Մի քանի տարի հետո, սեռերի անհավասարության մասին կարիք չի լինելու՞ խոսել..

 

Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին  մեր զրուցակիցներն են՝ Երիտասարդական  խորհրդարանի անդամները.

Հարություն Ազգալդյանը – Երիտասարդական խորհրդարանի նախագահ, նաև Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: Երիտասարդական խորհրդարան է ընդգրկվել ԵՊՀ-ի կողմից ներկայացված քվոտայով

Կառլեն Խաչատրյանը– Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Երիտասարդական խորհրդարան է ընդգրկվել  ՀՀԿ-ի քվոտայով:

Մարուսյա Անուշավանյանը– Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Ինքնաառաջադրված:

Կարինե Ոսկանյանը– Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Ինքնաառաջադրված:

Վլադիմիր Գևորգանը– Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:  ՀՀԿ-ի անդամ / Երիտասարդական խորհրդարան է ընդգրկվել Երևանի պետական Տնտեսագիտական համալսարանի  քվոտայով:

 

 

Հիշեցնենք, որ Երիտասարդական խորհրդարանը ստեղծվել է  անցյալ տարվա մարտ ամսին ՀՀ ԱԺ նախկին  նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, որպես ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից խորհրդակցական հասարակական մարմին: 2011-ի հունիսի 1-ին Երիտասարդական խորհրդարանի անդամների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությամբ  այն սկսեց իր աշխատանքները:

 

 

Խորհրդարանի կազմի  30 տոկասը՝ իգական սեռի ներկայացուցիչներ են :

12 մշտական հանձնաժողովներից չորսը ղեկավարում են աղջիկները:

Դա դեռեւս  գենդերային հավասարություն չէ, բայց ի տարբերություն գործող ԱԺ-ից կանանց այսպես կոչված ՝«կրիտիկական զանգվածը» Երիտասարդական խորհրդարանում ապահովված է:

 

 

«Գենդերային հավասարություն. արդյո՞ք այն մեզ պետք է»…

 

Վլադիմիր Գևորգյան

  Ես, օրինակ, համոզված չեմ, որ  մեզ պետք է գենդերային հավասարությունը:

 

Կարինե Ոսկանյան.

–  Իհարկե պետք է: Այն հակառակ սեռին ուղղակի մարդ, հավասար քաղաքացի զգալու հնարավորություն է տալիս, և ի  վերջո, կյանքում շատ են լինում դժվարություններ և տղամարդուն էլ է հարկավոր ամուր թիկունք, աջակից: Եթե տղամարդը իր կնոջ մեջ ուժ չի տեսնում, իսկ կինն էլ իրեն ցածր է զգում, ստորացված, ապա ընտանիքն ինքնին անառողջ կլինի, ջերմության մեջ ինչ-որ բան կպակասի: Չէ որ, երբ մարդը թերարժեքության զգացում ունի, ինքը լիովին չի կարող դրսևորվել:

 

Հարություն Ազգալդյան.

– Ես կարծում եմ, որքան շատ է խոսվում մի հարցի վերաբերյալ, այնքան հակառակ ազդեցությունն է լինում:Գործով եկեք ապացուցենք: Մենք օրինակ ապացուցեցինք Երիտասարդական խորհրդարանում՝այստեղ ոչ ոք տարբերակում չի տեսել և  դրանով իսկ նա կարող է տալ նոր սերնդին հավասարը հավասարի հետ գործելու օրինակ:  Հակասություններ կարող են լինել կարծիքների, տեսակետների առումով, սակայն դրանք հարթվում են միմիայն քննարկումների արդյունքում:

 

 

Մարուսյա Անուշավանյան.

– Մեր խորհրդարանում մեր գործով ու ակտիվությամբ մենք կապացուցենք, որ կանայք հաստատ ուժեղ են ու կարող են զբաղվել քաղաքականությամբ:

 

«Տղամարդը պետք է լինի շինարար, կինը` խոհարար մոտեցումը, ոչ արդիական է դառնում»…

 

Մարուսյա Անուշավանյան.

–  Մենք  չենք տեսել որևէ տարբերակում գենդերային առումով, կարծում եմ մեր սերնդակիցների մոտ այդ կարծրատիպային մոտեցումները ճիշտ է չի վերացել, սակայն շատ ցածր սանդղակի վրա է գտնվում: Յուրաքանչյուրս ներկայացնում ենք մեր կարծիքը, հավասարը հավասարի ենք նայում միմյանց:

 

Կարինե Ոսկանյան.

