Գայանե Ասրյան. «Գյուղի կնոջ խնդիրները շատ են, բայց` լուծելի»

 

«Գյուղի կնոջ կյանքը միշտ էլ դժվար է եղել, բազմաթիվ խնդիրներ են հաղթահարում, բայց ասօր կնոջ զբաղվածության հարցը առաջնային հիմնախնդիրներից մեկն է», -ասում է Հալիձոր համայնքի ավագանու անդամ Գայանե Ասրյանը՝ ներկայացնելով գյուղի կանանց պատգամը նախագահի թեկնածուներին:  Նրա խոսքերով, խնդրի մասին հաճախ են տարբեր  հանդիպումների, միջոցառումների ընթացքում խոսում, քննարկում, բայց դրանից իրավիճակն էապես չի փոխվում:

 

–          Շատ հաճախ, երբ գյուղում աշխատատեղերի ստեղծման հարցն ենք բարձրացնում,  շատերին թվում է, որ հսկայական ձեռնարկությունների գործարկման մասին է խոսքը, ամենևին էլ` ոչ, պարզապես  ուզում  ենք գյուղատնտեսության զարգացման  աշխատանքներին ներգրավված լինել, նշում է ավագանու անդամը:

 

Նրա խոսքով, թեև թեկնածուներից ոչ ոք իր նախընտրական ծրագրերում շեշտադրում չի արել գյուղի կանանց հիմնախնդիրների  լուծման առումով, բայց կանայք հավատում են և հույսեր կապում, որ նրանց հուզուղ հիմնահարցերն ի վերջո ուշադրության կենտրոնում կհայտնվեն: Գայանե Ասրյանը համոզված է` եթե լինեն թեկուզ  փոքր ներդրումներ, արդյունքն ակնհայտ կլինի:

 

–         Կանայք կարող են  ստեղծել իրենց փոքրիկ տնտեսությունը, աշխատել մեծ հետևողականությամբ, զարգացնել այն: Դրանով կլուծվի ոչ միայն զբաղվածության , նաև  գյուղատնտեսության զարգացման խնդիրներից մեկը:Կարելի է կանանց խրախուսել  ցածր վարկերի միջոցով իրենց փոքրիկ տնտեսությունը հիմնադրել, աջակցել  բանջարաբոստանային կուլտուրաների մշակման հարցում:

 

 

Տիկին Գայանեի խոսքերով, գյուղում բոլորը մշակում են ամեն ինչ, մի քիչ կարտոֆիլ են ցանում,  մի քիչ լոլիկ ու վարունգ, խառը բանջարեղեն, որոնք ոչ թե եկամուտ են բերում, այլ ընտանիքներին ապրելու հնարավորություն են տալիս: Մինչդեռ, ներդրումների պարագայում,  հնարավոր է և մեկը, և մյուսը:

 

–         Մի ընդհանուր ծրագիր է պետք, խրախուսել, որ յուրաքանչյուրը զբաղվի  որևէ տեսակի բանջարաբոստանային կուլտուրաի մշակմամբ, մշակի ու վստահ լինի, որ մթերման հարցում խնդիր չի ունենա: Սակայն մինչ օրս որևէ մեկը նման առաջարկով հանդես չի եկել:

 

Ավագանու անդամը գյուղի կանանց խնդիրների լուծումը ավելի շատ ոչ թե կոնկրետ թեկնածուից  է ակնկալում, այլ այն հանգամանքից, որ կանանց ներգրավվածությունը  տեղական որոշումների կայացման մակարդակում ավելանա, ինչը, իր խոսքով,  հույս է ներշնչում, որ հենց նրանք  էլ կկարողանան  գյուղի կնոջ ձայնը հասանելի  դարձնել համապատասխան ատյաններում:

 

–         Մեր գյուղում ընտանիքներ կան, որոնցում 3 կին է ապրում` հարս , սկեսուր, սկեսուրի սկեսուր, դժվար է.  3 կին մի տան մեջ` անգործ,  եթե մթերման կետեր լինեին, գյուղատնտեսական նշանակության փոքր  կոոպերատիվներ, որտեղ կանայք կարող են աշխատել , հրաշալի կլիներ:   Գյուղում դեռ շատ խնդիրներ կան չլուծված` հատկապես գազաֆիկացման հարցը  երազանքի պես հուզում է յուրաքանչյուրին: Ամեն դեպքում մշտապես մի փոքրիկ հույս լինում է , որ երբևէ կլինի այնպես, ինչպես մենք ենք ուզում, հիմա  նախընտրական  գործընթացների հետ կապված են հույսեր փայփայում, որ կարող են իրականություն դառնալ…

 

Զրուցեց՝ Իրինա Յոլյանը

Դիտումների քանակը` 3844

Գլխավոր էջ