Հայաստանի կանայք. ուշագրավ փաստեր և թվեր
WomenNet-ի զրուցակիցն է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, ում միջոցով կփորձենք ներկայացնել ամեն ինչ կանանց մասին՝ փաստերի և թվերի լեզվով:
2011-ի մարդահամարի նախնական տվյալների համաձայն` Հայաստանում կանայք կազմում են բնակչության 51,6%-ը` 2001թ-ի 52%-ի դիմաց: Այսինքն` այս տարիներին կանանց թվաքանակը մոտ 0,5 տոկոսային կետով նվազել է: Ըստ Կ.Կույումջյանի` դրա պատճառները մի քանիսն են: Առաջինը` կենդանի ծնունդների կազմում սկսել է գերակշել տղա երեխաների թիվը:
«Այդ միտումը նկատվում է 1993-94 թվականներից սկսած: Այն ժամանակ այդ ցուցանիշն այնքան էլ մտահոգիչ չէր, քանի որ հետպատերազմական տարիներին, կարծես թե, բնությունն էր այդ խնդիրը կարգավորում` պատերազմում զոհված տղաների փոխարեն ավելի շատ տղաներ էին ծնվում: Սակայն այդ միտումը շարունակվում է մինչ օրս: Կենսաբանորեն ընդունված նորմերով` յուրաքանչյուր 100 աղջկա նկատմամբ պետք է ծնվի 102-105 տղա երեխա, իսկ այսօր այդ ցուցանիշը հասնում է 114-115: Սա մտահոգիչ է»,-ասաց Կ.Կույումջյանը, հավելելով, որ պատճառները պարզելու նպատակով 2011-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հովանավորությամբ հետազոտություն է անցկացվել:
Ամենառաջին պատճառներից մեկն, ըստ այդ հետազոտության, այն է, որ երեխայի սեռը պարզելուց հետո, արհեստական ընդհատվում է հղիությունը, եթե երեխան իգական սեռի է լինում: Ըստ վարչության պետի` ներկայումս միջազգային փորձագետի օգնությամբ փորձում են պարզել, թե նման դինամիկայի երկարաժամկետ պահպանման պարագայում ինչ խնդիրներ են սպասվում:
Անդրադառնալով կյանքի միջին տևողությանը, Կ.Կույումջյանը նշեց, որ հանրապետությունում կանանց կյանքի միջին տևողությունը կազմում է 77,5 տարի, ինչը 6-7 տարով բարձր է տղմարդկանց կյանքի միջին տևողությունից:
Բարձրացել է կանանց առաջին ամուսնության միջին տարիքը, 90-ական թվականների հետ համեմատ: Եթե այդ տարիներին այն կազմում էր 21,5-22 տարեկան, ապա 2011-ին այդ ցուցանիշը կազմում է 25 տարեկան: «Այսինքն` հայ աղջիկները սկսել են ավելի ուշ ամուսնանալ: Իսկ դրա պատճառն էլ այն է, որ նրանք նախ մտածում են ուսումը շարունակելու, ինչ-որ մի բանի հասնելու մասին: 2 տարով ավելացել է նաև տղամարդկանց առաջին ամուսնության միջին տարիքը` կազմելով 28 տարեկան»,-նշեց Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետը: Ամուսնական վիճակի վերաբերյալ 2011-ի տվյալները դեռևս պատրաստ չեն, իսկ ասենք 2001թվականի տվյալներով պատկերն այսպիսին է. 1 մլն 295 հազար 15 և բարձր տարիքի կանանցից մոտ 295 հազարը երբևէ ամուսնացած չի եղել, 772 հազարը` ամուսնացած է եղել, 176 հազարը` այրի է, 52 500-ը` ամուսնալուծված: Ի դեպ, տղամարդկանց հետ համեմատ ամուսնալուծված կանայք 2,5 անգամ ավելի շատ են: «Դա նշանակում է , որ տղամարդիկ ավելի հեշտությամբ են կարողանում երկրորդ անգամ ամուսնանալ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է կրթությանն, ապա կանանց ավելի բարձր կրթություն ստանալու միտումը շարունակվում է: Եթե 2001-ին բարձրագույն կրթություն ունեին կանանց 52,5 տոկոսը, ապա 2011-ին կանանց մասնաբաժինն այդ համամասնությունում ավելի է բարձրացել` կազմելով 55 տոկոս: Մինչդեռ, որոշ տարիքային խմբերում` 20-35, զբաղված է կանանց ընդամենը 40 տոկոսը:
Պատկերն շարունակում է մտահոգիչ մնալ պտղաբերության առումով: Ըստ բանախոսի` պարզ վերարտադրություն էլ չի ապահովվում: «Այդ ցուցանիշը վերջին տարիներին կազմում, է 1.4, 1.3, նույնիսկ 1.2` նվազագույնի համար նախատեսված 2-ի փոխարեն: Այսինքն` ամուսնական զույգը չի վերարտադրվում»,-ասաց նա:
Գերակշռում է կանանց թիվը նաև տարեցների մեջ` կազմելով 232 923 կամ 62 տոկոս:
Ներկայացնենք նաև հայ աղջիկներին ավելի հաճախ տրվող անունները` Միլենա, Մանե, Մարի Էլեն, Նարե, Անի, Անահիտ, Աննա և այլն:
Ավարտելով թվերով կանանց մասին նյութը` մաղթում ենք հայ կանանց ու տղամարդկանց միայն դրական միտումներ ունեցող ցուցանիշներ:
Ա.Հակոբյան
Դիտումների քանակը` 4203