Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոսները ստացան իրենց պարգևները / վիդեո

 

Արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ ) նախաձեռնությամբ  և Օքսֆամ –Հայաստան կազմակերպության աջակցությամբ  անց է կացվում «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցույթը: Այն միջոց է բացահայտելու գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող և հաջողության հասած ձեռներեց կանանց և ներկայացնելու նրանց դրական փորձը հանրությանը:

 

 

Այս անգամ ևս «Կոնգրես» հյուրանցի սրահում հատուկ տաղավարներ էին բացվել, որտեղ մրցույթի հին ու նոր մասնակիցները ներկայացրել էին իրենց արտադրանքը:  Տիկին Վերան Օշականից բերել էր իր համեղ չրերն ու հատուկ պոմիդորի աղցանը, Ազատեկի կանայք պահածոներ ու մուրաբաներ, հյուրեր կային նաև Գոմքի, Եղեգիսի, Հերմոնի և Հայաստանի այլ մարզերից  ու համայնքներից :

 

–         Այս մրցանակաբաշխությունը իսկապես դառնում է ավանդույթ, և մենք կարծում ենք, որ գյուղի կանայք առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն: Աշխարհում գյուղատնտեսության ոլորտում պարենամթերքի 2/3-րդը արտադրվում է կնոջ կողմից, բայց և այնպես, նրանց միայն 20-30 %-ն է, որ հողի սեփականության իրավունք ունի: Գյուղատնտեսությունը ապրուստի միջոց է գյուղաբնակ կանանց 86%-ի համար: Հայաստանում աշխատոժի 40%-ը զբաղված է գյուղատնտեսությամբ, որի 50%-ը կանայք են, բայց այդ կանանց կեսը աղքատության մեջ է, – նշեց  Օքսֆամ –Հայաստան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, նշելով, որ միջոցառումը նպատակ ունի հերթական անգամ ընդգծել կնոջ դերը երկրի գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև պատշաճ ուշադրություն ապահովել կանանց նկատմամբ:

 

 

 

Այս տարի «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս»-ները 4-ն էին ՝ Լաուրա Քոչարյան՝ Արարատի մարզ, գյուղ Նիզամի, Նունե Ավագյան՝ Վայոց ձորի մարզ, գյուղ Գոմք, Թամարա Գևորգյան  Սյունիքի մարզ, գյուղ Շամբ և Սիրանուշ Խաչատրյան՝ Գեղարքունիքի մարզ, գյուղ Չկալովկա: Եվս 10 մասնակցի և 6 գյուղատնտեսական  կոոպերատիվի հանձնվեցին խրախուսական մրցանակներ:

 

 

Ինչպես իր խոսքում նշեց ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը, այս տարի հատուկ մրցանակներ էին սահմանվել և այն հանրային թղթակիցների համար, որոնց շնորհիվ և հասարկությանը ճանաչելի են դարձել կին հերոսներին: Իսկ հաղթողներին որոշելու հարցում կարևոր է եղել ոչ միայն ժյուրիի կարծիքը, այլև այս տարվա նորամուծությունը՝ Ֆեյբուքյան  քվեարկությունը:

 

 

–         Սոցիալական ցանցի հատուկ էջում տեղադրված են եղել բոլոր պատմությունները և յուրաքնաչյուր ոք հնարավորություն է ունեցել քվեարկելու այս կամ այն կնոջ օգտին,- նշեց Լիլիթ Ասատրյանը:

 

Նրա խոսքով ՝ վերջին տարիներին որոշակի դրական տեղաշարժ է նկատվում, կանայք  արդեն տեսնում է իրենց հնարավորությունները ոչ միայն հասարակական կյանքում մասնակցության ունենալու, այլև ձեռներեցությամբ զբաղվելու առումով:

 

 

–         Ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, թե կանայք միայն պետք է զբաղվեն տնային գործերով, երեխաների դաստիարակությամբ: Դա թյուր կարծիք է, քանի որ կանայք իրենց էությամբ շատ ավելի ճկուն են, շատ ավելի ըմբռնող են, փոփոխություններին շատ արագ կարողանում են արձագանքել, ուստի նրանք պետք է իրենց ռեսուրսներն օգտագործեն բոլոր ոլորտներում, – ասաց Լիլիթ Ասատրյանը:

 

 

Օքսֆամ-Հայաստան գրասենյակի  տնօրեն Մարգարիտա Հակոբյանի բնորոշմամբ՝ կանանց ներուժը Հայստանում  մեծ է և որակյալ, նրանց գերակշիռ մասն ունի բարձրագույն կրթություն, և ժամանակն է օգտագործել այդ ուժը, ուղղորդել այն երկրի կայացմանը:

 

–         Ես անկեղծ ուրախացա, երբ իմացա, որ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» ՀՀ օրենքի նախագիծը: Կարծում եմ, որ շուտով այն  երրորդ ընթերցմամբ վերջնական կընդունվի և կյանքի կկոչվի՝  հնարավորություններ ընձեռնելով օրենսդրորեն պաշտպանելու կանանց իրավունքերը, ինչպես նաև վերացնելու  գենդերային անհավասարությունը»,- նշեց  Մարգարիտա Հակոբյանը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը իր հերթին կարևորելով գյուղատնտեսության ոլորտում ընդգրկված բազմաթիվ կանանց դերը, նրանց հսկայական վաստակն ու ներդրումը սննդի, գյուղմթերքների արտադրության մեջ,  նշեց, որ  մրցանակաբաշխույունը  նաև գրավական է նրանց աշխատանքներն ըստ արժանավույն գնահատելու համար: Ռ. Մակարյանը համոզմունք հայտնեց, որ օրվա նախաձեռնությունը նույնպես նպաստավոր գործոն կլինի, ինչպես երկրի տնտեսության, այնպես էլ գյուղատնտեսության հետագա զարգացման համար:

 

Փոխնախարարը հայտնեց, որ գյուղատնտեսության նախարարությունը պատրաստ է օգնել հանրապետությունում գյուղմթերքների արտադրությամբ զբաղվող կին ձեռներեցներին, որպեսզի նրանք կարողանան իրենց արտադրանքն արտահանել արտերկիր:

 

Մրցանակաբաշխությունն ուղեկցվեց  գյուղատնտեսության ոլորտի հերոս կանանց մասին պատմող ֆիլմի, ֆոտոցուցահանդեսի և գրքույկի շնորհանդեսով, ինչպես նաև` մրցույթին մասնակցող մարզերից ժամանած կանանց կողմից արտադրված գյուղմթերքների ցուցահանդեսով: Միջոցառման շրջանակներում  ներկայացվեց նաև մրցույթի մասնակիցների կողմից պատրաստված ևս մեկ գրքույկ, որում ամփոփված են Հայաստանի տարբեր  մարզերին բնորոշ  ուտեստների  բաղադրատոմսեր:

 

Լիլիթ Քոչինյան

Մերի Մարգարյան

Լուսանկարները՝

Լիլիան Գալստյանի, Լիլիթ Քոչարյանի

 

 

Դիտեք նաեւ «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը մրցանակաբաշխությունից.

 

 

 

Կարդացեք նաև  այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Ավելի վստահ, ավելի գնահատված, ավելի հստակ իրենց որոշումներում»…

 

 

Դիտումների քանակը` 5481

Գլխավոր էջ