Սահմանադրական դատարանը մերժեց Նարինե Մկրտչյանի հայցը

 

Այսօր Սահմանադրական դատարանը  լսեց  և մերժեց նախագահի թեկնածու առաջադրված, բայց չգրանցված Նարինե Մկրտչյանի դիմումը, որով նա  վիճարկում էր ՀՀ ընտրական օրենսգրքի ընտրագրավին վերաբերող հոդվածների սահմանադրությանը համապատասխանելու հարցը: 

 

 

Հիշեցնենք, որ Մամուլի ազգային ակումբի նախագահ, դասախոս Ն.Մկրտչյանը  չկարողացավ մասնակցել նախագահական ընտրություններին, ընտրագրավի պատճառով, և համարում է,  որ Ընտրական օրենսգրքի այդ պահանջը  սահմանափակել է ընտրվելու իր սահմանադրական իրավունքը:

 

 

Նրա  խոսքով, ընտրագրավի դրույթի հակասահմանադրական ճանաչումը նպատակ ուներ քաղաքականության զբաղվելու հավասար հնարավորություններ ստեղծել ընտրական իրավունք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիների համար:

 

 

Նշենք նաև, որ մինչ Սահմանդրական դատարան դիմելը Նարինե Մկրտչյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` իրեն որպես թեկնածու չգրանցելու մասին որոշումը բողոքարկել էր վարչական դատարանում`համարելով ԿԸՀ այդ որոշումը հակասահմանադրական: Սակայն վարչական դատարանը նրա հայցը չէր բավարարել:

 

 

 

Սահմանադրական դատարանից նա  պահանջում էր հակասահմանադրական համարել ընտրական օրենսգրքում առկա մի քանի հոդվածներ, որոնք առնչվում են ընտրագրավին: Նրա կարծիքով ընտրագրավին վերաբերող հոդվածները հակասում են Սահմանադրության 59-րդ հոդվածին, այն է` ընտրելու կամ ընտրվելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք:

 

 

 

Նարինե Մկրտչյանը պնդում է, որ 8 միլիոն դրամ ընտրագրավն, ըստ էության,  ունեցվածքային խտրականություն է սահմանում ՀՀ քաղաքացիների համար` սահմանափակելով քաղաքականությամբ զբաղվելու նրանց  իրավունքը ունեցվածքային ցենզի միջոցով:  Մինչդեռ Սահմանադրության 14.1 հոդվածն արգելում է մարդկանց խտրականությունը կապված նրանց գույքային և սոցիալական այլ դրությունից:

 

 

 

Բացի այդ, Սահմանադրության 50-րդ հոդվածը հստակ սահմանում է ՀՀ նախագահի թեկնածուին ներկայացվող պահանջները, որոնց համաձայն ՀՀ նախագահ կարող է առաջադրվել 35 տարի լրացած, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող և վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր ոք, ով ունի ընտրական իրավունք: Լրացուցիչ պահանջներ ԱԺ-ն իրավասու չէր նախատեսել, համոզված է Մկրտչյանը:

 

 

 

Սահմանադրական դատարանը, ելնելով Նարինե Մկրտչյանի դիմումի հիման վրա գործի քննության արդյունքներից, որոշեց, որ Ընտրական օրենսգրքի ընտրագրավին վերաբերող  բոլոր հոդվածները (23-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ նախադասությունները, 24-րդ հոդվածը, 38-րդ հոդվածի 7-րդ մասը, 79-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և 80-րդ հոդվածը) համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: ՍԴ-ի որոշումը վերջնական է և ուժի մեջ մտնում հրապարակման պահից:

 

 

Womennet.am-ի հետ զրույցում Նարինե Մկրտչյանը դատարանի որոշումը որակեց որպես «քաղաքական պատվեր և սահմանդրական արդարադատության սկզբունքի խախտում»:

 

 

«Այս պահին մենք քննարկում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունները», -ասաց Ն. Մկրտչյանը:

 

 

Հ. Կարապետյան

 

Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

Դատարանը մերժել է Նարինե Մկրտչյանի հայցը

Նարինե Մկրտչյանը կդիմի նաև Սահմանադրական դատարան

Նարինե Մկրտչյանի ժամկետը լրացավ. նա այդպես էլ գումար չգտավ

Միակ կին թեկնածուն ունի 48 ժամ` 8 մլն դրամ գտնելու համար

Նարինե Մկրտչյանը ընտրագրավի գումարը չի կարողանում գտնել

 

 

 

Դիտումների քանակը` 3716

Գլխավոր էջ