Լիլիթ Զաքարյան. «Ծրագրերի մեծ մասը ոչ թե գենդերային չեզոք են, այլ գենդերային կույր»
Նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի գենդերային վերլուծությունը WomenNet.am- ի խնդրանքով ներկայացնում է փորձագետ Լիլիթ Զաքարյանը:
-Տիկին Զաքարյան, տարիներ շարունակ դուք հետևել եք ընտրություններին ոչ միայն որպես քաղաքացի, ընտրող, այլև որպես գենդերային փորձագետ: Ի՞նչ կարող եք ասել այս ընտրությունների մասին, ինչո՞վ են դրանք տարբերվում:
– Եթե նկատի ունեք գենդերային տեսակետից, ապա պետք է հիասթափեցնեմ՝ դրանք գրեթե չեն տարբերվում նախորդ ընտրություններից:
-Իսկ դուք ինչ-որ սպասելիքներ ունեի՞ք:
– Անկեղծորեն ասած ոչ մեծ: Խորհրդարանական ընտրությունների նախօրյակին սպասելիքները ավելի մեծ էին: Մտածում էինք անցած՝ 2007 թ. ընտրություններից հետո շատ բան է փոխվել՝ Հայաստանը ընդգրկվել է Արևելյան գործընկերության ծրագրում, որի գենդերային բաղադրիչը բավական հզոր է, կառավարության կողմից ընդունվել է գենդերային քաղաքականության պետական հայեցակարգը, 2011-2015 թթ. գենդերային ռազմավարական ծրագիրը, պետական այրերի ելույթներում 2009 թ. հայտնվել է գենդերային դիսկուրսը: Այնպես որ սպասելիքներ կային: Սակայն խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ դեռևս վաղ է խոսել կուսակցությունների կողմից գենդերային քաղաքականության խորը ընկալման մասին : Նախագահական ընտրությունները ուղղակի հաստատեցին արդեն պարզ դարձաց իրողությունը:
–Կարող եք ավելի մանրամասնել, ավելի հանգամանորեն անդրադառնալ նախագահի թեկնածուների ծրագրերի գենդերային բաղադրիչին:
– Կարծում եմ, դուք դա չափազանց ճոխ անվանեցիք՝ «գենդերային բաղադրիչ»: Իրականում ծրագրերի մեծ մասը ոչ թե գենդերային չեզոք են, այլ գենդերային կույր: Հետաքրքիր է նաև, որ գենդերային մոտեցումները հաճախ քողարկված են ներկայացված: Այնուամենայնիվ, անդրադառնամ որոշ ծրագրերում տեղ գտած մոտեցումներին:
Գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում մեծ ուշադրություն է հատկացվում ընտանիքին, մայրական առողջությանը, ծնելիության խթանմանը, մայրական կապիտալի համակարգի ստեղծմանը: Տնտեսական մասում ուշագրավ կետ կանանց ձեռներեցության խրախուսման վերաբերյալ: Կանանց աջակցության է ուղղված նաև «Մարզերում կառուցելու ենք նոր մանկապարտեզներ» ծրագրային կետը: Դրա հետ մեկտեղ որևէ խոսք չկա քաղաքական ասպարեզում կանանց մասնակցության խրախուսման մասին:
Մի կետ կա, որը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել . «Արդար պետությունը պարտավոր է բոլորի համար երաշխավորել հնարավորությունների հավասարություն» : Ենթադրվում է , որ խոսքը գնում է նաև սեռերի հավասար հնաարվորությունների մասին, բայց, օրինակ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական նախընտրական ծրագրում նույն դրույթը ներկայացված էր ոչ թե սեռերի, այլ համայնքների, հաշմանդամների, երիտասարդների համատեքստում:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրում մայրության պաշտպանության և ծնելիության խթանման դրույթների կողքին հետաքրքիր քողարկված մեսիջ կա խտրականության վերաբերյալ՝ «Համատարած գործազրկության պայմաններում միջին և ավագ տարիքի քաղաքացիներից շատերն աշխատանք փնտրելիս ենթարկվում են թաքնված տարիքային ու սեռային խտրականության, քանի որ գործատուներից շատերը նախընտրում են երիտասարդ տարիքի աշխատողների»:
Նույնատիպ քողարկված գենդերային խնդիր կարելի է տեսնել մյուս հատվածում. ՛՛Ընտանիքներից շատերը տրոհված են կամ կանգնած են քայքայման եզրին ընտանիքի կերակրողի` արտագնա աշխատանքի մեկնելու և երեխաների դաստիարակության ծանր բեռը կողակիցներին կամ տարեց ծնողներին թողնելու պատճառով՛՛:
«Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանի ծրագրում ծնելիության խրախուսման հետ մեկտեղ կա հետևյալ դրույթը. « Վճարովի զինծառայությունը հայրենիքին ծառայելու պահանջարկ կստեղծի ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց մի մասի մոտ (կամավոր զինվորական ծառայություն)։ Արդյունքում բանակում (կանացի գնդերում) ծառայելու հնարավորություն կստանան երիտասարդ կանայք»։
Ինչ վերաբերվում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նախագահական ծրագրին, ապա այն այլ կառուցվածք ունի, նվիրված է քաղաքական համակարգի բարեփոխման հարցերին, ուստի որևէ այլ հարց նրանում քննարկված չէ: Ճիշտ է բաժնեմասեր կան նաև նվիրված մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը, սակայն դրանք գենդերային առումով կույր կարելի է անվանել:
–Ինչո՞վ եք դուք բացատրում այն փաստը, որ գենդերային քաղաքականության դրույթները դեռևս տեղ չեն գտնում նախընտրական ծրագրերում, լինեն դրանք խորհրդարանական թե նախագահական:
– Թեկնածուներն և կուսակցությունները միայն այն դեպքում կներառեն գենդերային հիմնահարցերը իրենց ծրագրերում, երբ կզգան կանանց հանրության և գենդերային զգայուն ԶԼՄ-ների ճնշումը:Կարծում եմ բեկումը հնարավոր է միայն կանանց հասարակական շարժման հզորացման դեպքում, ինչը մոտ ապագայում սպասելի չէ, քանի որ դեռևս թույլ է ձևավորված քաղաքացիական հասարակությունն ընդհանրապես:
Զրուցեց՝ Լիլիթ Քոչինյանը
Դիտումների քանակը` 4864