– Կա հասարակության որոշ հատված, որտեղ դեռ իշխում են կարծրատիպերը: Սակայն դա որոշ և ոչ` ստվար հատված է: Եթե այս հարցը բարձրացվեր մի քանի տարի առաջ, ապա պատկերը այլ կլիներ, իսկ մի քանի տարի հետո, համոզված եմ, այս խնդիրը այլևս բարձրաձայն հնչեցնելու անհրաժեշտություն չի ունենա: Դրական  միտումներ կան, քանի որ, օրինակ, երբ ասում եմ, որ ընդգրկված եմ երիտասարդական խորհրդարանում, քաղաքականությունով եմ զբաղվում, երիտասարդների ու նաև միջին տարիքի մարդկանց մոտ զարմանք չի առաջացնում: Քաղաքագետ եմ և իմանալով իմ մասնագիտական գիտելիքները, նրանք միայն ողջունում են, որ տեսական գիտելիքները կարող եմ պրակտիկայում գործադրել:

 

Կարծում եմ, որ ժամանակը բոլոր հարցերի պատասխանները կդնի իր տեղը և գենդերային խտրականությունը, որը  վիրավորում է իգական սեռին, այլևս չի լինի: Ի վերջո,  մենք ենք որոշում, թե մեր սրտին, հոգուն ինչ է հարազատ, ինչով կարող ենք զբաղվել, ունենք մեր առաքելությունը այս կայնքում և այն կարծրատիպային մոտեցումները, թե  տղամարդը պետք է լինի շինարար, կինը` խոհարար, աստիճանաբար ոչ արդիական են դառնում: Իսկ երբ կարողաում ես ռեալիզացնել քո հնարավորությունները, միայն ողջունելի է:

 

Կառլեն Խաչատրյան.

Իրավական  առումով մեր երկրում գենդերային անհավասարություն չկա: Այլ խնդիր է, թե ինչպես են այդ օրենքները կիրառվում և հասարակությունը ինչպես է մոտենում այդ հարցին, կանայք որքանով են օգտվում իրենց իրավունքներից: Այստեղ  է, որ դեռ խնդիրներ ունենք: Այն հանձնաժողովը, որ ես եմ  ղեկավարում, կանանց ներգրավվածությունը շատ բարձր է 40% է կազմում, ակտիվության տեսանկյունից նույնպես:

 

 

«Միայն տղամարդկանց մեղադրելն իրավացի չէ»…

 

 

Հարություն Ազգալդյան

– Եթե գիտակից մարդը սովորում է, ապա սովորում է ինչ-որ նպատակ ունենալով: Իսկ եթե սովորում է, ինքն իր մեջ մտածելով, որ չի աշխատելու հետագայում,  խոսքը աղջիկների մասին է, ապա միանշանակ հենց ինքն էլ մեղավոր է: Գենդերային  անհավասարության մեջ մեղադրել միայն տղամարդկանց, կարծում եմ, իրավացի չէ:

 

 

Կարինե Ոսկանյան

– Իմ կարծիքը արտահայտելու, հարցեր բարձրացնելու գործում երբևէ խտրականության չեմ հանդիպել:  Այտեղ նաև անհատական խնդիր է: Ամեն մարդ ինքն է իր  կյանքը կառուցում: Կարծում, եմ խնդիրը մեծապես մտածելակերպի մեջ է: Կանայք իրենք էլ մտավախություն ունեն, որ չեն ընդունվի հասարակության կողմից: Սակայն եթե դու կարողանում ես քեզ ճիշտ ներկայացնել, ոչ մեկ չի ասի, դու կին ես, դու գործ չունես: Կարծում եմ,  ոչ մի արական սեռի ներկայացուցիչ չի մերժի քո գաղափարները միայն այն պատճառով, որ դու կին ես:

 

«Փոփոխություն պետք է մտցնել, ոչ թե օրենսդրական դաշտում, այլ գիտակցության մեջ»…

 

 

 

Կառլեն Խաչատրյան.

– Իրավունքի իրացման  տեսանկյունից խնդիրներ կան, բայց դրանք կարծրատիպային ու հոգեբանական են: Այս առումով,  օրենքը («Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներ և հավասար հնարավորությունների ապահովման մասին» – խմբ. ), եթե ընդունվի էլ դժվար ունենա հոգեբանական կարծրատիպ կոտրելու ուժ: Դիցուկ՝  ո՞վ է արգելում կնոջը առաջադրվել երկրի նախագահ…

 

Կարինե Ոսկանյան.

