Ո ՞ւմ և ինչու՞ են նախապատվություն տալիս կին ընտրողները

 

Հայաստանում կանանց ու տղամարդկանց էլեկտորորալ վարքի  տարբերության   վերաբերյալ  սոցիոլոգիական հետազոտություններ գրեթե չեն արվում:  Դժվար է ասել թե ինչու այս հարցը չի հետաքրքրում մեր սոցիոլոգներին, բայց արդյունքում  պարզել ո՞ր թեկնածուին   և ինչու՞  են կանայք նախապատվություն տալիս ընտրությունների  ժամանակ  մեզանում անհնար է դառնում: Կանանց ընտրական նախապատվությունների  մասին հարցով WomenNet.am-ը  փորձեց  դիմել ‘’Սոցիոմետր’’ կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին:

 

–  Պետք է մի հետաքրքիր փաստ արձանագրեմ. մեր հարցումները ցույց են տալիս, որ կանայք բավականին ակտիվ են ընտրություններում, ընդ որում՝ ունեն նախապատվություններ և նախասիրություններ: Կանայք ընտրում են համակրանքով և հակակրանքով: Օրինակ՝ խորհրդարանական ընտրություններում Գագիկ Ծառուկյանին ընտրողների մեծ մասը կանայք էին: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա պատկերը հետևյալն է. թվում էր՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է որ ավելի շատ կանանց գրավեր, սակայն վերջին տվյալներով՝ կանայք ավելի հակված են ձայն տալ գործող նախագահին, քան Րաֆֆի Հովհաննիսյանին: Ի դեպ, մի հետաքրքիր փաստ ևս. երիտասարդ աղջիկների մեծ մասը նույնպես իրենց ձայնը տալու են Սերժ Սարգսյանին: Սա բացատրվում է հոր սինդրոմով: Կանայք ամենախելացին համարում են իրենց հորը և այս առումով գործող նախագահը ավելի մեծ համակրանք է վայելում երիտասարդ կանանց շրջանում:

Բացի այդ մեր հարցումները ցույց են տալիս, որ կանայք լավ քարոզի են սպասում, սպասում են բացարություններին,  կարևորում են, երբ  թեկնածուն  կարողանում է  համոզիչ կերպով ներկայացնել իր անելիքները:

 

-Այսինքն, այնուամենայնիվ կանայք  ուշադրություն են դարձնում ծրագրերին:

 

–  Այն դեպքում,  երբ  կանայք հատուկ կրթություն չունեն և տանն էլ միշտ չէ, որ նման թեմաներով զրույցներ են վարվում, նրանց հետաքրքրությունը դեպի  քաղաքականություն բավարարվում է հիմնականում  հեռուստատեսության միջոցով,  որտեղ ամեն ինչը  բավականին խայտաբղետ և իրարամերժ  է ներկայացվում: Դրա համար նրանց  հավելյալ բացատրություններ են պետք` ինչը ոնց է, և  այդ առումով լավ քարոզը նրանց համար շատ կարևոր հանգամանք է, պետք է է մեկը` լինի թեկնածուն , թե քարոզիչը, գա և բացատրի ծրագրային դրույթները:

 

Կարծիք կա, որ  կանայք կարևորում են սոցիալական բաղադրիչը:  Ի՞նչ  չափով են նրանք   ուշադրություն դարձնում  ծրագրերի սոցիալական ուղղվածության վրա:  

– Կանանց գրավում է նախընտրական ծրագրերի  սոցիալական ուղղվածությունը, իսկ ունևոր դասի բարձրագույն կրթությամբ կանանց կամ նրանց, ովքեր սոցիալական խնդիրներ չունեն, հետաքրքրում են արտաքին քաղաքկաանության դրույթները, օրինակ, Հայաստանն ում կմիանա` Եվրասիական միությանը, թե Եվրամիությանը՞ …

 

 

-Իսկ գենդերային հիմնախնդիրներով ի՞նչ չափով են հետաքրքրվքած: Չէ՞ որ գենդերային արդարությունն էր սոցիալական արդարության մի մասն է:

–         Մենք բաց հարց էինք տվել, թե ինչ խնդիրների լուծում եք դուք ուզում, գենդերային խնդիրներին առնչվող որևէ պատասխան, որ ասենք գենդերային հավասարություն ուզեն, չի եղել: Ընդհանուր առմամբ բնակչության մեծ մասին մտահոգում է սոցիալական խնդիրները, աշխատատեղերի բացակայությունը , աշխատավարձերի ու սոցիալական նպաստների բարձրացման հարցը:

Կարծում եմ, կանանց համար այսօր  գենդերային խնդիրը,  հավասարությունը մտահոգող հարց չէ, կան ավելի լուրջ կենցաղային խնդիրներ` սնունդ, հագուստ, ջեռուցում: Սոցիալական խնդիրները, դժբախտաբար կամ բարեբախտաբար, գերակշռում են: Ցանկացած մարդ առաջնահերթություն ունի` հագնվի, կշտանա, երեխաները  լավ ապրեն, հետո նոր զբաղվի մյուս հարցերով : Գենդերային խնդիրները որպես օրակարգային չեն դիտվում:

Ինչ գենդերային հավասարություն, ասում է` մի աշխատանք տվեք, աշխատեմ: Սա է խնդիրը»:

