«Հայ հասարակությունն արդեն պատրաստ է կնոջը երկրի ղեկավարի պաշտոնում տեսնել»…
Նման տեսակետ WomenNet-ի հետ զրույցում հայտնեց քաղաքական հոգեբանության և քաղաքական PR մասնագետ Գայանե Հարությունյանը: Այլ հարց է, որ , նրա կարծիքով, կանանց համար նախագահ առաջադրվելու, առավել ևս հաղթելու նախապայմաններ և հնարավորություններ դեռևս չկան:
«Հայ կանայք հիմնականում ապաքաղաքականացված չեն, նրանք ավելի շատ ներկայացնում են հասարակության այն զանգվածը, որը թեև չի զբաղվում քաղաքականությամբ, բայց հետաքրքված է դրանով», – ասում է Գայանե Հարությունյանը, նկատելով, որ այդ զանգվածը շատ հեշտ է համոզվում և հաճախ միամտորեն ներգրավվում քաղաքականության մեջ: Կանանց ներուժը, իր կարծիքով, պարզապես օգտագործվում է գրեթե բոլոր քաղաքական շարժումների և կուսակցությունների կողմից:
«Ես նման դեպքերում օգտագործում եմ «քաղաքական թրաֆիքինգ» տերմինը», – նշում է Գ.Հարությունյանը: Նրա խոսքով`շատ հաճախ հատկապես կանանց միջոցով են քաղաքական ուժերը կատարում սև աշխատանքը, ամենադժվարին գործերը.
«Հիշենք ՀՀՇ-ի բետեեռները: Խորհրդային զորքի դիմաց հիմնականում կանայք էին առաջին շարքերում կանգնում, քանի որ կնոջ նկատմամբ ուժ գործադրելն անբարոյական և բացասական է ընկալվում: Այսօր էլ սեփական կուսակցության համար դժվարին պահերին ինչպես «փողոցում», այնպես էլ Ազգային ժողովում կանայք հայտնվում են առաջին շարքերում և համարձակ կարծիքներով ու հայտարարություններով պաշտպանում իրենց քաղաքական ուժի շահերը: Կանանց, որպես կանոն շատ են օգտագործվում նախընտրական քարոզարշավների ժամանակ և առավելագույնն՝ ընտրական տեղամասերում»:
Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչու նման ներուժի առկայության դեպքում այս անգամ էլ կին նախագահի թեկնածու չունեցանք, քաղաքական PR մասնագետը նկատում է, որ այստեղ նյութական մեծ ռեսուրսներ են պետք: Համենայն դեպս, փորձը ցույց է տալիս, որ այդ ռեսուրսները կանանց համար անհասանելի են:
«Երբ նայում ես այն կանաց, ովքեր ցանկություն ունեին առաջադրվելու և համեմատում մրցավազքին մասնակցած նախագահի թեկնածուների հետ, ապա տեսնում ես, որ այդ կանայք ոչնչով չէին զիջում տղամարդ թեկնածուներին: Ավելին` ոմանցից նույնիսկ շատ ավելի արժանիքներ և արդյունավետ քաղաքական գոծիչին բնորոշ սոցիալ-հոգեբանական որակներ ունեն»,- նշում է Գ.Հարությունյանը:
Ո՞րն է այս դեպքում ելքը, ի՞նչ անել , որ կանայք նույնպես օգտվեն նախագահի պաշտոնին առաջադրվելու իրենց սահմանադրական իրավունքից: Հարությունյանը գտնում է, որ եթե որևէ կուսակցություն այսուհետ կարողանա շրջանառել «կին-լիդեր» գաղափարը, կարողանա ներկայացնել նման կանանց հասարակությանը, ապա շատ հավանական է, որ Հայաստանում կին թեկնածու առաջադրվի և հաղթի:
«Մարդիկ տղամարդկանցից հոգնել են, ուստի դա կարող է շատ հետաքրքիր արդյունք տալ: Մեր կանանցից շատերը խելացի են, հավասարակշռված, ունեն բարձր մասնագիտական գիտելիքներ և կարող են նման բարձր պաշտոններ ստանձնել: Բայց դա պետք է աստիճանաբար անել` հասարակության մեջ բարձրացնելով կնոջ դերը, այդ գաղափարի հասունացման համար պարարտ հող ստեղծել, մշակված քայլեր իրականացնել և, ինչը շատ կարևոր է, կանայք պետք է նախ փորձեն դառնալ որևէ արդեն կայացած կամ նորաստեղծ կուսակցության առաջնորդը: Եվ ոչ թե այսօր զարթնել ու ասել`որոշել եմ նախագահ դառնալ»,- նշում է նա:
Գ.Հարությունյանի դիտարկմամբ` հայ հասարակությունն արդեն պատրաստ է կնոջը երկրի ղեկավարի պաշտոնում տեսնել. «Վերջերս անցկացված հետազոտությունները ցույց տվեցին, որ հայ հասարակությունում չկա ծայրահեղ բացասական վերաբերմունք կին- նախագահ թեկնածու ունենալու վերաբերյալ»:
Մասնագետի գնահատմամբ` բոլոր երկրներում էլ կին ղեկավարներին սկզբում լիարժեք չեն ընդունում, չեն վստահում, «խոշորացույցով են դիտում»:
«Այդ մտավախությունը, թերահավատ վերաբերմունքը կին քաղաքական գործիչների նկատմամբ բոլոր երկրներում էլ կա: Սակայն, պետք է փաստել, որ այն երկրներում, որտեղ կանայք առավել են ներգրավված պետական կառավարման համակարգում, այնտեղ առկա է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակ, կոռուպցիայի ամենացածր աստիճան: Իհարկե, այստեղ վերլուծության կարիք կա, կարծես թե, հավի և ձվի պատմությունն է: Արդյո՞ք նման քաղաքական պայմաններն են նպաստել, որ կանայք կարողացել են իշխանության գալ, թե՞ կին-ղեկավարների արդյունավետ կառավարման շնորհիվ են այդ արատավոր երևույթները նվազել »,- նշում է մասնագետը:
Հայաստանում, Գ.Հարությունյանի խոսքով, կանայք ոչ միայն առաջադրվելու, այլ հաղթելու հնարավորություն կունենան այն դեպքում, երբ երկրում իրականում և լ ոչ թէ թղթի վրա գործեն ժողովրդավարական հասարակության բոլոր ինստիտուտները, արմատախիլ արվեն կոռուպցիոն օղակները, գերիշխի Սահմանադրությունն ու օրենքը բոլոր ոլորտներում, ինչի արդյունքում էլ կապահովվեն արդար, առանց կեղծիքների ընտրություններ:
Ա.Հակոբյան
Դիտումների քանակը` 3920