– Կարծում եմ այս խնդիրը օրենսդրական դաշտի հետ որևէ առնչություն չունի, որովհետև սահմանադրությունն արդեն իսկ ասում է, որ հավասար են բոլորը, հետևաբար, այստեղ փոփոխություն պետք է մտցնել, ոչ թե օրենսդրական դաշտում, այլ գիտակցությունում: Կինը գիտի, որ ինքը առաջադրվելով, որպես նախագահի  թեկնածու, չի ստանա այն համապատասխան ձայները, որոնք հնարավորություն կտան նրան դառնալ նախագահ, այսինքն առաջադրումը անիմաստ է դառնում:

 

Ես հիշում եմ` 1998թ-ին  Լյուդմիլա Հարությունյանը դրեց իր թեկնածությունը, սակայն Կարեն Դեմիրճյանի առաջադրումից հետո, հանեց այն: Այսինքն կար այդ ցանկությունը իր մեջ և օրենսդրական առումով որևէ խոչընդոտ չնկատվեց և հանելն էլ էր իր անձնական որոշումը: Պարզապես, մեր իրավագիտակցությունը այն մակարդակի չէ, որ հասարակությունը որևէ տարբերություն չդնի  և իր քվեն տա գաղափարին, այլ ոչ թե սեռական պատկանելիությունը որոշիչ լինի նրա համար: Դեմ կքվեարկեի այս նախագծին:

 

Հարություն Ազգալդյան.

 

– Մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ հասարակության մեջ ունենք կարծրատիպերով ապրող մարդկանց մի խումբ ու օրենքի գոյությունը, որը , ըստ էության, պարտադրող բնույթ է ունենալու, միայն հակառակ ազդեցություն է ունենալու: Ինքս դեմ եմ այս օրենքի նախագծին,  քանի որ կարծում եմ, որ օրենքը կարող է ոչ ճիշտ  ձևով ընկալվի:

 

Վլադիմիր Գևորգան.

– Այստեղ հոգեկերտվածքի խնդիր է: Եթե մենք ուզում ենք որևէ բան փոխել, ապա մենք պետք դա անենք հասարակության հետ անընդհատ աշխատանքով և  ոչ օրենքով: Օրենքներ շատ են ընդունվում, բայց ոչ բոլորն են գործում, եթե դա էլ ընդունվի և չգործի, իմաստ չունի: Ես համաձայն չեմ, որ միայն կանայք են ճնշված ու աշխատանք չունեն: Կրթության  և առողջապահության բնագավառում ճնշող մեծամասնությունը կանայք են:

 

 


Պատրաստ եք արդյո՞ք  50/50 սեռերի հարաբերակցությանը երիտասարդական խորհրդարանում:

 

  

 

Մարուսյա Անուշավանյան.

– Կարծում եմ, ոչ մեկ չի արգելում մեզ հարց բարձրացնել, առանց որևէ տոկոսային հարաբերակցության, ի՞նչ կապ ունի, եթե սա խնդիր է, ապա բոլորս էլ պետք է այն բարձրացնենք:

 

Հարություն Ազգալդյան.

 

–  50/50-ի վերաբերյալ ունեմ բացասական դիրքորոշում: Ես գտնում եմ, որ անգամ պետք է նվազագույն շեմի պայմանն էլ հանվի, քանի որ մեր խորհրդարանի դեպքում որևէ մեկը արգելք չի ստեղծել կանանց  մասնակցությանը: Արհեստականորեն ասել, որ կանայք պետք է 50% լինեն և դրանով նվազեցնել մեր գործունեության արդյունավետությունը, ճիշտ չէ:

 

Պետք է հաշվի առնել նաև հասարակության պատրաստվածության խնդիրը: Եթե հասարակությունը պատրաստ լիներ, ապա խորհրդարանի ձեւավորման  նախնական  շրջանում աղջիկ դիմորդները ընդամենը  20% չէին կազմի: Կարծում եմ, եթե հավասարը հավասարի դիմեն ու ցանկություն հայտնեն, այդ ժամանակ հավասարը հավասարի մասնակցությունը նույնպես կամրագրվի:

 

Այսօր մեր խորհրդարանում 30%-ը իգական սեռի ներկայացուցիչներ են, չնայած նվազաույն շեմը եղել է 20%-ը: Առաջին լիագումար նիստից հետո պարզ դարձավ, որ երիտասարդական խորհրդարան ներգրավված աղջիկները  ոչ միայն ոչնչով չէին զիջում տղաներին,  այլև առավել ակտիվ էին:

 

Զրուցեց՝ Լիլիթ Քոչինյանը

Դիտումների քանակը` 5118

Գլխավոր էջ