Այս տարվա Մարտի 8-ի նշանաբանը՝ կյանքն առանց կանանց նկատմամբ բռնության
Այս տարի՝ 2013 թ.-ին, ՄԱԿ-ի որոշմամբ, մարտի 8-ը ողջ աշխարհում նշվելու է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի նշանաբանի ներքո:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԲՀ գործադիր տնօրեն
դ-ր Բաբատունդե Օսոտիմեհինի ուղերձը
2013 թ. մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, ցանկանում եմ օգտագործել առիթը և թարմացնել ՄԱԲՀ-ի՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պարտավորությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու մեր ջանքերը, անելու ամեն ինչ, որպեսզի վերջ դրվի գենդերային բռնությանը: Գենդերային բռնությունը շարունակում է առողջության և մարդու իրավունքների առումով լուրջ մտահոգություն մնալ, և խոսք չի կարող լինել մարդկային զարգացման մասին, քանի դեռ կանայք և աղջիկները շարունակում են տառապել բռնությունից կամ ապրում են բռնության վախով:
Այս տարի Կանանց միջազգային օրը համընկնում է Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի շարունակական հանդիպմանը, որն ընթանում է ՄԱԿ-ում, Նյու Յորքում և որն այս տարի ուշադրության կիզակետում է պահում կանանց նկատմամբ բռնության վերացման առաջնահերթ թեման:
Ամբողջ աշխարհում միլիոնավոր կանայք և աղջիկներ ենթարկվում են բռնության բոլոր տեսակներին, այդ թվում` բռնաբարության, զուգընկերոջ կողմից բռնության, իգական սեռական օրգանների խեղման/հատման, մանուկ հասակում ամուսնության, ինչպես նաև սեռական բռնության՝ զինված հակամարտությունների և հումանիտար ճգնաժամերի ընթացքում:
Բռնության ենթարկված կանայք և աղջիկները կարող են տևական հոգեկան ցավ ունենալ, մերժվել իրենց ընտանիքների և համայնքների կողմից, զուրկ մնալ առողջապահական ծառայություններից և չունենալ տնտեսական ինքնաբավության հնարավորություն: Բացի այդ, կան ուղղակի ֆիզիկական հետևանքներ: Սեռական բռնությունը կարող է հանգեցնել անցանկալի հղիության, անապահով աբորտների, տրավմատիկ խուղակի և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, այդ թվում` ՄԻԱՎ-ի, որոնք բոլորն կարող են ճակատագրական լինել: Որպես համաշխարհային հանրության մաս, մենք պարտավոր ենք ապահովել, որ մարդու իրավունքների այդ խախտումները վերջ գտնեն:
Հիմնվելով Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի աշխատանքի վրա և շարունակելով այն, մենք պետք է ի մի գանք՝ հասնելու համար միջազգայնորեն համաձայնեցված կոնսենսուսի, ինչը մեզ կմոտեցնի կանանց և աղջիկներին անվտանգ և բռնությունից կամ բռնության սպառնալիքից զերծ պահելու իղձին: Սա մեր հնարավորությունն է՝ դրական ազդեցություն ունենալու միլիոնների կյանքի վրա: Մենք չենք կարող մեզ թույլ տալ այդ հնարավորությունը բաց թողնելու ճոխությունը:
Ըստ ՄԱԲՀ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդագրության
Դիտումների քանակը` 3674