«Կանանց օրակարգը» ներկայացված է. սպասում են արձագանքի

 

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան հրապարակել է

 կազմակերպության կողմից ձևավորված

«Կանանց քաղաքական օրակարգը» ՀՀ  նախագահի 2013 թվականի ընտրություններում :

 

Կարևորելով  2013 թ. նախագահական ընտրությունները թե՛ կանանց  պատասխանատվության,  թե՛  երկրի համար կարևոր քաղաքական գործընթացների վրա նրանց ազդեցության ուժեղացման տեսանկյունից  Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի լիդերներն ու ակտիվիստները ձևավորել են «Կանանց քաղաքական օրակարգը»` ներառելով ազգային անվտանգության, սոցիալական արդարության, երկրի բարօրության հարցերը:

 

Օրակարգը՝ Ասոցիացիայի Երևանի և բոլոր մարզերի 25 մասնաճյուղերում  տեղի ունեցած քննարկումների արդյունք է: Ներկայացնելով օրակարգը Ասոցիացիան դիմում է նախագահի թեկնածուներին  հետեւյալ կոչով.

 

 

«Ամփոփելով առաջադրված հիմնախնդիրները և բարձրացված հարցերը` Ձեզ ենք ներկայացնում դրանցից առավել կարևորները` ակնկալելով կանանց հանրությանը հուզող հարցերի Ձեր պատասխանները, որոնք հնարավորություն կտան կողմնորոշվելու փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ»:

 

 

Օրակարգի մեջ ներառված են հետեւյալ հարցադրումները.

 

1.Նախագահ  ընտրվելու դեպքում  ո՞րն  է  լինելու Ձեր քաղաքականությունը աղքատությունը նվազեցնելու ուղղությամբ:

 

 

2. Մեր երկրի առաջիկա տարիների զարգացման առաջնահերթությունների շարքում նշված է արդյունաբերության զարգացումը: Ընտրվելու դեպքում ի՞նչ քայլեր կձեռնարկեք թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար աշխատելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ

 

Խնդրում ենք ներկայացնել Ձեր ծրագրերը` ուղղված արդյունաբերական այնպիսի ճյուղերի վերականգնմանը և զարգացմանը, ինչպիսիք են թեթև արդյունաբերությունը (մասնավորապես` տեքստիլ  և սննդի արդյունաբերությունը), ճշգրիտ սարքաշինությունը և ռադիոէլեկտրոնիկան, ինչը կնվազեցներ կանանց շրջանում գործազրկությունը, հատկապես` մարզային քաղաքներում, որտեղ աղքատությունը մոտ 44% է:

Ի՞նչ մոտեցում ունեք ազգային արհեստների զարգացման միջոցով գյուղական վայրերում սեզոնային գործազրկության կրճատման և քաղաքներում կանանց տնայնագործության մեջ ընդգրկելու խնդրի առնչությամբ:

 

 

3. Ընտրվելու դեպքում ո՞րն է լինելու Ձեր քաղաքականությունը ծնելիության խթանման և հայ ընտանիքի արժեքների  վերականգնման հարցում:

 

Պատրա՞ստ եք արդյոք խնդիր դնելու ՀՀ կառավարության առջև` սահմանել միանվագ պետական նպաստ 300000 դրամի չափով առաջին և երկրորդ ծնված երեխաների համար, իսկ երրորդ երեխայից սկսած` միանվագ նպաստը հասցնել մինչև 1000000 դրամի՝ անկախ այն հանգամանքից` ընտանիքը հաշվառված է «Ընտանեկան նպաստ» համակարգում, թե ոչ:

Պատրա՞ստ եք արդյոք նախաձեռնել սահմանամերձ բնակավայրերում ծնված երեխաների համար տրվող  նպաստի ինդեքսավորման ծրագիր:

 

 

4. Համաձա՞յն եք, որ կրթության համակարգը լուրջ, բայց միանգամայն այլ սկզբունքներով վերակառուցման կարիք ունի: Նախագահ ընտրվելու դեպքում ի՞նչ քայլեր կձեռնարկեք, որպեսզի կանխվի հանրակրթության` ազգային շահերին չհամապատասխանող վերակառուցումը:

Պատրա՞ստ եք արմատական միջոցառումներ ձեռնարկել կրթության ոլորտում ուսուցչական կազմի գենդերային հավասարակշություն ապահովելու և արական սեռի դաստիարակության հատուկ ծրագրերի մշակման ուղղությամբ:

 

 

5. Պատրա՞ստ եք արդյոք միջոցներ ձեռնարկել, որպեսզի նախադպրոցական հիմնարկների՝ ապօրինի օտարված և այլ նպատակներով օգտագործվող կառույցները վերադարձվեն նախադպրոցական հիմնարկներին:

 

 

6. Նախագահ ընտրվելու դեպքում ի՞նչ քաղաքականություն եք վարելու՝ ուղղված քաղաքական և հայեցողական պաշտոններում կանանց ներկայացվածության ավելացմանը:

Պատրա՞ստ եք արդյոք նախաձեռնելու օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերեն գենդերային հավասարության ապահովման իրական մեխանիզմներին:

 

 

7. Նախագահ ընտրվելու դեպքում ի՞նչ քաղաքականություն եք վարելու՝ ուղղված տեղական ինքնակառավարման մարմիններում ժողովրդավարության զարգացմանը, ինչպես նաև կանանց ներկայացվածության ավելացմանը:

 

 

 

 

«Մենք դիմում ենք ՀՀ նախագահի թեկնածուներին` խնդրելով ծանոթանալ  «ՀՀ նախագահի 2013 թ. ընտրություններում «Կանանց քաղաքական օրակարգին» և ներկայացնել բարձրացված խնդիրների լուծման իրենց մոտեցումները:Մենք համոզված ենք, որ «Կանանց քաղաքական օրակարգը» հնարավորություն կտա լսելի դարձնելու կանանց ձայնը, և շատ հարցեր լուծում կստանան», – ասված է օրակարգի տեքստում:

 

 

Օրակարգի տեքստին եւ հիմնավորումներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ  այստեղ:

 

 

 

Դիտումների քանակը` 4117

Գլխավոր էջ