 

-Բացի սոցիալական խնդիրներից ինչ խնդիրներ են մտհոգում կին ընտրողներին:

Իսկ հարցին, ի ՞նչ կանեիք Դուք, եթե նախագահ ընտրվեիք Դուք ինքներդ, կին ընտրողները  մոտ երկուհարյուր տեսակի պատասխան են տվել: Խմբագրելով, ստացվել է հետևյալ պատկերը` կանանց բացի սոցիալական խնդիրներից մտահոգում են նաև Ղարաբաղի, ժամանցի վայրերի ստեղծման, բարեգործության, ծերերի նկատմամբ ուշադրության, երեխաներին և քաղաքի մաքրությանն առնչվող հարցեր:

Կարծում եմ,որ  եթե Հայաստանում կյանքը մի փոքր ավելի բարեկեցիկ դառնա, գենդերային պահանջներն ի հայտ կգան և իրենց կարևոր դերը կզբաղեցնեն մեր հասարակական  կյանքում, իսկ առայժմ նման բան չկա: Այլ բան է, երբ  հարցման ժամանակ հատուկ հարց է հնչում զուտ գենդերային խնդրի վերաբերյալ: Այդ ժամանակ  կանայք  «ուշքի են գալիս» նաև գենդերային արդարության առումով…

 

–         Գուցե արդեն անիմաստ է ենթադրություններ անել, բայց  եթե նախագահական ընտրություններում կին թեկնածու ունենայինք, ապա ինչպիսի՞ քարոզարշավ կարելի էր ակնկալել նրանից, որ կարողանար գրավել ընտրողներին:

 

-Դժվար է ասել: Նախ կինը պետք է ցույց տար, որ իր կենսագրությամբ, իր պատրաստակամությամբ այն մարդն է, ով իրոք հիմք ունի հավակնելու պետության ղեկավարի պաշտոնին: Նա պետք է ինչ-որ մի տեղ նկատված լինի, գոնե խորհրդարանական աշխատանքում փորձ ունենա, բացի այդ, պետք է ցույց տա, որ տղամարդկանց զգալի մասը նրանից ավելի ցածր աստիճանում է գտնվում: Եթե մենք նայում ենք, թե Հայաստանում ով կարող է նման պաշտոնին հավակնել, ապա կարծում եմ՝ Հրանուշ Հակոբյանը, ով երկար տարիներ պետական պաշտոններ է զբաղեցնում և բավականին հաջող ղեկավար է: Այսօր կուսակցություններում ևս կան երիտասարդ կանայք, ովքեր լավ աշխատելու դեպքում հետագայում կարող են իրենց թեկնածությունն առաջադրեն: Կարծում եմ՝ Հայաստանում կան այնպիսի պատրաստված, գրագետ, քաղաքականապես հասուն կանայք, որոնք կարող են շատ լուրջ մասնակցություն և ներգրավվածություն ունենալ քաղաքական գործընթացներին: Ի վերջո նախագահ չեն ծնվում, նախագահ չեն դառնում, այլ նախագահ դարձվում են:

 

-Փորձել եք պարզել որքանով է մեր հասարակությունը պատրաստ կնոջը տեսնել նախագահի պաշտոնում և արդյո՞ք պատրաստ է ձայն տալ  կին թեկնածուին:

 

–         Մենք նման հարցում անցկացրել ենք, որի համաձայն՝ ամեն երրորդը միայն կքվեարկի կին թեկնածուի օգտին: Իսկ 2/3-ը, քանի որ իրեն ոչ լիարժեք  է զգում, ապա գտնում է, որ բոլոր կանայք էլ իր նման ոչ լիարժեք են, ուստի չեն կարող երկիրը ղեկավարել:  Այսինքն, միայն երրորդ կինն է ամեն հարցում իրեն լիարժեք զգում: Կինը պետք է կարողանա իր շրջապատում մթնոլորտ փոխի, պետք է կարողանա ցույց տալ, որ ինքը որոշում կայացնող է և խորհրդատվության մեծ կարիք չունի:

Կանայք առաջինը պետք է հավատան, որ իրենք ունակ են, իսկ մենք բոլորս էլ պետք է  վստահ լինենք և ընդունենք, որ կինը կարող է առաջնորդ լինել:

 

Ժամանակին մենք զարմացանք, երբ Մարգարետ Թետչերը դարձավ Մեծ Բրիտանիայի  վարչապետ: Հետո իմացանք, որ նրան այդ պաշտոնին պատրաստել են դեռ 15 տարեկանից սկսած: Նա լավ կրթություն է ստացել, կուսակցական, խորհրդարանական կարիերա  է արել, և իր ազգաբնակչությունը զգացել է, որ Թետչերը մտածող կին է և կարող է երկրի առաջ ծառացած հարցերին ճիշտ լուծումներ տա:

 

 

Մարիաննա Ղահրամանյան

Մերի Մարգարյան 

Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

Gallup organization. «Ընտրություններին մասնակցելու մտադրությամբ կանայք ու տղամարդիկ գրեթե հավասար են»

 

Gallup International: «Հայ կանանց 7 տոկոսը պատրաստ է ստանձնել նախագահի պաշտոնը»

 

Գենդերային պառակտումը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում

 

 

 

 

Դիտումների քանակը` 3866

Գլխավոր էջ