոգման, նույնիսկ բազմոցի և մեքենայի նստատեղերի պաստառապատման աշխատանքներ: Ունիվերսալ արտադրամաս է. գյուղում ում ինչ անհրաժեշտ է լինում, ինձ մոտ է պատվիրում: Նոյեմբերին Գորիս քաղաքում ցուցահանդես-վաճառք էր, որի ժամանակ մեր բոլոր ասեղնագործ աշխատանքները վաճառել ենք»,-պատմում է սեփական ջանասիրությամբ արդյունքների հասած գյուղացի գործարար կինը:

 

 

Իր իրականացրած ծրագրերի մեջ Թամարան առավելություն է տալիս 2010 թվականի բակային ճամբարին և այդ մասին ոգևորությամբ մանրամասնում է.

 

–         Երեխաները մեծ ուժ են, ու մի ամբողջ ամառ Շամբն այնքան մաքուր էր, որ փայլում էր մաքրությունից, իսկ ժողովուրդը հիմնականում դրսում էր լինում, տուն չէր գնում: Մտադիր եմ այս տարի էլ կազմակերպել բակային ճամբար: Իմ ամենահաջողված ծրագիրը, որ ես ինձանից գոհ էի, դա էր: Շամբ եկած ամերիկացի կամավոր Ջեսին այդ ժամանակ ասաց. «Ես իմ կյանքում այսպիսի բան չեմ տեսել»: Դրանից հետո Ջեսիի առաջարկով և Խաղաղության Կորպուսի աջակցությամբ սկսեցի երեխաներին սովորեցնել արդուկել, իրենց գուլպաները, հագուստի պատռվածքներն այնպես կարել, որ չերևա` դա կարկատած է: Դե գյուղի ժողովուրդ են, այգի են մտնում, հագուստը պատռվում է: Հետո հարս գնալով և տանտիկին դառնալով` իրենք ի վիճակի կլինեն այդ աշխատանքները կատարելու: Երեխաներին սովորեցնում էի, թե ինչպես ձևափոխել հին հագուստը, օրինակ` հին շրջազգեստից ստանալ գոգնոց, մեծի հագուստը դարձնել փոքրի, մետաքսյա հին վերնաշապիկների կտորով մազակալներ կարել: Այն վատ տարիներին մենք մեր ընտանիքներն այդպես ենք պահել: Կյանք է, ինչեր ասես կարող են լինել: Երեխաներ են, ինչպես սովորեցրեցիր, այդպես էլ գնալու է: Մայրս կարուձև անող է եղել ու ինձ նա է սովորեցրել:

 

Դիանա Բախշյան,

Սյունիքի մարզ, գ. Դարբաս

 Female Food Hero

 

Սիրանուշ Խաչատրյան.

«Սիրում եմ գյուղը, հողի հետ աշխատանքը, հատկապես մեղուների բզզոցը..»

 

Սևանա լճի ափին գտնվող Չկալովկա գյուղում է բնակվում  Սիրանուշ Խաչատրյանը: Գեղարքունիքի մարզը հայտնի է իր ցրտաշունչ ձմեռով, կարճատև ամառով, սակայն տիկին Սիրանուշը չի ընկճվում այդ անբարենպաստ պայմաններից և կարողանում է մշակել իր փոքրիկ տնամերձ այգին, հողակտորը, որտեղ խոտ են աճեցնում ու դրանով ապահովում անասունների կերի հարցը: Տիկին Սիրանուշի անմիջական մասնակցությամբ են ընթանում ոչ միայն հողի մշակումը, այլև խոտը հավաքելու ծանր աշխատանքները:

 

Թեպետ տիկին Սիրանուշին հանդիպեցինք ձմռանը, սակայն նա այնպիսի ջերմությամբ և սիրով ընդունեց մեզ, որ մենք չնկատեցինք առատ ձյունը և սառնամանիքը: Նա ցույց տվեց իր փոքրիկ այգին, անասուններով լի գոմը, որտեղ կողք կողքի էին ապրում կովերն ու այծերը, նապաստակներն ու աղավնինները, հավերն ու ուլիկները… Տիկին Սիրանուշը հպարտությամբ ու մեծ ջերմությամբ էր խոսում իր գործունեության մասին: Նա մեծ ափսոսանքով ու ցավով նշեց.

 

–         Մեղուներ էլ ունեինք, սակայն հիվանդացան և սատկեցին, խոզ էլ էի պահում, հիմա չկա, մորթել եմ, դրանով փոքր  աղջկաս ուսման վարձն եմ տվել:

 

 

Ակամայից նայեցի տիկին Սիրանուշի ձեռքերին, տանջված ձեռքեր ուներ.

 

–         Այս ամենը, ինչ տեսնում եք, ես ու ամուսինս ենք ստեղծել մեր դառը տանջանքով, կողքից ոչ մի օգնող ձեռք չի եղել: 4 երեխաների մայր եմ, բոլոր երեխաներիս էլ ուսման եմ տվել, երեքն արդեն ավարտել են, փոքր աղջիկս դեռ սովորում է: Երկար ժամանակ դպրոցում եղել եմ ծնողկոմիտեի նախագահ, աշխատել եմ մանկապարտեզում որպես վարիչի օգնական` տնտեսական գծով, հետո երկար տարիներ աշխատել եմ գյուղի գրադարանում որպես գրադարանի վարիչ: Այժմ անհատ ձեռներեց եմ` խանութ ունենք, սակայն այդ ամենը չի խանգարում ինձ, որպեսզի գյուղատնտեսությամբ զբաղվեմ: Դեռ երիտասարդ ժամանակվանից սիրել եմ գյուղը, հողի հետ աշխատանքը, հատկապես մեղուների բզզոցը:

 

 

Տիկին Սիրանուշը տնային ծաղիկներ էլ ունի, սիրում է ծաղիկներ: Անգամ տանը թութակներ է պահում, որդին էլ է սիրում կենդանիներ պահել և այդ հարցով շատ է օգնում մայրիկին:

 

 

–         Առաջին հերթին ես շատ հարուստ եմ իմ երեխաներով, թոռնիկով, հարսիկով, ամուսնովս: Կարևորը`համերաշխ ընտանիք ենք, սիրով օգնում ենք միմյանց:

 

 

Ինչպես հասցրեցինք նկատել, տիկին Սիրանուշին շատ են սիրում համայնքում, նա գթասիրտ մայր լինելուց բացի նաև լավ կին է, լավ հարևանուհի և ամենակարևորը` լավ մարդ, օգնում է նեղն ընկածին…

 

Ինչպես յուրաքանչյուր հայ ընտանիք, այնպես էլ այս ընտանիքի դռներն են բաց յուրաքանչյուրի առաջ, տանտիրուրին սիրով է հյուրեր ընդունում և պատշաճ ճանապարհում:

 

Արմինե Թորոսյան,

Տավուշի մարզ, ք. Դիլիջան

Female Food Hero

 

 

Կարդացեք նաև  այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոսները ստացան իրենց պարգևները / վիդեո

 

Դիտումների քանակը` 5487

Գլխավոր էջ